«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2008-03-07 | #45, 2008-03-08 | #46, 2008-03-11


ՍԵՐԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Սերբիայի վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցան շաբաթ օրը կառավարական ճգնաժամին վերջ դնելու նպատակով վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: Ճգնաժամը կապված է Կոսովոյի անկախության հռչակման եւ Սերբիայի եվրոինտեգրման հարցերի հետ:

Ազգայնական հայացքների տեր Կոշտունիցան նաեւ հրաժարականի դիմում է տվել, գտնելով, որ «կառավարությունն այլեւս միասնական քաղաքականություն չունի երկրի ապագայի հետ կապված Կոսովոյի կարեւոր հարցի առնչությամբ»:

«Նման կառավարությունն այլեւս չի կարող գործել: Սա կառավարության վերջն է: Մենք պետք է մանդատը վերադարձնենք ժողովրդին», ընդգծել է Կոշտունիցան, ավելացնելով, որ հենց այդ նպատակով ինքը կառավարության նիստ է հրավիրել, որպեսզի խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունվի: Վարչապետն առաջարկել է այդ ընտրություններն անցկացնել մայիսի 11-ին:

Կառավարության նիստ անցկացնելու որոշումը պայմանավորված է փետրվարի 17-իցՙ Կոսովոյի անկախության հռչակումից հետո Սերբիայում ծագած լուրջ ճգնաժամով: Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Կոշտունիցան եւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Եվրոմիությանը Սերբիայի անդամակցության հարցում, նշում է Ֆրանսպրեսը:

Եթե նախագահ Տադիչը ձգտում է արագացնել Սերբիայի անդամակցության գործընթացը, ապա Կոշտունիցան գտնում է, որ Եվրոմիության հետ որեւէ համաձայնագիր կարելի է կնքել լոկ այն դեպքում, եթե միությունը Կոսովոն ճանաչի Սերբիայի անբաժան մաս:

Ավելի վաղՙ ուրբաթ օրը, Կոշտունիցան հայտարարել էր, որ այլեւս չի հավատում, թե կառավարող կոալիցիայի գծով իր եվրոպամետ գործընկերները կկարողանան ընդդիմանալ Կոսովոյի անջատմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4