Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը ճգնաժամի լուծում է
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում լավ էր, որ բոլոր քաղաքական ուժերը կարողացան արտահայտել իրենց կամքը, նրանց քաղաքական կուրսի լուսաբանումն էլ գրեթե հավասար էր: Այսպիսի կարծիք հայտնեց երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) հյուրընկալված քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը: Քեռյանի մոտեցումները բավականին յուրօրինակ էին այն հիմքով, որ ավելի շուտ տեսական երեւույթներ էին ներկայացնում, քան այն, ինչ ՄԱԱ-ն «Հրատապ թեմա» խորագրով ցանկացել էր պարզաբանել, այն է` Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու ճգնաժամի հավանականությունը:
Մասնավորապես, քաղաքագետը գտնում է, թե նախագահական այս ընտրություններում ընտրողները քվեարկում էին ոչ թե գաղափարական ազդեցությունների տակ, այլ ավելի պրագմատիկորեն` գերադասելով կայունությունը, երկրի անվտանգությունը: Եվ դա, ըստ Քեռյանի, լավ էր: Իսկ վատ էր, որ սկզբում քիչ, հետո` ավելի շատ, քաղաքական պայքարում գերակշռեց կոմպրոմատը, որի ճամփաբաժինն այնքան շատ էր, որ, քաղաքագետի խոսքերով, կորցրեց իր ազդեցությունը:
Ինչպես 1996-ի, 1998-ի, 2003-ի ընտրություններում, այնպես էլ այս անգամ, Քեռյանի մատուցմամբ, ընդդիմությունը չընդունեց իր պարտությունը, չշնորհավորեց հաղթողին: Սրա հետեւանքն էլ այն է, որ Հայաստանի առաջին նախագահը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները, եւ եթե հաշվի առնվի նաեւ նրան տրված 350000 ձայնը, ապա դա լուրջ առճակատում է ստեղծում հասարակության մեջ: Հանրահավաքների ձեւով փաստորեն ընդդիմության մի հատվածը շարունակում է իր ընտրական մասնակցությունը:
Ստեղծված իրավիճակը ճգնաժամ է, թե՞ ոչ` Գարիկ Քեռյանը չի շտապում որակել, քանի որ դեռ առջեւում սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների քննարկումն է: Թերեւս ելնելով ՍԴ կողմից ընտրական արդյունքների հրապարակված տվյալների ընդունումից, ինչը դեռ պարզ չէ, Քեռյանը հետագա զարգացումների առումով նշեց, որ եթե ընդդիմության հանրահավաքներ անցկացնող հատվածը չհամակերպվի, արդեն հաստատապես քաղաքական ճգնաժամ կունենանք:
Քաղաքագետը իրավիճակի հաղթահարման հավանական լծակ որակեց ընդդիմությանը վարչապետ Սերժ Սարգսյանի համագործակցության կոչը, որն արդեն իսկ ընդունել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ի շահ «իշխանություն գումարած ընդդիմություն» հնարավոր կոալիցիայի, քաղաքագետը մի շարք երկրների օրինակներ բերեց, ավելացնելով, որ դա եւս ճգնաժամի հաղթահարման միջոց է:
Ինչեւէ, ելքը երկխոսությունն է, այն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանության միջեւ, այլապես հավանական կարող է դառնալ 2003 թվականի պերմանենտ միտինգների սցենարը, երբ դրանք գնալով մարեցին: Ընդ որում, բնավ էլ պետք չէ դիտարկել, թե ԼՏՊ-ն համոզված է իր հաղթանակի մեջ եւ չի գնա երկխոսության:
Առավել հետաքրքրական էր, որ Քեռյանը նշեց այն ընդհանուր դիտարկումը, թե ԼՏՊ-ն սխալ վարվեց` բաց թողնելով խորհրդարանական ընտրությունների պահը, որին մասնակից լինելու դեպքում եթե նույն 350000 ձայներն ունենար` կձեւավորեր խմբակցություն եւ կոալիցիոն գործունեության ավելի լավ պայմաններ կունենար: Ինչ վերաբերում է նոր ԱԺ ընտրություններ անցկացնելուն, ապա դա, ըստ քաղաքագետի, շռայլություն կլինի եւ շատ մեծ զիջում:
«Ազգի» հարցին, թե ինչպես կարելի է պատկերացնել հայհոյախոսող, վիրավորանքներով հանդես եկող կողմերի դեպքում իշխանություն-ԼՏՊ կոալիցիա, քաղաքագետը պատասխանեց, որ քաղաքականությունը յուրօրինակ երեւույթ է եւ շատ շուտ են մոռանում, թե ինչեր են ասել: Քեռյանն ընդհանրացրեց, թե քարոզարշավները կոմպրոմատներով են ընթանում շատ երկրներում, օրինակ, Մոնիկա Լեւինսկու դեպքը Քլինթոնի պարագայում: «Ազգի» հարցին, թե սիրուհի ունենալը չի՞ ենթադրում քրեական պատասխանատվություն այն դեպքում, երբ մեր պարագայում կոմպրոմատներն արդեն իսկ դատական գործ են, Քեռյանը բերեց մայիսյան խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ քննադատության օրինակը, որի խիստ ֆոնի վրա ընթացավ քարոզարշավը, եւ Դաշնակցությունը դարձավ իշխանական կոալիցիայի միջնորդավորված մաս:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ