Սպանվածների «արյան մեղքը նաեւ «Ազատություն» ռադիոկայանի վրա է ինչ-որ չափով»
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եւ մանրամասն ներկայացրեց մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ըստ հերթականության։ Ինչպես արդեն մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ ցուցարարներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Այդ տեղեկության հիման վրա ոստիկանությունն սկսել է կատարել համապատասխան գործողություններՙ զննություն զենք-զինամթերքը հայտնաբերելու համար, ընտրվել է վաղ առավոտը։ Ինչպես մանրամասնում էր պրն Մահտեսյանը, նրանց դիմավորել են լուրջ դիմադրություն ցույց տալով։ «Ոստիկանները միմիայն եղել են սաղավարտով, ռետինե մահակներով ու վահաններով», շեշտեց պրն Մահտեսյանն ու շարունակեց մանրամասները։ «Մեզ արդեն հայտնի է, թե ինչպես էին հավաքել որոշակի զանգված։ Սկսվել են բանակցությունները Դավիթ Շահնազարյանի, Սաշա Աֆյանի ու Հովհաննես Հունանյանի միջեւ։ Ոստիկանական ուժերը հետ են քաշվում, որ ցուցարարները գնան Մատենադարանին հարող տարածքում շարունակելու իրենց ցույցը, սակայն այդ պահին այլ ղեկավարներ են ի հայտ գալիսՙ Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Զուրաբյանն եւ Դավիթ Շահնազարյանին հայտարարում են ոչ լիազոր մարդ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնելու եւ իրենք որոշում են կայացնումՙ հայտարարելով, որ իրենց ղեկավարը (Լեւոն Տեր-Պետրոսյան) գտնում է, որ քաղաքապետարանին հարող տարածքն ամենաստրատեգիականն է ու պիտի մնան այնտեղ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա, ամբոխը քանդել է կից շենքի շինարարության երկաթյա ձողերը, զինվել քարերով, փայտերով...»։ Պրն Մահտեսյանը նշեց, որ այս օրերին շրջանառվում են որոշ լուրեր կրկին ապակողմնորոշելու եւ լարվածություն մտցնելու համար։ «Մենք քաջ գիտենք, որ Լ. Տ.-Պ.-ը եւ նրա կողմնակիցները քաջ տիրապետում են կեղտոտ տեխնոլոգիաների եւ դրանց արդյունքում նրանք կարողացան մի շարք մարդկանց դարձնել իրենց երկրպագուներն ու այսօր էլ շարունակում են իրենց կեղտոտ գործը»։
«Ազգի» հարցին, թե կա՞ն հանրապետությունից մեկնած զանգվածային անկարգություններ կազմակերպողների պարագլուխների անունները, որոնք մարտի 1-ի գիշերը Երեւան-Մոսկվա չվերթով փախել են, եւ նաեւ, ոստիկանությունն իր մեղքի բաժինը չունի՞, որ չի կարողացել կանխել ու հայտնաբերել այն արհեստանոցները, որտեղ պատրաստվել են հատուկ ձողերը, «ոզնիներ» ու այլ իրեր... Պրն Մահտեսյանը պատասխանեց. «Իհարկե, միշտ նման զանգվածային անկարգություններից հետո կգտնվի մեկ մեղավոր եւ պարզվում է դաՙ ոստիկանությունն է։ Ես շատ կարեւոր հայտարարություն եմ ուզում անել. դեռ ի սկզբանե, երկրի քաղաքական ղեկավարության կողմից բացառվում էր ուժի կիրառումը, եւ մենք պետք է հասնեինք դրան խաղաղ միջոցներով, անելով ամենահնարավորը։ Սակայն մենք դրան չհասանք, ու մարդիկ օգտագործեցին այդ, առավել լկտիացան, սկսեցին զինվել նաեւ հրազենով... Իսկ ինչ վերաբերում է 11 անձերի փախուստին, ասեմ, որ դա քրեական գործի շրջանակներում է ուսումնասիրվում եւ դրանց կանդրադառնանք ավելի ուշՙ չխանգարելով նախաքննությանը»։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանն իր հերթին անդրադառնալով խժդժությունների ժամանակ 8 զոհերին, նշեց. «Ես ուզում եմ վստահաբար ասել, որ նրանց արյան մեղքը նաեւ «Ազատություն» ռադիոկայանի վրա է ինչ-որ չափով, որովհետեւ այն հրահրիչ եւ ոչ օբյեկտիվ տեղեկատվությունը, որ ռադիոկայանն այդ ընթացքում տարածում էր, ոչ մեկը նման կոչերով հանդես չի եկել, ինչպես «Ազատություն» ռադիոկայանը»։
Ամփոփելով ասուլիսը, պրն Մահտեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ պարզ է դարձել, որ լավ կազմակերպված գրոհային ջոկատներ են գործել, որոնց մեկտեղել են հարյուրապետները, տասնապետները. նախաքննությունից շատ բան կպարզվի։ 127 բերման ենթարկվածների մասնակցությունը մանրամասն ստուգվում է ու հանձնվում հատուկ քննչական բաժնին։
«Ազգի» վերջին հարցը, թե տարվո՞ւմ են աշխատանքներ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու ուղղությամբ, ասաց. «Անպայման, բացի նրանից շատերը կան ու հիմա նպատակահարմար չէ մանրմասներ ասել, աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ