«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2008-03-06 | #44, 2008-03-07 | #45, 2008-03-08


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ ԿԱՆՎԱՆԻ ՀԱՂԹՈՂԻՆ

Արոնյանը ձեռքից բաց թողեց Կառլսենին հաղթելու հնարավորությունը

Շախմատի Լինարեսի մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Ավարտական տուրից առաջ մրցաշարում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին կես քայլով է զիջում Մագնուս Կառլսենը: Նրանից էլ կես միավորով հետ են մնում Լեւոն Արոնյանն ու Վեսելին Թոփալովը: Այս քառյակը հավակնում է գլխավոր մրցանակին:

13-րդ տուրում կենտրոնականն, անկասկած, Լեւոն Արոնյանի եւ նորվեգացի 17-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենի մրցավեճն էր, որի արդյունքը շատ բանով կարող էր կանխորոշել մրցանակային տեղերի համար մղվող պայքարի ելքը: Կառլսենը վերջին շրջանում շատ է առաջադիմել եւ չնայած դեռեւս պատանի է, սակայն հասուն խաղ է ցուցադրում: Նորվեգացին այն երկու շախմատիստներից մեկն է, որին հաջողվել է Լինարեսի մրցաշարում առավելության հասնել Արոնյանի նկատմամբ: Ուստի սպիտակներով խաղացող հայ շախմատիստը պետք է փորձեր ռեւանշի հասնել ու շրջանցել մրցակցին: Սակայն ցավոք, դա նրան չհաջողվեց:

Արդեն 9-րդ քայլում Կառլսենն անսպասելիորեն փոխանակեց բավական լավ դիրքում գտնվող փղին: 14-րդ քայլին նա որակ զոհաբերեց: Արոնյանը հաղթելու հնարավորություն ստացավ, սակայն 23-րդ քայլին սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց մրցակիցը եւ խլեց նախաձեռնությունը: Դիրքը հավասարեցնելու համար Արոնյանը բավական ժամանակ ծախսեց, որի հետեւանքով հայտնվեց ցայտնոտում, ուստի ստիպված էր 28-րդ քայլին առաջարկել ոչ-ոքի, թեեւ կարող էր պարտիան հաղթական ավարտի հասցնել: Այսպիսով, Արոնյանը վաստակեց 7 միավորՙ Կառլսենից հետ մնալով կես միավորով:

Աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդը հերթական ոչ-ոքին գրանցեց իր օգտին: Իվանչուկի հետ մրցավեճում արդեն 23-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Անանդը վաստակեց 8 միավոր: Եթե նա ավարտական տուրում չպարտվի Թոփալովից, ապա նվազագույնը կարող է բաժանել 1-ին տեղը:

Առաջատար քառյակում տեղ զբաղեցրեց Վեսելին Թոփալովը: Նա 48-րդ քայլին սպիտակներով հաղթեց Պետեր Լեկոյին եւ 7 միավորով հավասարվեց Արոնյանին: Արդյունավետ մյուս պարտիան Թեյմուր Ռաջաբովի ու Ալեքսեյ Շիրովի մրցավեճն էր: Շիրովը որակ զոհաբերեց եւ զգալով սխալը, 29-րդ քայլին կանգնեցրեց ժամացույցը: Ռաջաբովը 6,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 6 միավոր ունի Իվանչուկը, իսկ Շիրովն ու Լեկոն 5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

Ավարտական տուրում Արոնյանը սեւերով մրցելու է Լեկոյի հետ: Առաջին շրջանի մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի: Միայն հաղթանակի դեպքում Արոնյանը կարող է հուսալ գոնե 1-ին տեղը բաժանելու, եթե Անանդը պարտվի Թոփալովից, իսկ Կառլսենն էլ չկարողանա հաղթել Ռաջաբովին: Այնպես որ, ընդհանուր հաջողությունը միայն Արոնյանից չի կախված:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4