«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից ստորեւ թարգմանաբար ներկայացվող Ջոն Դալիի այս հոդվածը առաջին անգամ հրատարակվել է «Եվրասիա դեյլի նյուզում», հունվարի 11-ին:

Մինչ ժամանակի ընթացքում Խորհրդային Միության գոյությունը վաղեմի պատմություն է դառնում, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետխորհրդային թյուրքական երկրները ձգտում են վերագտնել իրենց լեզվական եւ մշակութային ընդհանրական սերտ կապերը թուրքական պետության հետ: Դրան նպաստում են որոշ ակտիվիստների ջանքերըՙ զարկ տալու այդ երկրների հետ տնտեսական, քաղաքական եւ մշակութային հարաբերություններին:

Այդ երկրների (Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան) թվում պանթուրքիզմի գաղափարն առավել սուր է արտահայտված Ադրբեջանում: Այդ հարցում այնտեղ ամենաակտիվ գործիչը Նիզամի Ջաֆարովն է, Բաքվի «Աթաթուրքի կենտրոնի» տնօրենը, որ միաժամանակ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է եւ Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանում մշակույթի մշտական հանձնախմբի նախագահը:

Ջաֆարովի նորագույն մտահղացումը Ադրբեջանում թուրքերենով նոր հեռուստաալիք հիմնադրելն է: «Դա արդեն գրեթե իրականություն պետք է համարել: Ոչ ոք դեմ չէ նախաձեռնությանը: Ծրագրերն էլ հստակեցված են: Մնում է միայն լուծել ֆինանսավորման խնդիրը», ասել է նա վերջերս տված հարցազրույցի ժամանակՙ ավելացնելով, որ տարվա ընթացքում հավանաբար կլուծվի նաեւ այդ հարցը, երբ թյուրքական երկրներից կամ միջազգային ընկերություններից որեւէ մեկը ստանձնի գումար ներդնելու պարտականությունը:

Լինելով նաեւ թուրք-ադրբեջանական խորհրդարանական բարեկամության խմբակցության նախագահ, Ջաֆարովն արդեն որոշ ժամանակ հետամուտ է լինում Թուրքիայի հետ հարաբերությունների առավել սերտացմանը: Նա 2006-ին առաջ է քաշել ստեղծելու «թյուրքական երկրների խորհրդարանական մի ասամբլեա», որին սկզբունքային հավանություն են տվել բոլոր շահագրգիռ երկրները: Նրանց մնում է սահմանել որոշ կառուցվածքային եւ ձեւաչափային սկզբունքներ:

«Նման ասամբլեայի ստեղծումը ժամանակի պահանջն է աշխարհում հավասարակշռությունը պահպանելու համար եւ միջազգային օրենքի սահմաններում թույլատրելի է», ասել է նա: Նրա ծրագրին աջակցում են թուրքական կողմից ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպիսիք են «թյուրքալեզու երկրների եւ համայնքների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության հաստատությունը» եւ «թյուրքալեզու երկրների եղբայրության եւ համագործակցության կոնգրեսը»: Վերջինիս առաջին համագումարը տեղի է ունեցել 1993-ի մարտին Անթալիայում, որից հետո հաջորդական 9 նիստերը բոլորն էլ գումարվել են Թուրքիայումՙ ամեն անգամ ավելի մեծ թվով պատգամավորների մասնակցությամբ: Այս մասին գրված է Բուսրա Էրսանլի Բեհարի «թուրքականությունը Թուրքիայում եւ Ադրբեջանում 1990-ական թվերին» գրքումՙ հրատարակված 1996-ին Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից:

Ավելի քան 900 պատվիրակներ են ներկա գտնվել 8-րդ համագումարին 2000-ին, որոնցից 500-ը եղել են Անատոլիայից: Այդ համագումարին ներկա են եղել նաեւ այդ ժամանակվա Թուրքիայի նախագահ Դեմիրելը, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին, յոթ նախարարներ եւ առաջին անգամ նաեւ թուրքերի ներկայացուցիչներ Թունիսից եւ Մոնղոլիայից:

Անցյալ տարվա Բաքվում կայացած 11-րդ համագումարին ներկա է եղել վարչապետ Էրդողանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թելեթը: Էրդողանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ժամանակն է ծավալելու ծրագրված եւ համակարգված գործունեություն թյուրքական հանրապետությունների միջեւ»: Նա առաջարկել է հիմնել թուրքալեզու երկրների ղեկավարների մշտական գործող քարտուղարությունը, որը «Կհետեւի մեր կատարած աշխատանքներին եւ կպատրաստի մեր հետագա անելիքները»:

Ջաֆարովն իր հերթին նկատել է. «Առաջիկա տասնամյակում, լեզվի միասնության (մեկ թուրքական լեզու հաստատելու բոլոր թյուրքալեզու ժողովուրդների համար) հարցը իր վերջնական լուծումը ստացած կլինի»:

Բայց այս նոր հասկացությունը արդեն իսկ ծնունդ է տվել քաղաքական տարաձայնությունների, որոնցում առաջնորդի դերի հարցը ամենակարեւորն է. Թուրքիա՞ն, թե՞ Ադրբեջանը պետք է ստանձնի ղեկավարի դերը:

Ըստ «Արտասահմանում ապրող ադրբեջանցիների հետ աշխատելու պետական կոմիտեի» նախագահ Նազիմ Իբրահիմովի, «Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ գումարված անցյալ տարվա կոնգրեսը նոր էջ բացեց թյուրքալեզու աշխարհում: Բոլորն այժմ խոսում են Ադրբեջանի նախագահի մասին որպես այդ աշխարհի նոր առաջնորդի»:

Մնում է սպասել եւ տեսնել, թե նավթով հարուստ Բաքուն նաեւ կգրավի՞ առաջնորդի դերը թյուրքալեզու երկրների այդ նոր միասնությունում: Կհամաձայնե՞ն մյուս պետությունները հրաժարվել իրենց ազգային ինքնուրույնությունից եւ ղեկավարությունը հանձնել Ադրբեջանին: Եվ հզոր Թուրքիան, որը պնդում է, թե միջազգային այդ մարմնի ստեղծման նախաձեռնությունը իրենն է, կզիջի՞ արդյոք իր դիրքերը:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4