«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2008-03-07 | #45, 2008-03-08 | #46, 2008-03-11


ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԶԱՎԹԵԼ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազատության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառումների մասնակիցների վկայությամբ, կազմակերպիչների կողմից բնակչության մասնակցությունը խրախուսվել է նյութապեսՙ հրապարակում գիշերը մնալու համար անձին վճարվել է 5-10 հազար դրամ, մատակարարվել սնունդ ու խմիչք: Ավելին, նրանց տրամադրվել են մետաղյա ձողեր, բենզինՙ 20 լիտրանոց տարաների մեջ, ինչպես նաեւ դյուրավառ «կապույտ գույնի մի քիչ պինդ հեղուկՙ շշալցված»: Յուրաքանչյուր մարզ, տարածք ունեցել է իր պատասխանատուն, ով հոգացել է անհրաժեշտ բոլոր ծախսերը: Հրազդանի եւ նրա հարակից տարածքների բնակիչների Ազատության հրապարակում ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ գումարային հատկացումները կատարել է Ազգային ժողովի պատգամավոր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը, իսկ հավաքագրմամբ զբաղվել է վերջինիս համախոհ ոմն Գոռ: Հանրահավաքների անմիջական մասնակից, Ծաղկաձորի բնակիչ Արմեն Ալեքսանյանի վկայությամբ, «Օպերայի բակում հասկացա, որ Հրազդանի եւ նրա շրջակա գյուղերից եկած ժողովրդին պահում եւ կերակրում էր Սասուն Միքայելյանը: Նա էր ֆինանսավորում Բարեղամյանին, որն էլ Գոռի միջոցով գիշերը մնալու համար հրազդանցիներին, մոտակա գյուղերի բնակիչներին վճարում էր 5 հազար դրամ»: Վկայությունների համաձայնՙ Սասուն Միքայելյանը զանգվածային միջոցառումների մասնակիցներին ֆինանսավորելուց բացի, նաեւ հստակ հրահանգներ է տվել իշխանությունն «ամեն գնով զավթելու» մասին: Նախաքննությամբ պարզվել է Բարեղամյանի եւ Գոռի ինքնությունը, որոնք ձերբակալվել են, Սասուն Միքայելյանը դիմել է փախուստի: Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս եւ նրա մյուս հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4