«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2008-03-07 | #45, 2008-03-08 | #46, 2008-03-11


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Մարտի 4-ին Հայաստան ժամանած Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն այստեղից մեկնեց Բաքուՙ մասնակցելու կաթոլիկ եկեղեցու բացման արարողությանը:

Ակամա անդրադառնում ենք, որ Ադրբեջանում մի կողմից ոչնչացվում են հայ քրիստոնեական մշակույթի հուշարձանները, իսկ մյուս կողմից բացվում կաթոլիկ քրիստոնեական եկեղեցի: Անշուշտ, ուրախ ենք եկեղեցու բացման համար, եթե ստիպված չլինեինք տխրել` հիշելով մեր քրիստոնեական հուշարձանների կորուստը նույն երկրում:

Հերթական անգամ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ կրոնական հանդուրժողականությամբ եւ քրիստոնեական արժեքների հանդեպ սրտաբաց վերաբերմունքով: Ի՞նչ է ուզում աշխարհին ապացուցել Ադրբեջանը: Յոթ միլիոնանոց երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, կաթոլիկ եկեղեցու հետեւորդները ընդամենը 400 հոգի են, որոնցից կեսը դիվանագիտական ներկայացուցիչներ են, իսկ մյուս կեսըՙ նավթարդյունաբերության ոլորտում աշխատող մասնագետներ: Պարզից էլ պարզ է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է սիրաշահել աշխարհի քրիստոնյա հանրությանը, մասնավորաբար եվրոպացիներին: Պետական այս քաղաքականության արմատները գալիս են դեռեւս Ալիեւ ավագի նախագահության շրջանից: 2002-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի Ադրբեջան այցելության առիթով Հեյդար Ալիեւը եկեղեցու կառուցման հողակտորը նվիրաբերեց կաթոլիկ եկեղեցուն: Քրիստոնեական եկեղեցու բացումը մահմեդական երկրում հիանալի առիթ է ադրբեջանական իշխանությունների համար` լրատվամիջոցներով աշխարհին վերաձայնելու այս մասին եւ ներկայանալու կրոնական հանդուրժողականության դիրքերից: Մինչդեռ առանց Հայ եկեղեցու հետ համաձայնության, Բաքվի 18-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական իշխանություններն այսօր ծրագրում են վերածել Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիեւի անվան գրադարանի: Միջազգային հանրությունը վերջերս ականատես եղավ, թե ինչպես են ազերիները ոչնչացնում Ջուղայի քրիստոնեական մշակույթի հուշարձանները, որը ոչ այլ ինչ էր, քան պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչություն հայ քրիստոնեական արժեքների եւ մշակույթի հանդեպ: Հայկական հուշարձանների ոչնչացումը նույնպես քաղաքականություն էՙ վերացնելու քրիստոնյա հայ ժողովրդի հնագույն վկայություններն իր պատմական հայրենիքում: Ադրբեջանի գոյության առաջին իսկ օրերից հետեւողական քաղաքականություն է վարվել հայությանը դուրս մղելու խորհրդային շրջանում այդ հանրապետության տարածքում հայտնված հայկական Նախիջեւանի եւ Ղարաբաղի շրջաններից: Ուղիղ 20 տարի առաջ հազարավոր հայորդիներ մազապուրծ եղան նաեւ Բաքվից, որոնց թվում եւ Բաքվում պաշտոնավարող վերջին հայ հոգեւորականը: Եվ այսօր Ադրբեջանը վերստին փորձում է աշխարհին մոլորեցնել քրիստոնեական արժեքների հանդեպ ցուցաբերած առերեւույթ հոգատարությամբ:

Քրիստոսի եկեղեցին մեկ է, ինչպես որ Տիրոջ մարմինը, քրիստոնեական արժեքները մեկ են ամբողջ աշխարհում եւ համամարդկային արժեք են: Ադրբեջանցիների կատարած ահաբեկչությունը ոտնձգություն էր ողջ քրիստոնեական մշակույթի հանդեպ:

Տեղին է անդրադառնալ, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներում գտնվող մահմեդական հուշարձանները ոչ միայն չեն վնասվում, չեն ոչնչացվում եւ չեն գործածվում այլ նպատակների համար, այլեւ գտնվում են պետական հոգածության ներքո եւ նորոգվում են:

Հավատում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի մեր ժողովրդի արդարացի ձգտումին` պահպանված ու անվնաս տեսնել մեր ժողովրդի դարերով կերտած քրիստոնեական արժեքները:

Բ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4