Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ անցկացնում է «2007-X» թատերական շաբաթը: Իսկ թե ի՞նչ նպատակի է ծառայելու շաբաթը, նախարարը պարզաբանեց. «Այսօր իսպառ վերացել է քննադատությունը եւ մեզանում ստեղծված մշակութային արժեք ոչ մի քննարկման, վերլուծության չի արժանանում, որը լուրջ խնդիր է»: Որպեսզի հետադարձ հայացքով գնահատվի, թե ի՞նչ է ստեղծվում ու մատուցվում թատերասերներին, այս տարի ոլորտ առ ոլորտ ամփոփվելու են ծրագրերը եւ գնահատականներ են տրվելու: Թատերարվեստում 2007-ին ստեղծված գործերի, հիմնականում հեղինակային էքսպերիմենտալ ներկայացումների շաբաթ է անցկացվում, որի ընթացքում կցուցադրվեն 8 ներկայացում, իսկ ավարտից հետո հանդիսատեսի, թատերական քննադատների, արվեստաբանների հետ կանցկացվի թատրոնի արդի խնդիրների շուրջ երկխոսություն, բանավեճ: Ի վերջո, որոշակի գնահատական կտրվի, թե մեր օրերի թատերասերը ի՞նչ է ակնկալում: Ինչո՞ւ «2007-X» հարցին նախարարը ասաց. «Դա պայմանական անվանում է, եւ ես կարծում եմ, որ հասարակությանը, որին ցանկանում ենք ուշադրության կենտրոնում պահել, այս թատերական շաբաթվա նոր ստեղծագործությունները, ներկայացումները հենց հասարակության համար X են, շատերը չեն տեսել ու ծանոթ չեն եւ կփորձեն իրենց համար պարզաբանումներ գտնել, հուզող հարցերի պատասխանները ստանալ: Իսկ թատերարվեստի մասնագետների համար այս շաբաթը լավագույն առիթն է` գնահատելու սեփական ուժերը...»: Մի խոսքով նախարարությունը փորձ է անում հանդիսատեսի համար թատրոն հաճախելը դարձնել տոն, ինչպես եղել է տարիներ շարունակ: Թատերական շաբաթը մեկնարկեց մարտի 10-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որտեղ ներկայացվեց «AK.AK» ներկայացումը (ռեժիսորՙ Ռուբեն Բաբայան): Այսօր Կամերային երաժշտության թատրոնում կցուցադրվի «Անուշ» (ռեժ.ՙ Դ. Հակոբյան), մյուս օրերին հաջորդաբար` Երեւանի կամերային թատրոնում` «Փնտրվում է տղամարդ» (ռեժ.ՙ Լ. Երնջակյան), մնջախաղի թատրոնում` «Իմ ծնողների նեւրոզները» (ռեժ.ՙ Ս. Շահվերդյան), գեղագիտության ազգային կենտրոնում` «Օֆելյայի ստվերների թատրոնը» (ռեժ.ՙ Վ. Բադալյան), Է. Էլբակյանի թատրոնում` «Չե՞ս պարի ինձ հետ» (ռեժ.ՙ Ա. Էլբակյան) եւ մարտի 17-ին թատերական շաբաթը կեզրափակվի «Երկնագույն երկրագունդ» (ռեժ. Ն. Գրիգորյան) ներկայացումովՙ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շենքում:
Նշենք նաեւ, որ թատերական շաբաթ «2007-X»-ը մայիս ամսին կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում եւ Մեղրիում, ամենուր ներկայացումից հետո կկայանան քննարկում-բանավեճեր:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ