«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ՈՉ ՄԱՅԴԱՆ, ՈՉ ԷԼ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ...

Մի երկու օր մեկ ժամ լույս ունենալը գուցե թարմացնի՞ հիշողությունը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր չափը չափազանցն է, մեր սահմանը` ծայրահեղության մեջ: Այս խոսքերն ասվել են անցյալ դարում որպես հայի կերպարի բնութագրական, բայց այնքան արդիական են: Ցավոք, ավելի շուտ, հաճելի կլիներ նման բնութագրական տալ, երբ դա վերաբերեր, օրինակ, արվեստին, գիտությանը, գրականությանը, երաժշտությանը: Բայց այս դեպքում մեր ծայրահեղությամբ քիչ է մնում միտինգային հայկական «ֆենոմեն» ձեւավորենք:

Ազատության հրապարակում երեկ էլի հանրահավաք էր, ու չնայած ոստիկանությունը մաքրել էր հարակից փողոցները ավտոմեքենաներից, ինչը վաղուց պիտի արվեր, հրապարակում ոչ մարդ էր ավելացել, ոչ էլ, հանուն օբյեկտիվության պետք է ասել, պակասել:

Դրա փոխարեն տերպետրոսյանական հարթակից հնչող բարձրաձայնումները նախ վերաբերում էին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առնչությամբ տարածված տեղեկությանը, թե վերջինիս հրաժարականը նախագահ Քոչարյանը չի ընդունել: Իսկ Հայկ Հարությունյանն իբր հրաժարական է ներկայացրել, քանի որ հրաժարվել է կատարել հանրահավաքայիններին ցրելու Քոչարյանի բանավոր հրամանը:

Ապատեղեկատվությունը նոր որակ չէ Ազատության հրապարակի հարթակից հնչող հայտարարություններում: Նոր չեն նաեւ այս կամ այն կուսակցությունների, այսպես կոչված, անդամատոմսեր պատռելու տեղեկությունները, որ ավելի շուտ շոուի մաս են կազմում, քանի որ այդպիսի անդամատոմսեր մեզանում հայտնի ու անհայտ շատ կուսակցություններ են առատորեն բաժանել` սեփական համախոհների քանակը հնարավորինս մեծ ներկայացնելու պարզունակ նպատակով:

Իսկ երեկ նման «համարձակության» եւ «սկզբունքայնության» օրինակներ բերեցին «Օրինաց երկիր» կուսակցության անդամատոմսեր ունեցողները` նկատի ունենալով երեկ իսկ Սերժ Սարգսյանի հետ Արթուր Բաղդասարյանի կնքած քաղաքական համաձայնությունը:

Մի հարցնող լինի, թե այդ կուսակցական տոմսեր պատառոտողները որքանո՞վ են ներկայացրել այդ կուսակցությունը: Մյուս կողմից էլ, հարյուր հազարավոր անդամներից խոսող կուսակցություններն էլ թող դաս առնեն, որ ում ասես` անդամության տոմս չբաժանեն... Գոնե սա առիթ դառնա, որ չառաջնորդվեն «քանակը որակ է» սկզբունքով:

Հետո Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշել է իր նախորդ օրն ու էլի հիշեցրել արեւմտյան երկրների ու դրանց նման մյուսների անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ: Իսկ թե աշխարհիս հայտնի ի՞նչ ռեժիմների բռնապետության հետ է ԼՏՊ-ն համեմատում մեր իրականությունը, այնքան էլ կարեւոր հանրահավաքային երեւույթ չէ:

Ինչեւէ, առավել տպավորիչ էր մարդկային այն հոսքը, որ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով հայտնվեց Հանրապետության հրապարակում, հասավ մինչեւ Ֆրանսիայի դեսպանատուն եւ Վազգեն Սարգսյանի փողոցով կրկին բռնեց Ազատության հրապարակի ճանապարհը: Տպավորիչ էր, իսկապես, որ այդքան մարդիկ երթի էին դուրս եկել ու «Լեւոն» վանկարկումներին ավելացնում էինՙ «Սերժիկ, հեռացիր» եւ «դավաճան Արթուր»:

Վերջինս, թերեւս, տպավորության բացառապես անհասկանալի պահն էր, քանի որ, որքան հիշում ենք, նույն այդ պոպուլիստ Արթուր Բաղդասարյանը հավատարմության երդում չի տվել ոչ մեկին ճիշտ այնպես, ինչպես այդպիսի երդում չի տվել որեւէ մեկը: Չնայած եթե ավելի հստակեցնենք, քաղաքականությունը սովորական է դարձնում ինչպես երդում տալն, այնպես էլ երդմնազանցությունը:

Ինչ-որ բան իսկապես բազմաթիվ մարդկանց այսօր առաջնորդեց Երեւանի կենտրոնով, միավորեց, բայց ոչ ԼՏՊ-ն: Թերեւս դժգոհությունը, որ հիմքն է այդ կերպ արտահայտվելու: Ուրեմն հարկն է եւ ժամանակը հաշվի առնելու, թե ինչից են դժգոհում ՀՀ քաղաքացիները: Այլապես այդ դժգոհությունը կօգտագործվի ի չարս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4