Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի կազմակերպած համերգը, որ տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը, հոգու անդորրության ու հանգստության ձգտում էր: Այսօրվա ներքաղաքական լարված մթնոլորտում պրկված նյարդերը հանգստացնելու թերեւս լավագույն դեղատոմսը հոգեւոր երաժշտությունն է: Փոքրիկ երգիչները բեմ բարձրացան յուրահատուկ հանդերձանքով ու վառած մոմերովՙ փորձելով հանդիսականներին (ի դեպ, դահլիճը լեփ-լեցուն էր) ավելի մոտեցնել հոգեւոր մշակույթին: Համերգային ծրագրի ժամանակ դահլիճում քար-լռություն էր: Յուրաքանչյուրը զրուցում էր իր հոգու, իր եսի հետ ու մոռանում առօրյա դժվարությունները: Դահլիճում ստեղծված աուրան հանդիսատեսին ուղեկցում էր եկեղեցական խորան, որտեղ զգացվում էր մոմի ու բուրվառի բույրը: Իսկ փոքրիկ երգիչների անմեղ ձայնի մեջ լսվում էր եկեղեցականների աղոթքների մրմունջն ու ապաշխարանքը: «Փոքրիկ երգիչները» համերգային ծրագիրը բացեցին Կոմիտասի «Հայր մերով», որ տարածում էր խղճի հանգստություն ու մաքրություն: Եվ ավարտեցին «Լույս ի լուսո» շարականովՙ կոչ, որ աղոթքը, բարությունը, գեղեցկությունն ու վսեմությունը դառնան կյանքի նոր չափանիշներ:
Բացի «Փոքրիկ երգիչներից» ելույթ ունեցան մաեստրոյի երգչախմբի նախկին անդամները, իսկ յուրաքանչյուր երաժշտական կատարումից հետո վարպետի քույրըՙ Աննա Հեքեքյանը կարդում էր հատվածներ մեր դասականներից:
Համերգից հետո «Ազգի» հետ առանձնազրույցում Տիգրան Հեքեքյանն ասաց. «Համերգը նպատակ չէր, այլ հոգու պարտք: Հայրիկսՙ Արտյոմ Հեքեքյանը մահացել է եւ ըստ եկեղեցական ծիսակատարության, 40-րդ օրը հարազատները գնում են եկեղեցի, մոմ վառում, աղոթում հոգու հանգստության համար: Համերգն աղոթք էր առ Աստված: Հորս շատերն են սիրել: Երգչախմբի երեխաները, իմ ընկերները նրա հետ շատ մտերիմ էին: Հայրս հետաքրքրական պատմություններ էր պատմում, կյանք սովորեցնում: Ասույթներ, արտահայտություններ էր ասում, որ մեզ համար դարձել էին օրենքներ: Հայրս չէր սիրում, երբ շատ էին կենտրոնանում իր անձի վրա: Լինելով վառ արտահայտված կերպար, չէր սիրում, երբ իրեն չափից շատ ուշադրություն էին դարձնում: Ճանաչելով նրան, չէինք ուզում ձեւական բաներ անել: Համերգի ու ասմունքի մեջ կեղծ պաթոս, ունկնդիրներին հաճոյանալու ցանկություն չկար: Համերգը շատ համահունչ է հայրիկիս ապրելակերպին, որ երբեք նյութականով չէր ապրել: Պարզապես մեր հոգու աղոթքն էինք ուղղում առ Աստված, իսկ ավելի գեղեցիկ բան չկա, քան երգով աղոթելը: Համերգը վերջացրինք փառաբանությամբ դեպի մարդը, որ հետք թողեց մեր հոգիներում եւ իր տեղը գտավ մեր կյանքում»:
Համերգն ավարտվեց գեղեցիկ ու խորիմաստ: Երգիչները երգելով, վառվող մոմերով հեռացան դահլիճից: Գուցե այդ լույսն ու գաղափարը նրանք փոխանցեն հաջորդ սերունդներին:
Հրաշալի կլիներ, եթե սովորեինք միմյանց լույս փոխանցել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ