«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2008-03-07 | #45, 2008-03-08 | #46, 2008-03-11


ԵՐԵՎԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է ԳՐԵԹԵ 69 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած անկարգությունների պատճառով մայրաքաղաքը կրել է 68,9 մլն դրամի վնաս: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա մասնավորապես նշեց, որ խոսքը մայրաքաղաքի կենտրոնում պետական գույքին, վարչական, ընդհանուր օգտագործման տարածքներին, թաղապետարանի ենթակայության գույքին եւ տարածքներին պատճառված վնասի մասին է: Փոխքաղաքապետը նշեց, որ այն վնասը, որը ենթակա է վերականգնման շինվերականգնման աշխատանքների միջոցով, կազմում է 34,7 մլն դրամ, Կենտրոն թաղապետարանի ենթակայության տարածքներին պատճառված վնասըՙ 24,5 մլն դրամ, հասարակական տրանսպորտային միջոցներինըՙ 6,4 մլն դրամ, Երեւանի քաղաքապետարանի շենքինըՙ 3,7 մլն դրամ:

Վերոնշյալ կորուստների մեջ ընդգրկված չեն այրված մեքենաները եւ մասնավոր հատվածին պատճառված վնասները: Մասնավոր կազմակերպությունները վերականգնել են շինհրապարակներին կից ժամանակավոր ցանկապատերը, մայթերը եւ լուսավորությունը:

Կամո Արեյանը հայտնեց նաեւ, որ հանձնարարական է տրված քաղաքապետից առաջնահերթ վերականգնել կանաչ տարածքները, մայթերը, նստարանները, այդ աշխատանքները կսկսվեն գարնան շինվերանորոգման աշխատանքների համար սահմանված ժամկետներում:

Ֆինանսական վնասը կփոխհատուցվի Երեւանի քաղաքապետարանի համաքաղաքային կապիտալ ֆինանսավորման ծախսերի հաշվին: Հարցին, թե քաղաքապետարանը մտադիր չէ՞ պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու համար դիմել դատախազությանը, Կամո Արեյանը պատասխանեց, որ քաղաքապետարանի առաջնահերթ պարտականությունն է վերականգնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է քաղաքի ամենօրյա կենսագործունեությունն ապահովելու համար, իսկ փոխհատուցման հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4