«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ՈԳԵԿՈՉՈՒՄ «ՎԵՐՆԱՏԱՆԸ»

Հայաստանի Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահը երեկ բազմամարդ էր. ցուցափեղկերը` գրքերով, լուսանկարներով ու ասույթներով, օդը` հայրենասիրությամբ լեցուն: Միջոցառման վերնագիրը խոսուն էր. «Արցախյան շարժում- 20»: Ելույթները տարբեր ուղղվածության էին. ցուցահանդեսը բացեց գրադարանի հանրության հետ կապերի ու միջոցառումների բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը, այնուհետեւ արցախյան շարժմանն ու ազատամարտին լրագրողների մասնակցության ու դերի մասին զեկույցով հանդես եկավ գրադարանի «Հոգեւոր հայրենիք» ամսաթերթի խմբագիր Արմինե Ղազարյանը, ով հատկապես կանգ առավ գործընկերների ստեղծած փաստավավերագրական արխիվի պահպանության խնդիրներին, քանզի վավերագիրների հավաստմամբ, ներկայումս չկա մի հաստատություն, որը զբաղվում է դրանց պահպանության խնդիրներով: «Անցնում է ժամանակը` իր հետեւից թողնելով տարիների փոշին, աղոտանում, մոռացվում են դեմքերն ու դեպքերի մանրամասները: Սակայն պատմությունը նաեւ մանրամասներն են, եւ մեր պատմության այդ հատվածի հանդեպ, որ հերոսական պայքարի ու անօրինակ սխրանքի մի փառավոր էջ է, պիտի ավելի հոգատար եւ ուշադիր լինենք: Եվ պիտի դողանք պատերազմին վերաբերող ամեն մի` անգամ փոքր վավերագրության համար», այս մտահոգությամբ խոսքն ավարտեց Ա. Ղազարյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցան գրողներ, Արցախյան պատերազմի մասնակից լրագրողներ Աշոտ Պետրոսյանը, Բակուր Կարապետյանը: Գուսան Գագիկ Հայկազունին, որը հեղինակն է «Գետաշեն» եւ այլ հայրենասիրական երգերի, ցուցասրահում հավաքված հանդիսականների ձայնակցությամբ երգեց հայտնի «Հայեր միացեք»-ը: Ոգեշունչ կատարմանը հաջորդեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի ջերմ ելույթը. «Ղարաբաղյան շարժման երախտավորները միայն ազատամարտի մասնակիցները չեն. եկեք արժանին հատուցենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով կարողացան նախապատրաստել այն ժողովրդական պոռթկումը, որի ականատեսը 1988 թվականին դարձանք մենք», մասնավորապես նշեց Դ. Սարգսյանը: Արցախյան շարժման ու ազատամարտի ժամանակ զոհված, անհետ կորած ազատամարտիկների մասին խոսեց նաեւ գրող Սասուն Գրիգորյանը` բոլորին հիշեցնելով, որ Արցախը Հայաստան է, Հայաստանը` Արցախ:

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4