Այս վերնագրով «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի փետրվարի 23-ի համարում BBC-ի լրագրողը Երեւանից գրում է ոմն Արմինեի մասին, որը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով:
Նստած ենք սրճարանում, սուրճ ենք խմում: Արմինեն նախկինում ուսուցչուհի եւ թարգմանչուհի է եղել, մասնագիտությամբ ինժեներ է, տիրապետում է հինգ լեզուների եւ լավ թավջութակ է նվագում: Երեք տարի առաջ, երբ ծանոթացա նրա հետ, Արմինեն պատրաստվում էր երեխաների համար երաժշտական դպրոց հիմնել: Այժմ նա խոսում է միայն սեփականությունից եւ անշարժ գույքից:
«Ուզում եմ հարստանալ եւ հետո թողնել հեռանալ: Ճիշտ է, անկախություն ձեռք բերեցինք, բայց հոգիներս դատարկվեցին: Տնտեսությունը ռուսների ձեռքում է նորից: Հարուստ օլիգարխներն ամենատարբեր մակնիշի արտասահմանյան մեքենաներով իրենց ամենակարող են զգում», ասում է Արմինեն, որն անցած երկու տարիներին հինգ անգամ բնակարաններ գնելով ու վաճառելով կրկնապատկել է իր կապիտալը: «Ինչպես հրեաները, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները տուն կամ բնակարան են գնում հայրենիքում: Գներն էլ բնականաբար աճում են», շարունակում է նա, բերելով սիրիահայերի, լիբանանահայերի, իրանահայերի, իրաքահայերի եւ նույնիսկ լոսանջելեսահայերի օրինակը: «Դրանով նրանք իրենց «նախնիների տանը» ներդրում են կատարում, որպեսզի որեւէ ժամանակ կարողանան գալ եւ հաստատվել այստեղ», բացատրում է նա, նշելով վերջին շրջանում իրանահայերի աշխուժությունը այդ գործում:
Բայց Արմինեի երազանքն է գնալ հարավ եւ տեսնել մի յուրահատուկ լեռ: Այդ լեռը սրբազան լեռ է եւ խորհրդանշում է հայերին: Դա բիբլիական Արարատն է, որի վրա, ըստ ավանդության, Նոյի տապանն է հանգչել: Դրա նկարները կարելի է տեսնել ամենուրեք` տներում, ռեստորաններում եւ հիվանդանոցներում:
Շինարարությունը արագ տեմպերով առաջ է գնում Երեւանում: Ցեմենտի գործարանը, որը պատկանում է Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկին, շարունակում է ցեմենտ մատակարարել նորանոր բազմահարկ շենքերի եւ առեւտրի կենտրոնների համար: «Հին Երեւանը հաճելի, մտերմիկ մի զգացողություն էր պարգեւում այցելուին: Փոխվել է դա հիմա: Իմ մտածելակերպն էլ է փոխվել: Հիմա միայն մտածում եմ հարստանալու մասին», ավարտում է խոսքը Արմինեն:
Թարգմ. Հ. Ծ.