Երկու գոտիների անպարտելի տիրուհին 2008-ին ուզում է երրորդն էլ ունենալ
297 վայրկյան տեւեց WBA, WIBF վարկածներով աշխարհի թեթեւքաշայինների կրկնակի չեմպիոն Սյուզի Քենտիկյանիՙ ուրբաթ օրըՙ փետրվարի 29-ին Համբուրգում կայացած մրցամարտն ընդդեմ ֆիլիպինցի WIBFվարկածով աշխարհի չեմպիոն Սարահ Գոոդսոնի: Երրորդ ռաունդում արդեն շվեդ դատավորը ստիպված էր խաղն ընդհատել, գրում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»: Մրցամարտից մեկ օր առաջ էլ ԳԴՀ դրոշի տակ հանդես եկող չեմպիոնուհու նոր հաղթանակը կանխորոշել էր «Վելթ-օնլայնը»ՙ «Փոքրիկ ձեռքերովՙ մեծ հաջողություն» վերնագրելով Սյուզի Քենտիկյանի մասին պատմող հոդվածը:
«Իսկապես ես շատ փոքր ձեռքեր ունեմ», ասում է Սյուզին մերՙ երեկ կայացած հեռախոսազրույցում, որն այս անգամ շատ կարճ տեւեց, բայց որին դեռ կանդրադառնանքՙ մրցամարտի կարեւորագույն դրվագները նախ Ձեր ուշադրությանը ներկայացնելուց հետո:
Առաջին անգամ է, որ 1,55 սմ հասակ ունեցող այս «դինամիտը», Pro 7-ի ուղիղ եթերում Killer Queen-ին այսպես անվանեց հեռուստամեկնաբանը, մրցում է իրենից կարճ հասակ ունեցողի հետ: Մեկնաբանի ասած «կարճ հասակը» ընդամենը 1 սմ-ի տարբերությունն է, որ հեռուստադիտողի համար այնքան ակնառու չէր, որքան այն հանգամանքը, որ Քենտիկյանից 14 տարի մեծ ֆիլիպինուհին, որ խնամքով ներկել էր շրթունքներն ու աչքերը, առաջին ռաունդում արդեն ոչ միայն ձեռնոցներով էր պաշտպանում դեմքը Սյուզիի հարվածների տարափից, այլեւ պինդ փակում էր աչքերը: Վախը հաղթահարելու սովորությո՞ւն.. Ո՞վ գիտե, բայց երկրորդ ռաունդն արդեն սկսվել է, մեկնաբանին լսենք: «Գոոդսոնը երեւի առաջին ռաունդից էլ նկատեց, որ իր Համբուրգ գալը սխալ որոշում էր», ասաց նաՙ հենց առաջին վայրկյաններին: Իսկ երրորդ ռաունդում բոլորի համար պարզ էրՙ մրցամարտն էլ չի շարունակվելու: Հաղթանակը ոսկե ձեռնոց կրող Սյուզի Քենտիկյանինն է:
«Արդեն առաջին ռաունդում նկատեցի, որ վիճակս անհամեմատ լավ է, բայց հնարավորություն տվեցի, որ մրցակիցս բացվի», ասաց Սյուզին մեր զրույցում: «Ինչ մնում է մամուլում հայտնված այն կարծիքին, թե Գոոդսոնը անարժան մրցակից էր, այնքան էլ համամիտ չեմ. նրան ընտրել էր մարզիչս, քանի որ ֆիլիպինուհին ռինգի մեծ փորձառություն ուներ, իսկ խաղից առաջ ենթադրելՙ արժանի է, թե չէ, ո՞վ կարող է»:
2007-ի փետրվարից WBA-ի, իսկ 2007-ի դեկտեմբերից WIBF-ի գոտիները կրող 20-ամյա հայուհին այս տարի ուզում է մի նոր գոտի էլ ավելացնել իր բարակ մեջքին: Մայիսին սպասվում է հաջորդ մրցելույթը, ու՞մ դեմՙ դեռ բանակցությունների փուլում է:
Իսկ հիմա «վաստակած հանգիստ» ասվածը նրա համար չէ. սլանում է պարապմունքիՙ վարորդական իրավունքը 25 պարապմունքից հետո արդեն ստացել է, Պեժոյի կանաչ Կապրիոն հնազանդ է իր քնքուշ հեծյալին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա