«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Արթուր Բաղդասարյանը կլինի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի գործող վարչապետ եւ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը երեկ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, ըստ որի Արթուր Բաղդասարյանին եւ նրա գլխավորած «Օրինաց երկրին» առաջարկվում է Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մաս կազմել ապագա կոալիցիոն կառավարության: Համաձայնագիրը ստորագրելուց հետո հայտնելով այդ մասին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանին առաջարկվելու է ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

«Անվտանգության խորհրդի քարտուղարը մեր երկրի 3-4-րդ կարեւոր պաշտոնն է: Այն հնարավորություն է տալիս տիրապետելու ողջ տեղեկատվությանը եւ մասնակցություն ունենալու բոլոր բնագավառներում տեղի ունեցող գործընթացներին: Սա նաեւ հնարավորություն էր տալիս ձեւավորելու անվտանգության խորհուրդ իր աշխատակազմով եւ ողջ լիազորություններով, ինչը դրական ազդեցություն կունենա մեր պետական, հասարակական, քաղաքական կյանքում», ասաց Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ նա նշեց, որ ասվածը չի նշանակում, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը չի մասնակցելու այդ կոալիցիային: «Կարծում եմ, որ Դաշնակցությունից պաշտոնապես կստանանք առաջարկություն եւ լավ կլինի, որ կոալիցիան լինի քառակողմ»:

Արթուր Բաղդասարյանը նույնպես կարեւորեց այս համաձայնագիրը: Նա ընդգծեց, որ 2008-ի նախագահական ընտրություններում իրենք (Սերժ Սարգսյանն ու ինքը) հավաքել են 1 մլն 150 հազար ձայն, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70 տոկոսը: Ըստ Արթուր Բաղդասարյանի, այս համաձայնագիրն իր համար կարեւոր է նրանով, որ «կա լուրջ պատրաստակամություն համադրելու մեր նախընտրական ծրագրերը, երկրում իրականացնելու մեծ դրական փոփոխություններ»: Որպես օրինակ նա նշեց այն դրույթը, որ առաջիկա հինգ տարում պետք է ամեն ինչ արվի, որ Գյումրիում չլինեն ժամանակավոր տնակներ: Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ այս համաձայնագիրը համաձայնեցված է իր ղեկավարած կուսակցության քաղաքական խորհրդի հետ, եւ շնորհակալություն հայտնեց «նորընտիր նախագահին» համագործակցության առաջարկի համար: ՕԵԿ ղեկավարը խոստացավ իր գործունեությամբ ապացուցել, որ «համատեղ դաշինքը փաստարկված է եւ նպաստելու է մեր երկրի զարգացմանը»:

Վերջում Սերժ Սարգսյանն այն կարծիքը հայտնեց, որ այս համաձայնագիրը որեւէ մեկի համար տարօրինակ չէ, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո էլ կազմվեց կոալիցիոն կառավարություն եւ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ինքը ասել է, որ կհամագործակցի բոլոր կարող ուժերի հետ երկրի զարգացմանը նպաստելու համար:

Կասկած չկա, որ երեկվա համաձայնագիրը ոչ միայն օրվա, այլեւ հետընտրական շրջանի ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն էր, որին կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4