«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2008-03-01 | #41, 2008-03-04 | #42, 2008-03-05


ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի մեկին մայրաքաղաքում մտցված արտակարգ իրավիճակից հետո, երբ հատուկ հսկողության պարտականությունները դրվեցին նաեւ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վրա, հետագա դեպքերի, իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն տալու համար երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը:

Գլխավոր շտաբի պետը իրազեկեց, թե ինչ խնդիրներ են դրված բանակի առջեւ այսօր: «Բանակում այս պահին տարվող առանձնահատուկ խնդիրներից են անմիջական շփման գծում, հարեւան պետությունների հետ սահմանամերձ շրջաններում հերթապահության ուժեղացումը եւ պահանջվող լիարժեք պատրաստականությունը, զգոնությունը»:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ առաջին գծում տեղակայված զորամասերը իրենց խնդիրներն ու պարտականությունները կատարում են լիովին, չնայած շփման գծում որոշակի լարվածություն կա. «Կրակոցներն են շատացել, Ադրբեջանում տարվում են պլանային հրամանատարաշտաբային զորավարժություններ. Ղարաբաղի հատվածում լարվածություն կա, նաեւ կարող եք ճշտել ձեր ծանոթ-բարեկամներից, ընկերներից, Ղարաբաղի լրատվամիջոցներից իմանալ»:

Երկրորդ խնդիրն, ըստ Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակի մասին տեղեկություն տալն է, երբ զինուժի ստորաբաժանումները ոստիկանության հետ խնդիրներ է իրականացնում բոլոր պահանջների շրջանակներում. «Մեր խնդիրն է պահպանել կարեւոր օբյեկտները, աջակցել միմյանց` սահմանադրական կարգերի պահպանման համար: Ուզում եմ հերքել այն լուրերը, թե զինուժի ստորաբաժանումները զբաղված են խուզարկություններով: Դրանք ոստիկանության խնդիրներն են, մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արտակարգ իրավիճակ սահմանելուց հետո միջադեպեր եղե՞լ են մայրաքաղաքում տեղակայված ստորաբաժանումների հետ, Սեյրան Օհանյանը ասաց, որ հանդերձանքը, զենքերն ու զինամթերքը զինծառայողների մոտ են, տուժածներ, դեպքեր եւ պատահարներ չկան:

Ադրբեջանում տարվող զորավարժությունների հետ կապված հարցին անդրադառնալիս գլխավոր շտաբի պետը շտապեց տեղեկացնել, որ դրանք միտումնավոր բնույթ չեն կրում եւ բոլոր այդ զորավարժությունները պլանային համակարգի մեջ են մտցված:

Վերջին հայտարարություններին, թե հանրահավաքներ կարող են տեղի ունենալ նաեւ հեռավոր մարզերում եւ այդ դեպքում ո՞րն է լինելու զինուժի խնդիրը, գեներալ-գնդապետը նշեց, որ մարզերում նմանատիպ խնդիրների պարտականության իրավունքը դրված է իրավապահ մարմինների վրա:

«Բանակի կողմից կրակ կարձակվի այն ժամանակ, եթե կրակեն բանակի վրա», ասում է Սեյրան Օհանյանը եւ հավելում, որ իրավիճակը մայրաքաղաքում վերահսկվում է` կանխարգելելու թեկուզեւ փոքր քանակով հավաքները, եւ որ բանակը երբեւէ չի մտել քաղաքականության մեջ` կանգնած է եղել իրավապահների թիկունքին:

Եվ վերջապես, հիշատակված գեներալները` Մանվել Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը ի՞նչ դիրքորոշման մեջ են այսքանից հետո. Սեյրան Օհանյանը ասաց. «Բանակից ոչ մի գեներալ էլ չկա ընդդիմության շարքում: Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը արձակուրդում է, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն էլ գտնվում է հոսպիտալում եւ շուտով գալու է ծառայության»:

Հարցին, թե ի՞նչ վիճակում են այսօր հարաբերությունները ԵԿՄ-ի անդամների հետ եւ ինչո՞ւ Սեյրան Օհանյանը ԵԿՄ-ի անդամակցությունից դուրս եկավ, պատասխանեց. «Երկրապահները մեր տղաներին փորձում էին քաշել ներքաղաքական խաղի մեջ, դրա համար էլ մենք որոշեցինք դադարեցնել մեր անդամակցությունը ԵԿՄ-ին»:

Գնահատականը, որ տվեց Սեյրան Օհանյանը Տեր-Պետրոսյանի թիմակից անդամների` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ այլոց ձերբակալմանը, այսպիսին էր. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավասար կանգնի օրենքի առջեւ»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ձերբակալված անձանցից ովքե՞ր են պատերազմի ժամանակ եղել կռվող տղաներ, Սեյրան Օհանյանը նկատեց. «Օրինակՙ ես Մյասնիկ Մալխասյանին ոչ մի տեղ չեմ տեսել կռվելուց»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4