Անդրադառնալով Հայաստանի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աղմուկ հանած նամակին (անցյալ տարվա օգոստոսին), ուղղված Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին, «ԱՄՆ: Հայկական կյանք» անգլիալեզու պարբերականի գործադիր տնօրեն ու հրատարակիչ Աբո Ջաբարյանը հարց է տալիս, թե ի՞նչ է կատարվում Հովհաննիսյանների լոսանջելեսյան եւ երեւանյան տներում:
2006-ի սկզբներին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանն այժմ նվազ ժողովրդավարական է, քան Թուրքիան»:
Նրա թոռը` Րաֆֆիի որդի Կարինը 2007-ի հուլիսի 30-ին` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբում 106-րդ բանաձեւի անցկացման նախօրեին, «Վաշինգտոն թայմս» թերթում քամահրանքով գրել էր, որ «կոնգրեսական վատ որոշումները սկսել են դասվել Ֆիլիպ Լարկինի տափակ կատակների շարքը, որ իբր սեքսի մասին մարդիկ գաղափար չունեին մինչեւ 1963-ը, երբ մի կողմից «Չեթրլիի» վրա դրված արգելքը վերացվեց եւ մյուս կողմից «Բիթլզները» հրապարակ հանեցին իրենց առաջին սկավառակը»:
Ի դեպ, գրում է Ջաբարյանը, սա առաջին անգամ չէր, որ երիտասարդ Հովհաննիսյանը ծաղրանքով էր վերաբերվում իր նախնիների հիշատակին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիայում «ցեղասպանություն» բառը արտասանելու համար պաշտոնազրկվեց: Բայց շարունակեց մնալ Հայաստանում եւ հավակնում էր դառնալ երկրի նախագահ: Ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, եւ այդ ժամանակ հայրը` պրոֆ. Հովհաննիսյանը «ապտակ հասցրեց» Հայաստանին, ասելով, որ Թուրքիան ավելի ժողովրդավարական է, քան Հայաստանը: Թուրքամետ կողմնորոշումների ալիքը հիմա էլ հասել է Կարինին:
Եթե իրոք Թուրքիան առավել ժողովրդավարական երկիր է, ինչո՞ւ չի տեղափոխվում եւ իր քաղաքական ձգտումները փորձում իրագործել այնտեղ, հարց է տալիս հոդվածի վերջում Աբո Ջաբարյանը Աբդուլլահ Գյուլին ուղղված իր նամակով (2007-ի օգոստոսի 27-ին), Րաֆֆին ամբողջովին խորտակեց այն, ինչ մնացել էր Հայաստանում իր քաղաքական «կապիտալից»: «Ի՞նչ հանգամանքով էր նա շնորհավորական նամակ հղում Գյուլին. ոչ երկրի (Հայաստանի) նախագահն էր, ոչ էլ արտգործնախարարը», եզրակացնում է հոդվածագիրը: