«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ՈՎ ՀԱՂԹԵՑ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հետընտրական նարնջագույն գործընթաց

2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ԿԸՀ-ն հաղթող ճանաչեց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:

Դիտարկենք առավելագույն քվեներ ստացած թեկնածուների վարած ընտրարշավների պատկերը:

I. Վահան Հովհաննիսյան

Մեր կարծիքով, այս թեկնածուն պետք է փորձեր «խաղարկել» «ուժեղ» նոմինացիոն կերպար եւ գրավել այս կերպարի էլեկտորալ բազան (Վ. Հովհաննիսյանը ունի այս կերպարին բնորոշ տարրեր): Սակայն այս թեկնածուն, ինչպես նշել էինք «Ազգ» թերթում հրատարակված մեր նախորդ հոդվածներում, իր ընտրարշավի ընթացքում թույլ տվեց ռազմավարական սխալ. ոչ միայն չձեւավորեց իրեն համարժեք կերպար, այլեւ կատարեց իր անձի եւ ՀՅԴ-ի «նույնականացում»: Այս սխալն առավել ցայտուն ընդգծվեց ՀՅԴ-ի առաջադրած նախագահի թեկնածուների փրայմերիզի ժամանակ: Դաշնակցական լինելը կարող էր միայն ընդարձակել Վ. Հովհաննիսյանի կերպարը, բայց ոչ երբեք լինել նրա կերպարի միջուկը: Ինչպես եւ կանխատեսել էինք, ընտրարշավի այս ռազմավարությունը չփոխելու դեպքում սույն թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ կստանար ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի ստացած քվեներից շատ քիչ, առավել եւս, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի հիմնական կարգախոսըՙ «Կտրուկ բարձրացնենք թոշակները» (նաեւ ինչը ապահովեց ՀՅԴ-ին բազմաթիվ քվեներ), արդեն իրականացրեց Ս. Սարգսյանի կառավարությունը: Կարող ենք միայն փաստել, որ մեր կանխատեսումը (տես «Ազգ», 22.12.07 թ.) իրականացավ:

Հարկ ենք համարում նշել, որ Վ.Հովհաննիսյանը, ռազմավարական այս սխալից բացի, թույլ տվեց նաեւ մարտավարական սխալներ: Ահա դրանցից միայն մեկը: Ընտրարշավի ընթացքում թեկնածուն պարտավորագիր ստորագրեց մոտ 200.000 ընտրողի հետ: Սակայն, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվեր, անհրաժեշտ էր այդ ընտրողների նկատմամբ կիրառել ընտրարշավների ժամանակ օգտագործվող եւ «7 անգամ շփվելու» հոգեբանական օրենքը: Այսինքն` անհրաժեշտ էր 7 անգամ ուղղակի շփվել պարտավորագիր ստորագրած ընտրողների հետ, մասնավորապես. 1) թեկնածուի ստորագրությամբ շնորհակալական գրություններ ուղարկել բոլոր ստորագրողներին, 2) թեկնածուի քարոզչանյութերի ողջ փաթեթը (ծրագրեր, բուկլետներ եւ այլն) ուղարկել նրանց, 3) այդ ընտրողների նկատմամբ կիրառել հեռախոսային ագիտացիայի տեխնոլոգիան եւ այլն: Այս ամենը խիստ անհրաժեշտ էր անել, քանզի այս կամ այն թեկնածուի հնարավոր կողմնակիցը նրա հաստատուն կողմնակից է դառնում միայն այն դեպքում, երբ առնվազն 7 անգամ ուղղակիորեն շփվում է տվյալ թեկնածուի հետ: Իհարկե, եթե նույնիսկ Վ. Հովհաննիսյանը այս աշխատանքը ճիշտ կազմակերպեր, միեւնույն է, վերջինիս հաղթանակի հնարավորությունը բացառվում էր վերոնշյալ ռազմավարական սխալի պատճառով. ուղղակի թեկնածուն ընտրությունների ժամանակ էականորեն ավելի շատ ձայն կստանար: Թեկնածուի պարտությանը նպաստեց նաեւ «իշխանության մեջ ընդդիմություն» երեւալու (քաղաքական անորոշ կարգավիճակ) քաղաքականությունը: Նա զրկվեցՙ 1) տվյալ պահին սովորաբար միշտ գործող իշխանությունների օգտին քվեարկող էլեկտորալ խմբի աջակցությունից, քանզի փորձում էր ընդդիմադիր երեւալ, 2) Ս. Սարգսյանի հակաէլեկտորատի աջակցությունից, քանզի այս հակաէլեկտորատը նրան իշխանության ներկայացուցիչ եւ, բնականաբար, Ս. Սարգսյանի կողմնակից է համարում: Կարծում ենք, որ ՀՅԴ-ն հաջորդ անգամ ավելի մասնագիտորեն կմոտենա ընտրարշավի կազմակերպման հարցին: Իհարկե, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ զանգվածային ընտրախախտումների պայմաններում ընտրական մաքուր տեխնոլոգիաները այնքան էլ արդյունավետ չեն գործում, սակայն ամբողջովին հրաժարվել այդ տեխնոլոգիաներից, նույնպես ճիշտ չէ:

II. Արթուր Բաղդասարյան

Այս թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ գրեթե եռապատկեց ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի ստացած քվեները: Այս արդյունքը կարող էր ստացվել, եթե. ա) սույն թեկնածուին հաջողվեր ձեւավորել իրեն համապատասխանող նոմինացիոն կերպար (կամ հանդես գար նոր կերպարով) եւ տիրանալ ՀՀ էլեկտորատի կառուցվածքում այդ կերպարին պաշտպանող էլեկտորալ խմբին: Կարող ենք սակայն փաստել, որ այս թեկնածուն ոչ միայն չձեւավորեց իրեն համապատասխանող կերպար, այլեւ հանդես չեկավ նոր կերպարով եւ, բնականաբար, չէր կարող ստանալ էլեկտորալ մեծ խմբի աջակցություն, բ) ՕԵԿ-ը լիդերային կուսակցություն է: Ինչպես ԱԺ ընտրությունների, այնպես էլ նախագահական ընտրությունների ժամանակ, հիմնական անձը հենց Ա. Բաղդասարյանն էր, հետեւաբար չի կարելի ասել, թե ԱԺ ընտրությունների ժամանակ մոտ 96.000 ձայն ստացել է ՕԵԿ-ը, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ մոտ 275.000 ձայնՙ Ա. Բաղդասարյանը: Այսինքն` այս հանգամանքը (քվեների եռակի տարբերությունը) կուսակցություն (ցածր վարկանիշ)-լիդեր (բարձր վարկանիշ) հարաբերակցության խնդիր չէ, գ) սույն թեկնածուի քարոզարշավը լի էր նաեւ մարտավարական բազմաթիվ սխալներով (հոդվածը չծանրաբեռնելու նպատակով չենք ներկայացնում դրանք). այսպիսով, ձայների նման աճը չենք կարող հիմնավորել նաեւ ընտրարշավի «գերազանց» մարտավարությամբ, դ) ԱԺ ընտրություններից մինչեւ նախագահական ընտրություններ ընկած ժամանակահատվածում (8-9 ամիս) այս թեկնածուն ձեռք չբերեց վարչական հզոր ռեսուրս, որի օգնությամբ հնարավոր կլիներ եռապատկել քվեները, ե) ձայների նման կտրուկ ավելացում հնարավոր կլիներ, եթե սույն թեկնածուի կողմնակիցները զանգվածաբար ընտրակաշառք բաժանեին, սակայն երեւի շատերը տեսան, թե ով էր այդ գործն անում, զ) նշենք նաեւ, որ վերջին 8-9 ամսվա ընթացքում ԱԺ աշխատանքների ժամանակ սույն թեկնածուն աչքի չի ընկել օրենսդրական իր բուռն գործունեությամբ, որով կտրամաբանվեր ձայների այս կտրուկ աճը, է) Ա. Բաղդասարյանը ընտրարշավի ժամանակ չի եղել հեռուստաընկերությունների «ամենօրյա սիրելի հյուրը» եւ, բնականաբար, չէր կարող նաեւ սրանց «տոտալ օգնությամբ» եռակի ավելացնել իրեն տրվող ձայները, ը) Ա. Բաղդասարյանը որպես նաեւ Ս. Սարգսյանին մրցակից թեկնածու, չէր կարող տիրել Ս. Սարգսյանի հակաէլեկտորատին, քանզի այս հարցն ունի մի նրբություն. Ս. Սարգսյանի հակաէլեկտորատը, բնավ էլ ոչ ի դեմս Ա. Բաղդասարյանի, այլ հանձին Լ. Տեր-Պետրոսյանի տեսավ Ս. Սարգսյանի իրական մրցակցին, թ) ցանկանում ենք նաեւ ընդգծել, որ Ա. Բաղդասարյանը վերջին 8-9 ամսվա ընթացքում Հայաստանը, ասենք, չի փրկել երկրաշարժից, պատերազմից, ջրհեղեղից եւ այլ աղետներից:

Այսպիսով, սույն թեկնածուի ստացած ձայների նմանՙ եռապատիկ աճը չի տեղավորվում ընտրարշավների անցկացման ժամանակ գործող տրամաբանական կանոնների սահմաններում: Կարող ենք միայն ենթադրել, որ սույն թեկնածուի քվեների միջոցով «լուծվեց 3 խնդիր». 1) քաղաքական մեկ գործիչ մոտ 2.7 անգամ ավելի շատ ձայն ստացավ, քան կոալիցիայի հետ համաձայնագիր կնքած եւ ընտրարշավի ժամանակ կոալիցիայի հիմնական առանցք ՀՀԿ-ին կատաղի քննադատող մի ողջ կուսակցություն. թե ում էր պետք Ա. Բաղդասարյանի միջոցով «պատժել» ՀՅԴ-ին, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը (միգուցե պատահականություն է), 2) եթե իրական համարենք նախագահական ընտրությունների ժամանակ Ա. Բաղդասարյանի ստացած քվեները, ապա կարող ենք պնդել, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի (այսինքնՙ Ա. Բաղդասարյանի) ստացած քվեները «խիստ սահմանափակվել են», ինչը կասկածելի է դարձնում ոչ միայն ԱԺ-ի լեգիտիմությունը, այլեւՙ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության բացարձակ մեծամասնությունը: Եթե իրական համարենք ԱԺ ընտրությունների ժամանակ Ա. Բաղդասարյանի ստացած ձայները, ապա կարող ենք պնդել, որ նախագահական ընտրությունների ժամանակ այս թեկնածուի քվեները «խիստ ուռճացվել» են, ինչը, մեր կարծիքով, կարող է կասկածելիՙ ոչ լեգիտիմ դարձնել ընտրությունների ողջ արդյունքը, այդ թվում նաեւ ՀՀԿ թեկնածուի հաղթանակը: Երկու դեպքում էլ ստվերվում է ՀՀԿ-ն. թե ում էր պետք Ա. Բաղդասարյանի միջոցով «պատժել» ՀՀԿ-ին, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը (միգուցե դարձյալ պատահականություն է), 3) այս թեկնածուն իր ստացած ձայներով այդքան էլ չի զիջում Լ. Տեր-Պետրոսյանին, այսինքն` վերջինս չի կարող ներկայանալ որպես ընդդիմության միասնական թեկնածու. թե ում էր պետք Ա. Բաղդասարյանի միջոցով «պատժել» Լ. Տեր-Պետրոսյանին, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը (միգուցե սա նույնպես պատահականություն է):

III. Լեւոն Տեր-Պետրոսյան

Այս թեկնածուի ընտրարշավին մենք բազմիցս անդրադարձել ենք «Ազգ» թերթում հրատարակված մեր հոդվածներում (տես «Ազգ», 01.11.07 եւ 22.12.07 թ., 01.02.08 թ.): Չկրկնելու համար դրանցում ներկայացված տեսակետները, ուղղակի նշենք, որ սույն թեկնածուն միակն էր, ում հաջողվեց համեմատաբար գրագետ ընտրարշավ անցկացնել: Թեկնածուն ունեցավ նաեւ մարտավարական ոչ էական սխալներ:

IV. Սերժ Սարգսյան

Հաշվի առնելով այս թեկնածուի անձնային հատկանիշները եւ անցած կյանքի ուղին, նրա ընտրարշավի ռազմավարության հիմքում պետք է որ դրված լիներ անձնային կողմնորոշմամբ քվեարկող էլեկտորալ խումբը գրավելու քաղաքականությունը, մասնավորապես` իրեն համապատասխանող «ուժեղ» նոմինացիոն կերպարի «խաղարկումը»: Սակայն ինչպես ցույց տվեց անցած ժամանակաշրջանը (1-ին նախագահի առաջին ելույթՙ 21.09.07-քվեարկության օրՙ 19.02.08), այս թեկնածուն աշխատեցրեց «վարչական մոտեցում» եւ «գովազդային մոտեցում» մոդելների ոչ լավագույն տարբերակները: Ի դեպ, ընտրարշավի ընթացքում երեւաց այս թեկնածուի որդեգրած հետեւյալ սկզբունքը. հանդես գալ միայնակ եւ փորձել ստանալ էլեկտորատի մեծ մասի վստահության քվեն, որըՙ այդ մեծ քվեն, նրան հնարավորություն կտար իրականացնելու քարոզարշավի ժամանակ տրվող խոստումները, մասնավորապեսՙ հարկերը վճարելու են բոլորը, կոռուպցիայի դեմ ուժեղ պայքար է ընթանալու, վերջ է դրվելու չինովնիկների զոռբայությանը եւ այլն: Սակայն երեւի սխալված չենք լինի, եթե կարծենք, որ ստացված ձայների մի մասը արդյունք է ոչ թե էլեկտորատի աջակցության, այլՙ նոմենկլատուրայի «խիստ ակտիվ աշխատանքի». նոր նոմենկլատուրա, որը ձեւավորվել է 1990-ական թթ. սկզբներին եւ ներկայումս ՀՀԿ-ի «քաղաքական կոստյում» հագած, սակայն իրականում ապագաղափարական չինովնիկների, գործարարների, պատգամավորների, ՏԻՄ ղեկավարների մի ամբողջություն է իր «պաշտպանիչ-հարվածային» ուժովՙ թիկնազորով: Ի դեպ, նախկինում այս ուժի գործառույթը իրականացնում էր այսօր ժողովրդի հետ «միասնական» հանդես եկող երկրապահը: Կարող ենք ենթադրել, որ շնորհիվ այս նոմենկլատուրայի «աջակցության», չկայացավ ընտրությունների հավանական 2-րդ փուլը: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ այս ընտրություններում հաղթեց ոչ թե Ս. Սարգսյանը, այլ կրկինՙ օրեցօր հզորացող եւ իր ուժը գիտակցող, ագրեսիվ ու անդեմ նոմենկլատուրան, որի ներկայացուցիչները, ըստ Ս. Սարգսյանի, ընտրություններից հետո «արդարացի հարկեր են մուծելու եւ սահմանափակելու են իրենց կոռուպցիոն ախորժակը»: Դժվար չէ կռահել, որ այս ընտրություններում եւս նոմենկլատուրան հասկացրեց ԿԸՀ-ի կողմից հաղթող ճանաչված թեկնածուին, թե ում է պարտական իր հաղթանակով եւ ում շահերն է առաջնահերթ պաշտպանելու ՀՀ նախագահ աշխատելու տարիներին: Ի դեպ, նոմենկլատուրան երբեք «բարեգործությամբ» չի զբաղվում: Որպես այս մասով ամփոփում, առկա իրավիճակով, կարող ենք ենթադրել. 1) Սերժ Սարգսյանը դեռեւս «չհաղթեց», 2) Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս չպարտվեց, 3) դեռեւս շահում է ագրեսիվ եւ անդեմ նոմենկլատուրան:

V. Հետընտրական նարնջագույն գործընթացը

Չնայած նախագահական ընտրությունների ավարտին եւ ԿԸՀ-ի կողմից դրանց պաշտոնական արդյունքները հրապարակելուն, ականատես ենք դառնում, ըստ ԿԸՀ-ի, 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուի նախաձեռնած մի գործընթացին, որը մեզ ակամա հիշեցնում է 2004-ի աշնանը Ուկրաինայում սկսված քաղաքական գործընթացը: Համեմատենք այս երկու գործընթացները. 1) 2004-ի աշնանը Ուկրաինայում ընթացող նախագահական ընտրարշավի ժամանակ ընդդիմության հիմնական թեկնածու Վ. Յուշչենկոն որդեգրեց նեգատիվ ընտրարշավ եւ պայքարի թիրախը դարձրեց Կուչմայի (այն ժամանակ` Ուկրաինայի նախագահ) ստեղծած կոռումպացված իշխանական համակարգը եւ, ըստ իրեն, այդ համակարգի կողմից պաշտպանվող թեկնածու` Վ. Յանուկովիչին: Լ. Տեր-Պետրոսյանը նույնպես որդեգրեց նեգատիվ ընտրարշավ ու իր պայքարի թիրախը դարձրեց կլեպտոկրատիանՙ «ավազակապետությանը» եւ Ս. Սարգսյանին, 2) Վ. Յուշչենկոն իր ընտրարշավի ժամանակ շատ արդյունավետ օգտագործեց Ուկրաինայում ժամանակին մեծ աղմուկ հանած լրագրող Գ. Գոնգաձեի սպանության փաստը (լրագրողի սպանության մեջ մեղադրվում էր Կուչմայի շրջապատը): Հայաստանում Գոնգաձեի սպանության գործին փոխարինեց հոկտեմբերի 27-ը, 3) Կիեւում, որի բնակչության զգալի մասը կողմ էր Յուշչենկոյին, չընդունեց Յանուկովիչի «հաղթանակը» եւ դուրս գալով Մայդանը վրանավորեց: Այսօր վրանավորված է Ազատության հրապարակը, 4) Յուշչենկոյին հաջողվեց իր կողմը գրավել ուժային կառույցներից մեկիՙ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարությանը, ինչն անհնարին դարձրեց Ուկրաինայի ԿԸՀ-ի կողմից նախագահ հռչակված Յանուկովիչինՙ բանակի ուժը ուղղել Մայդանում ընթացող հանրահավաքի մասնակիցների դեմ: Հայաստանում Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվեց իր կողմը գրավել ԵԿՄ-ի ղեկավարությանը: Իհարկե, դժվար է կանխագուշակել, թե կհաջողվի՞ արդյոք ԵԿՄ-ի ղեկավարությանը կանխել Ազատության հրապարակում հավաքվածների նկատմամբ ուժի հնարավոր կիրառումը, 5) Յուշչենկոն ակտիվորեն օգտագործեց իր ստեղծված «կՏՐՈ» շարժումը, իսկ թե որքանով արդյունավետ կգործի Հայաստանում Լ. Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծվող «Հիմա» շարժումը, դժվար է ասել, 6) Յուշչենկոն կարողացավ իր կողմնակիցներին գրեթե 2 ամիս պահել Մայդանում. դժվար է կանխագուշակել, թե որքան ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կպահի իր կողմնակիցներին: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Հայաստանում ընթացող հետընտրական քաղաքական գործընթացը իր շատ կողմերով եւ «դեմքերով» խիստ նմանվում է Ուկրաինայում տեղի ունեցած հետընտրական գործընթացին (միգուցե դարձյալ պատահականություն է):

Առայժմ այսքանը:

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ, 26 փետրվար, 2008 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4