«Հայ ուսանողների կազմակերպության» եւ Կալիֆոռնիայի պետական համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի «Հայկական ուսումնասիրությունների ծրագրի» հովանավորությամբ մարտի 7-ին, Ֆրեզնոյի ուսանողական թաղամասի «արդյունաբերական տեխնոլոգիայի» ֆակուլտետի շենքում մեկնարկել է հայկական ֆիլմերի տարեկան փառատոնը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրությունը:
Փառատոնին ներկայացվող ֆիլմերի թվում են «Ժողովրդի փաստաբանը: Չարլզ Գարրիի կյանքն ու ժամանակները» ամերիկահայ ռեժիսոր Հրակ Եդալյանի գեղարվեստական ժապավենը, որը պատմում է 1950-60-ական թվերի դատապաշտպանի գործունեության մասին, Նիկոլ Բեզջյանի «Ծիրաններով լի փողոցներ» կարճամետրաժը, եւ Քրիս Շուկլյանի «Սրբազան տարբերություն» ֆիլմը: Բոլոր ֆիլմերը ամերիկահայ ֆիլմարտադրողների նոր սերնդի կողմից են նկարահանված: Նրանցից ոմանք ներկա են լինելու ցուցադրություններին, դիտարկումներից հետո կինոհանդիսատեսի հետ քննարկումներ անցկացնելու համար: Ֆիլմերը ցուցադրվելու են անգլերենով եւ հայերենով: