Ուշադրության դրվագ ազգային նվագարանների նկատմամբ
Նարեկացի արվեստի միությունում երեկ հաշվետու համերգով ներկայացան Ալֆրեդ Թերզիբաշյանի անվան թառի եւ քամանչայի դասարանը, որը կազմավորվել է 2005-ին`ազգային ժողովրդական նվագարանների նկատմամբ հետաքրքրության իսպառ վերացումը կանխելու համար: Երգահան Արա Գեւորգյանի, Լիբանանից Բաղդադյան եղբայրների աջակցությամբ եւ բարերար Ալֆրեդ Թերզիբաշյանի ֆինանսական աջակցությամբ երեք տարի առաջ կազմավորվեց թառի եւ քամանչայի ուսուցման դասարան, որը 3 տարվա ընթացքում մոտ 20 աշակերտների ուսուցանել է տիրապետել հիշյալ երկու ժողգործիքներին:
Նարեկացի արվեստի միության գործադիր տնօրեն Թովմաս Այնթապյանի խոսքով, ծրագիրը նպատակաուղղված է հայկական ժողովրդական գործիքների վերակենդանացմանը: «Կան մի շարք ժողովրդական գործիքներ` թառը, քամանչան, սանթուրը, քնարը եւ մյուսները, որոնք վտանգի առաջ են, որոնց հետեւող երիտասարդության թիվը շատ նվազել է: ՀՀ ժողարտիստ Արա Գեւորգյանի նախաձեռնությունն էր այս ծրագիրը, որին աջակցեցին Բաղդադյան եղբայրները Լիբանանից, իսկ Ալֆրեդ Թերզիբաշյանը հովանավորեց երեք տարվա դասընթացները` ամեն ամսվա նվիրատվությամբ պահելով դասարանը: Այս երեխաներից մի քանիսն արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունում են սովորում թառի եւ քամանչայի ուղղությամբ, իսկ մնացածն էլ այս ավարտական հաշվետու համերգից հետո կամ դառնալու են վարպետներ, կամ էլ ծառայելու են մեր հայ ժողովրդական գործիքների շարունակությանը, այսինքն` տարբեր համերգների կարող են նվագել, մասնակցել հանրային միջոցառումների եւ ապահովել հայ երաժշտության ներկայությանը», ասաց արվեստի միության գործադիր տնօրենը` միաժամանակ տեղեկացնելով, որ պատվոգրեր եւ շնորհակալագրեր կհանձնվեն ոչ միայն շրջանավարտներին, այլեւ հետմահու շնորհակալագիր կտրվի թառահար Ալյոշա Աբրահամյանին, ով այս 3 տարում շատ բան է փոխանցել աշակերտներին:
Ծրագրի աջակից Տիրան Բաղդադյանն ընդգծեց իրենց ծրագրի տարբերությունը մյուսներից` նշելով, որ իրենք վճարում են երեխաներին. «Երեխաներին վճարում էինք, ինչը շահագրգռություն էր: Իհարկե միայն փողը չէր, նրանք հետաքրքրված էին, բայց դա էլ շահագրգռեց: Կառավարությունն անվճար է դարձրել այդ գործիքների ուսուցումը, բայց ի վիճակի չէ վճարել դրանք սովորելու համար: Մեր ծրագրի արդյունքում մարդիկ սկսեցին խոսել այս գործիքների մասին, եւ այսօր մոտ 20 երեխաներ գիտեն ինչպես աշխատել այդ գործիքների հետ»:
Գառնիկ Գասպարյանը ժողգործքիների նվագախմբի ղեկավար է, քամանչայի ուսուցիչ, ում կարծիքով «Գաղտնիք չէ, որ շուրջ 15-20 տարի հետին պլան էին մղվել մեր ազգային երաժշտական գործիքները, բայց շնորհիվ այս ծրագրի շուրջ 2 տասնյակ թառ եւ քամանչա նվագել սովորողներ եղան: Նրանցից 4-ը բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվել»: «Այն ժամանակ, երբ այս գործընթացը չէր սկսվել, ազգային նվագարանների խիստ դիֆիցիտ էր զգացվում: Ես հիշում եմ այն ժամանակ հեռուստատեսությամբ հայտարարեցին ուսումնարաններում եւ դպրոցներում դիմորդներ չկային, եւ առաջին նախաձեռնությունը սա էր, որի արդյուքնում այսօր ավարտում են այդքան երեխաներ, որոնցից երեքը հանրապետական մրցույթների դափնեկիրներ են, մեկին հրավիրել են պետական նվագախումբ», հավելեց թառահար, մանկավարժ Հովհաննես Սահակյանը:
«Այս դասարանը բացվեց ոչ լավ օրերից. փաստորեն, մեր դպրոցներից պակասել է դիմորդների քանակը, գրեթե չկա հետաքրքրություն ժողովրդական գործիքների նկատմամբ, եւ ոչ մի ծնող իր երեխային թառի կամ քամանչայի չի տանում: Դրա համար էլ ստեղծվեց այս դասարանը, գտանք մասնագետներ, ովքեր պատրաստեցին այսպիսի երեխաների, եւ նրանցից արդեն օգուտը քաղել ենք` երկուսն արդեն սովորում են մանակավարժական համալսարանում, մի քանիսը տարբեր նվագախմբերում են նվագում եւ արդյունքն ակնհայտ է, որ մենք շահեցինք: Լավ կլինի, որ այս նախաձեռնությունը շարունակվի, բայց ոչ սփյուռքահայ բարերարների միջոցով, այլ հիմք դրվեր պետական համակարգի , որ ուսուցանվեին ազգային նվագարանները, որովհետեւ ուրիշ ոչ մի ազգ մեզ չի կարող քամանչա, թառ նվագել սովորեցնել», համոզված է երգահան Արա Գեւորգյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ