2008 թ. մարտի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետովՙ սահմանելով այն 6.25%:
2008 թ. փետրվարին հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.5%ՙ 0.9 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ նախորդ կանխատեսումներում մատնանշված համաշխարհային շուկաներում գնաճային միտումների խորացման վերաբերյալ ռիսկերը սկսում են դրսեւորվել եւ ամենայն հավանականությամբ կպահպանվեն մոտ ապագայում:
Միաժամանակ, սկսում են արտահայտվել նաեւ նախորդ ժամանակահատվածից փոխանցվող հավելուրդային պահանջարկի ազդեցությունները: Առաջիկայում մասնավոր սպառման աճի տեմպերի ավելացումն ու առավել ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում են պահպանել գնաճային ճնշումներ:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա գնաճային ճնշումները կրում են հիմնականում արտաքին զարգացումների ազդեցությունը, որոնց չեզոքացումը դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով հնարավոր չէ: Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության աստիճանական խստացումը ուղղված է նշված զարգացումների երկրորդային ազդեցությունների եւ դրանցով պայմանավորված գնաճային սպասումների մեղմմանը:
ԿԲ մամուլի ծառայություն