Երեւանում դրանք ընթանում էին 9 օր անընդհատ
Ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս շարունակվում է ընկալվել որպես օրենքն անտեսելով սեփական տեսակետը զանազան մեթոդներով հասարակությանը պարտադրելու միջոց: Փետրվարի 19-ին հաջորդած հանրահավաքները դրա վառ ապացույցն էին: Ի՞նչ էր տեղի ունենում:
Ընտրություններում պարտված կողմը, հայտնելով իր անհամաձայնությունը դրանց արդյունքներին, 9 օր շարունակ առանց քաղաքային իշխանություններին համապատասխան իրազեկման եւ հանրահավաքներ անցկացնելու թույլատրման, միեւնույն վայրում անց էր կացնում անընդհատ հանրահավաքներ: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի անցկացնելու հանրահավաքներ եւ այդպիսով իր դժգոհությունն արտահայտելու: Սակայն դա ամենեւին էլ չի ենթադրում, որ քաղաքական որեւէ ուժ իրավունք ունի իր համար որպես հենակետ ընդունելու քաղաքի որեւէ հրապարակ, այնտեղ գիշեր ու ցերեկ հանրահավաքներ կազմակերպելու, խանգարելով շրջակայքի բնակիչների անդորրը, տվյալ տարածքը դուրս դնելով իշխանությունների ամեն տեսակ վերահսկողությունից եւ փորձի դրանով իսկ բնակչության փոքրամասնության կարծիքը պարտադրել մեծամասնությանը: Այսինքն, այդ երեւույթը չէր հանդուրժվի որեւէ ժողովրդավարական երկրում, որտեղ հստակորեն սահմանազատված են, թե որտեղ է սկսվում ժողովրդավարությունը եւ որտեղ է դառնում ապօրինի գործողություն: Եթե անգամ ցույցը խաղաղ է եւ տեղի է ունենում չնախատեսված վայրում, չնախատեսված ժամին, դրան անմիջապես միջամտում են հասարակական կարգի պահպանության պատասխանատուներըՙ ոստիկանությունը: Եվ որեւէ այլ երկրի կամ միջազգային կառույցի կողմից դա ոչ մի հատուկ ուշադրության չի արժանանում:
Երեւանում նման բան տեղի չունեցավ եւ չնայած 9 օր շարունակ նախկին նախագահն ու նրա կողմնակիցներն անց էին կացնում չարտոնված հանրահավաքներ, իշխանությունները, հավանաբար ցանկանալով զերծ մնալ միջազգային կառույցների միջամտություններից, չգնացին հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունների եւ բավարարվեցին զգուշացնելով, որ դրանք արտոնված չեն: Մինչդեռ օրենքով նրանք պարզապես պարտավոր էին դա անել, այլ ոչ թե հանդուրժել մինչ հանրահավաքները վերածվեին անկարգությունների, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն սա խնդրի միայն մեկ կողմն է:
Հանրահավաքները, արտոնված, թե չարտոնված, այդուհանդերձ, անց են կացվում ինչ-որ առումով առանձնացված վայրում եւ նույն հասարակության եւ հասարակական կարգի պահպանման համար այնքան լուրջ խնդիր չեն, ինչպես փողոցներով անցկացվող երթերը: Դրանք փաստորեն կաթվածահար են անում քաղաքի տվյալ հատվածի կենսագործունեությունըՙ խցանումներ առաջացնելով փողոցներում, երկար ժամանակ սպասեցնելով երթեւեկողներին եւ տրանսպորտային միջոցներին, խանգարելով պետական գերատեսչությունների եւ մասնավոր ընկերությունների աշխատանքը: Այդ ամենին մենք ականատես եղանք հետընտրական շրջանի նույն 9 օրերի ընթացքում: Չարտոնված երթեր երեւույթի կրկնությունը ապագայում պետք է բացառել առավել, քան չարտոնված հանրահավաքները: Երթեր անցկացնելու արտոնությունը պետք է այնպես հեշտությամբ չլինի, ինչպես հանրահավաքներինը եւ պետք է այնպես անել, որ թույլտվության դեպքում երթերը անցկացվեն օրվա ոչ «պիկ» ժամերին եւ ոչ առավել ծանրաբեռնված ու մեծ թողունակություն ունեցող փողոցներում:
Դժվար է պատկերացնել, որ այն երթերը, որ տեղի էին ունենում Երեւանում, տեղի ունենային Նյու Յորքում, երբ, ասենք, Թայմ Սքվեր հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո նրա մասնակիցները որոշեին անցնել Բրոդվեյով: Կամ Փարիզի Կոնկորդ հրապարակի հանրահավաքի մասնակիցները անցնեին Շազ Էլիզեյով, այն էլ 9 օր շարունակ: Նրանքՙ ովքեր եղել են այդ քաղաքներում կամ պատկերացում ունեն դրանց մասին, կհասկանան, որ նման երթերն ուղղակի չէին կարող տեղի ունենալ այդ քաղաքներում, քանի որ դրանք կաթվածահար կանեին վերոնշյալ քաղաքների զգալի մասը: Ինչը այդՙ ժողովրդավարական երկրների քաղաքային իշխանությունները չէին հանդուրժի եւ կարգուկանոնի հաստատումը րոպեներ կտեւեր, համապատասխան ռեպրեսիվ միջոցներով, ձիավոր ոստիկաններով, սպառազինված ամեն ինչով:
Մի խոսքով, դեռ վաղ է խոսել Հայաստանում իրական ժողովրդավարության առկայության մասին: Եվ եթե մինչ այժմ դա ասելով սովորաբար նկատի ենք ունեցել իշխանությունների անհանդուրժողականությունը, ապա հետընտրական շրջանի իրադարձություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունից խոսող ընդդիմադիրներն ակնհայտ հակաժողովրդավարական մեթոդներով են գործում, որոնք առավել նման են բոլշեւիկյան-հեղափոխական գործելակերպին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ