«2008-ի մարտի 1-ին հայտնի իրադարձությունների պատճառով Հայաստանում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով ՀՀ նախագահը որոշում էր կայացրել մարտի 1-ից Երեւան քաղաքում հայտարարել արտակարգ դրություն», երեկ հրավիրած ասուլիսում հիշեցրեց Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` ներկայացնելով նախագահի նոր հրամանագիրը: «Այժմ, հաշվի առնելով, որ մարտի 1-ից մինչ օրս Երեւանում չի արձանագրվել արտակարգ դրության ռեժիմի որեւէ խախտում, արձանագրելով ներքաղաքական իրավիճակի կայունացումը, նպատակ ունենալով ապահովել երկրի եւ բնակչության հնարավորինս արագ վերադարձը առօրյա կյանքի, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ուժը կորցրած են համարվել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 6-րդ եւ 7-րդ ենթակետերը»:
Սողոմոնյանը հիշեցրեց, որ դրանցով սահմանվում էին արտակարգ դրություն հայտարարած տարածքում հետեւյալ ժամանակավոր սահմանափակումները, հրամանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետը վերաբերում էր արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը: Իսկ 7-րդ ենթակետով սահմանվել էր արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ Հայաստանի նախագահի աշխատակազմում համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում արտակարգ դրության հրամանագրի` ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին առնչվող կետի վերաբերյալ այլ իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ: Դա, ըստ Սողոմոնյանի, թույլ կտա մեղմել սահմանափակումների սահմանված աստիճանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ