Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանին ամենախիստ քրեական հոդվածով պետք է դատել
Երեկ ՄԱԱ-ում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձավ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ տեղեկացրեց, թե ինչ հետեւանքներ առաջացան մայրաքաղաքում վերջին իրադարձություններից հետո: Անդրադառնալով հետընտրական գործընթացին, նաեւ նախագահական ընտրություններում թեկնածությունը դրած անձանց, նկատեց, որ ոմանք չհաշտվելով պարտության հետ` մինչեւ այսօր էլ շարունակում են իրենց «պայքարը». «Այսօր էլ դիմելով Սահմանադրական դատարան` երկրում ստեղծել են քաոսային իրավիճակ»:
Ռաֆիկ Պետրոսյանը հիշեցրեց, որ հանրահավաքների, ցույցերի կազմակերպման համար գոյություն ունի օրենք` նախապես դիմելու քաղաքապետարան, իրազեկելու, թե որտե՞ղ եւ ո՞վ է կրելու պատասխանատվությունը. «Պահանջները չկատարվեցին, կատարվեցին սպանություն, մեքենաների հրկիզում եւ խանութների թալան: Հայաստանի իմիջը, հեղինակությունն է ընկել. խայտառակելով երկրի վարկանիշը իրենց վայրագ գործողություններով»:
Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, ՍԴ-ում նախագահի թեկնածուների բողոքարկող կողմը չի ելնում նրանից` խախտում կա՞, թե՞ ոչ. վերջինիս խոսքերով. «Ուղղակի բողոքում են ու բողոքում... անկախ ընտրության արդյունքից, նրանք պետք է բողոքեին` երկիրը գցելու այս վիճակի մեջ»:
ՀՀԿ անդամն անդրադարձավ նաեւ արտակարգ իրավիճակին, որը սահմանադրորեն չունի եւ չի մտցրել ռեժիմի մասին օրենք. «Արտակարգ դրություն մտցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում ժողովրդի կյանքին», եւ հավելեց, որ «Ժառանգությունն» էլ իր հերթին ջուր լցրեց հանցագործությունների վրա. «Եվ ԱԺ-ում մինչեւ հիմա էլ շարունակում են իրենց հակապետական գործողությունները: Եթե շարունակվեն հանրահավաքները, ապա կերկարացվի նաեւ արտակարգ դրությունը»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի պարոն Պետրոսյանը «Ժառանգության» այն որոշումը, որ դիմելու են Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին` արտակարգ դրություն մտցնելու խնդրի շուրջը` իրավաբանորեն լուծում ստանալու համար, այսպես պատասխանեց. «Եթե դիմելու են եվրոպական կառույցներին, ապա նրանք էլ համաչափ կհամարեն արտակարգ դրության վիճակը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտմանը, ապա Ռաֆիկ Պետրոսյանը ասաց. «Մոնիտորինգը ցույց տվեց, որ Ադրբեջանն այս ամենն անում է իրավիճակից օգտվելու համար: Մեր «հերոսները» քաջ գիտեին, որ Ադրբեջանը կօգտվի այս ամենից... Լեւոնն էլ չիբուխը ձեռքին գալիս է դատարան` չմտածելով, թե ինչ արեց: Նրան ամենախիստ քրեական հոդվածով պետք է դատել»:
Իսկ թե ո՞վ պետք է առաջին հերթին պատասխանատվության ենթարկվի, բանախոսն ասաց. «Քաղաքական գաղափարներով պայքարողները ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվի, օրինակ` Դավիթ Շահնազարյանը: Բայց նրանք, ովքեր գաղափարակից լինելով` դրդել են զենքի օգտագործմանը, ապա կկրեն պատասխանատվություն. դատավարության ընթացքում այդ բոլորը կտարբերվեն: Նիկոլ Փաշինյանը ջարդի կողմնակից էր, բոլորս էլ լսել ենք հեռուստատեսությամբ նրա հրամաններն ու ելույթները: Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը կանգնած է եղել Տեր-Պետրոսյանի կողքին եւ նրան ոչ մի բան չարեցին: Խաչատուր Սուքիասյանն ու Սասուն Միքայելյանն էլ չկան...»:
«Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը պատասխանատվության չի ենթարկվում», շատերին հուզող հարցին, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց. «Նա մինչեւ հիմա թեկնածու է եւ Սահմանադրական դատարանի ընթացքը չի թողնում նրան ձերբակալել: Սահմանադրական դատարանի վերջնական որոշում կայացնելուց հետո, երբ կտեղեկացվի հաղթող նախագահի անունը, նրա անձեռնմխելիությունը սահմանափակվում է. եւ կարելի է նրա նկատմամբ օրենքով նախատեսված գործողություններ իրականացնել»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ