Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 1-9 հաշվով ամոթալի պարտություն կրեց Ադրբեջանի ֆուտբոլիստներից Չեխիայում մեկնարկած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Արդեն 2-րդ րոպեին ադրբեջանցի Ռաջաբ Ֆարադզադեն բացեց հաշիվը: 4 րոպե անց Վլադիմիր Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, սակայն դա այդ խաղում հայ ֆուտբոլիստների միակ հաջողությունն էր: Հետագայում մրցակիցը 8 անպատասխան գնդակ խփեց ու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Նշենք, որ Ադրբեջանի հավաքականում բացի տեղացիներից, ընդգրկված են նաեւ ռուս եւ բրազիլացի ֆուտբոլիստներ:
Ընտրական 6-րդ խմբում, որտեղ հանդես է գալիս ՀՀ հավաքականը, չեխերը 6-1 հաշվով պարտության են մատնել ֆիններին: Հաջորդ խաղում հայ ֆուտբոլիստները ուժերը չափել են չեխերի հետ:
Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Բելգիա-Չեռնոգորիաՙ 8-3, Ռումինիա-Բելառուսՙ 3-3, Բուլղարիա-Մոլդովաՙ 1-2, Սլովենիա-Ալբանիաՙ 2-0, Թուրքիա-Սլովակիաՙ 2-4, Բոսնիա-Լիտվաՙ 1-1, Հունգարիա-Մակեդոնիաՙ 3-0, Անդորրա-Ղազախստանՙ 1-2, Ուկրաինա-Իսրայելՙ 4-1, Պորտուգալիա-Լատվիաՙ 4-0, Մալթա-Հունաստանՙ 1-2, Հոլանդիա-Էստոնիաՙ 13-0, Լեհաստան-Անգլիաՙ 10-2, Իտալիա-Կիպրոսՙ 12-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ