1988թ. համազգային Ղարաբաղյան շարժումը եւ հետագայում անկախ Հայաստանի հռչակումը ինձ եւ շատ շատերին ներշնչեց այն համոզմունքը, որ երբ մենք միասնական ենք, ապա շատ հզոր ենք եւ կարող ենք դիմակայել որեւէ թշնամու: Միասնության մեջ ունեցանք պատմական հաղթանակներ, աշխարհի շատ երկրների կողմից արժանացանք հարգանքի: Լինելով միասնական` կարողացանք դիմակայել շատ դժվարությունների` մութ ու խավար տարիներին հպարտությամբ քայլելով մեր պապերի երազած անկախ Հայաստանում:
Դժբախտաբար, իրավիճակի բերումով, 7 տարի է, ինչ ապրում եմ Կանադայում եւ երբեք անտարբեր չեմ մնացել Հայաստանում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ինտերնետից օգտվելու եւ իրազեկ լինելու այն այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում եւ աշխարհում:
«Ազգ» օրաթերթի ձեռնարկած «Արժանապատիվ քաղաքացի» ակցիան ինձ շատ հոգեհարազատ է եւ ես որպես հայ, որով շատ եմ հպարտանում, իմ բարոյական պարտքն եմ համարում դիմելու մեր ժողովրդի որոշ մոլորյալ մասին սույն ողջամտության կոչով` հորդորելով, որ 1988թ. հետո մենք բարոյական իրավունք չունենք այս տարիների ձեռք բերումները ոչնչացնելու մեր ժողովրդի պառակտման կործանարար գործընթացով: Ես խիստ անհանգստացած եմ ներկայիս իրավիճակում «ղարաբաղցի-հայաստանցի» եւ այլ աններելի մասնատման կոչերից, առավել եւս այսօր, երբ որոշ ուժեր առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» անհեռանկար եւ կործանարար սկզբունքով:
Աստված մի արասցե, եթե այսպես շարունակվի, վաղը կարող են շահարկվել «մեղրեցի-հայաստանցի», «սյունիքցի-հայաստանցի» ազգակործան կոչերը: Աստված իմ, միտքս է մթագնում այս տողերը գրելիս, սակայն հուսով եմ, որ վաղը դեռ ուշ չէ ետ կանգնելու հայ ժողովրդի պառակտման ազգադավ եւ կործանարար գործընթացից:
Ողջախոհության իմ այս կոչով «Ազգ» օրաթերթի աշխատակազմին խնդրում եմ ժողովրդի մոլորյալ մի մասին փոխանցելու իմ խորհուրդը` վերհիշելու հայոց հազարամյա պատմությունը, Ուրարտական թագավորության դարաշրջանից մինչեւ մեր օրերը, եւ վստահ եմ, որ շատ պարզ կդառնա, թե ինչն է պատճառը, որ մենք հայտնվել ենք ներկայիս իրավիճակում եւ ինչ կարող է լինել, եթե այս ամենը շարունակվի եւս մի քանի օր:
Սիրելի հայրենակիցներ, շատ կարեւորում եմ այն փաստը, որ Սփյուռքում ապրող հայերի մեծ մասը երազում է Հայաստանը տեսնել միաբան, հզոր եւ կայուն, որին անկասկած կհաջորդի բազմահազար հայերի ներգաղթը Հայաստան, որոնք իրենց հետ կբերեն զարգացած երկրների առաջատար փորձն ու գիտելիքները, կկրկնապատկվեն եւ կեռապատկվեն ներդրումները, ինչն էլ կօգնի աշխատատեղերի ավելացմանը, ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացմանը, կյանքի մակարդակի կտրուկ բարձրացմանը:
«Սերմեր ցանենք սփյուռքում, ծառեր տնկենք Հայոց աշխարհում» գաղափարախոսությունը, որը համակել է ինձ եւ շատ շատերին Հայրենիքից դուրս, դեռ մեծ թափ պետք է ստանա ապագայում էլ, երբ մենք եւ ամբողջ աշխարհը նորից կտեսնի մեր միաբան ժողովրդին: Իմ խորին համոզմունքն է, որ շատ շուտով ողջախոհությունը կհամակի մեր ժողովրդի մոլորյալ մասին, եւ «չկա չարիք առանց բարիքի» խորիմաստության մեջ մենք կունենանք «շախմատ խաղացող» ընդդիմություն, որը ավելի կզգաստացնի իշխանություններին` միաբան քայլերով առաջ տանելու անկախ Հայաստանի Հանրապետությունը դարեդար:
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ներկայիս իշխանություններին, որ այս տագնապալի իրավիճակում իրենց խելամիտ եւ համբերատար քաղաքականությամբ աննախադեպ օրինակ են հանդիսանում աշխարհում` խուսափելով ընդհարումներից եւ ժողովուրդը պառակտելու պայթյունավտանգ քայլերից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաեւ «Ազգ» օրաթերթին, որը հնարավորություն տվեց ինձ կատարելու իմ հայրենասիրական պարտքը` «Ո՛չ» ասելու հայ ժողովրդի պառակտման ազգադավ գործընթացին, որը հղի է բազմաթիվ վտանգներով, ընդհուպ մինչեւ պետականության կործանումը:
Հարգանքներով, ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԿԱՆԱԴԱ, ՎԱՆՔՈՒՎԵՐ