Քեթրին Ֆիլուի «Սպանել բոսսին» պիեսը, որը Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում է ներկայացվել փետրվար ամսին, բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եւ քննարկման նյութ դարձել հայկական համայնքում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 1-ի համարը:
Պիեսը մարդու իրավունքների խախտումների մասին է: Դեպքերը տեղի են ունենում Ասիայի հարավարեւելյան երկրներից մեկում, որտեղ մրցանակների արժանացած, վաստակաշատ մի ուսուցչուհի, վրդովված կաշառակեր կառավարության անարդարություններից, որոշում է մի ատրճանակ գնել եւ սպանել վարչապետին: Նրան ձերբակալում են եւ սպանում:
Մարդու իրավունքների խախտումներին, դրանց հետեւած անարդարություններին, զանգվածային սպանություններին եւ վերջապես ուսուցչուհու հուսահատ քայլի վերաբերյալ քննարկումներին մասնակցել են Հայ դատի գրասենյակից` արեւելյան շրջանի գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը, Դուկ Գյոգերյանը եւ Սոսի Եսաջանյանը: Նրանք բոլորը խոսել են հանցագործների ձեռքը ժամանակին բռնելու, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին»:
«Ֆիլուի ողբերգական դրաման հարուստ նյութ է տալիս քննարկումների», համաձայնել են նրանք եւ հրավիրել ներկաներին ապրիլի 11-ին մեկ ուրիշ նմանատիպ քննարկմանը մասնակցելու:
Հ. Ծ.