Հենց վերջերս, փետրվարի 24-ին, Կիպրոսում կոմունիստական ԱԿԵԼ կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին նախագահ Դեմեդրիս Խրիստոֆիասը նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրվեց երկրի նախագահ: Նա փաստորեն այդ պաշտոնին հասավ առաջին փուլի արդյունքներով 3-րդ դիրքը գրաված շրջանավարտ նախագահ Թասոս Պապադոպուլոսի Դեմոկրատական կուսակցության հետՙ ընդդեմ 2-րդ փուլ անցած աջակողմյան Իոաննիս Կասուլիդեսի դաշինք կազմելով, նախապես խորհրդարանի խոսնակի պաշտոնն իր նոր դաշնակցին զիջելու պայմանով (ի դեպ, շատ հավանական է, որ այդ պաշտոնը ստանձնի մեր հայրենակից Ջ. Կարոյանը): Այսպիսով, Կիպրոսում արձանագրվեց քաղաքական մի գործառույթ, որը շատ սովորական է եվրոպական երկրներումՙ հաճախ անսպասելի, բայց տրամաբանական կոնֆիգուրացիաներով:
Նման բան երեկ տեղի ունեցավ նաեւ մեր երկրում, անշուշտ տեղայնացված տարբերակով, ընտրությունների առաջին իսկ փուլի ավարտին: Կատարելով ընդլայնված կառավարություն կազմելու իր խոստումը եւ, այդպիսով, մեծապես թուլացնելով հետընտրական ճնշումներն իր վրա, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնագիր կնքեց ընտրությունների արդյունքում 3-րդ դիրքը գրաված ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետՙ Հանրապետական-Բարգավաճ երկկողմ կոալիցիան վերածելով եռակողմի, գեթ առայժմ: Թե որքանով էր այդ քայլը պահի թելադրանքՙ կերեւա հետագայում: Սակայն, մինչ այդ արձանագրենք, որ մեր երիտասարդ անկախության պատմության մեջ սա առաջին նախադեպն է, երբ ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած կողմը պատրաստակամություն է հայտնում իշխանությունից բաժին հանելՙ եթե ոչ զուտ ընդդիմադիր, ապա գոնե ոչ իշխանական մի ուժի:
Առայժմ զերծ մնալով ընդլայնված կոալիցիոն համաձայնությունից հնարավոր դժգոհներինՙ իշխանական նոմենկլատուրայի, ՀՅԴաշնակցության եւ նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ շերտերի շահագրգռություններին անդրադառնալու գայթակղությունից, պետք է շեշտել, որ այդ համաձայնությունը մեծացնում է ներքին վստահության դրամագլուխը նորընտիր նախագահի նկատմամբ: Մյուս կողմից, միջազգային շրջանակների հարգանքը մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ: Ներքաղաքական ճգնաժամից սեփական ջանքերով դուրս գալու հասունությունը գնահատելի է բոլորի կողմից:
Մնում է անհաշտ ընդդիմությանՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքային շարժման պարագան, որը, ինչ խոսք, նպաստեց Սերժ Սարգսյանին եւ նրան աջակցող նոմենկլատուրային ուժերին միահեծան իշխելու մոլությունից ձերբազատմանը: Այս դրական գնահատականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին մնում է սեփական ջանքերով քաղաքական պայքարի այլ ուղիներ գտնելու (կամ չգտնելու) ընտրանքը, առանց վտանգավոր ջղաձգումների: Երկրի կենսագործունեությունը եւ քաղաքական գործընթացները չի կարելի պատանդ պահել երկար ժամանակ:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ