«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2008-03-06 | #44, 2008-03-07 | #45, 2008-03-08


ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց ԱԳ նախարարի վերջին երեք օրերի հանդիպումները, որոնց մասին արդեն իսկ տեղեկատվություն տրվել էր: Տիգրան Բալայանը փաստեց, որ Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերին: Այնուհետեւ բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը չեզոքացնելուն ուղղված: Այս հարցն էլ նախօրեին քննարկվել է Մեթյու Բրայզայի հետ: Նրան որոշ մանրամասներ են հաղորդվել հետընտրական ժամանակահատվածում կատարվածի առնչությամբ եւ իշխանությունների գործելակերպի, արտակարգ դրություն հայտարարելու պատճառների մասին: Տիգրան Բալայանի տեղեկացմամբ, ամերիկյան կողմի արտահայտած բոլոր տեսակետները քննարկվել են: Սա բարձրաձայնվեց ի պատասխան հարցի, թե ինչ է խոսվել մամուլի սահմանափակումների առնչությամբ:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ հանդիպմանն էլ մանրակրկիտ քննարկվել են Հայաստանի հետընտրական գործընթացները: Նախարարը նաեւ հայտնել է իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը, այն էՙ ենթարկվել Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպիսին էլ լինի:

Երեկ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՙ քննարկվել են հետընտրական եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցեր:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին միջադեպի պարզմանն ի նպաստ ճգնաժամային խմբի դիտարկում իրականացնելուն, ապա խոչընդոտումը ադրբեջանական կողմից է:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4