«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՈՐՈՇ ԹԵՐԹԵՐ ԼՈՒՅՍ ՉԵՆ ՏԵՍԵԼ

Մարտի 1-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին նախագահի ստորագրած հրամանագրում, որով սահմանափակումներ էին մտցվել նաեւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում, փոփոխություն է եղել, ինչպես գրել էր մեր թերթը երեկ: Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագրով մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետում հետեւյալ փոփոխությունն է եղել. «Արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակն ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

Այս կետի փոփոխությունը թերեւս ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների փոփոխում է, քանի որ մարտի 1-ի հրամանագրով լրատվամիջոցները կարող էին նյութեր հաղորդել կամ հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվության հիման վրա: Նախագահի հրամանագրում կատարված նախօրեի փոփոխության պարագայում, սակայն, երեկ որոշ թերթեր կրկին լույս չէին տեսել:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իրենց թերթի չտպվելու կապակցությամբ «Ազգին» ասաց, որ իրենք նախապես զգուշացված էին, որ մինչ տպվելը թերթերը կարդալու են տպարանում: Օրվա երկրորդ կեսին, գլխավոր խմբագրի խոսքով, իրենք տպարան են ներկայացրել իրենց թերթի 4-րդ եւ 5-րդ էջերը, որոնք, Աբրահամյանի խոսքով, ԱԱԾ աշխատակիցը կարդացել է եւ հայտնել, թե դրանք պարունակում են ակնհայտ սուտ տեղեկություններ: «Այսինքն, միայն մարտի 20-ից հետո՞ լույս կտեսնի թերթը» մեր հետաքրքրությանը Արամ Աբրահամյանը պատասխանեց, որ հավանաբար այո, քանի որ իրենք չեն կարող աշխատել չտպվելու համար:

«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանն ասաց, որ, իր տեղեկությամբ, մի շարք թերթեր եւս տպարան մտել են, բայց գրաքննության ենթարկվելուց հետո լույս չեն տեսել: Նրա խոսքով, նախօրեին տպարան են հասել նաեւ «Հայք», «Տարեգիր», «Չորրորդ իշխանություն» թերթերը, որոնք չեն կարողացել լույս տեսնել: Թերթի պատասխանատուն մտավախություն ունի, որ իրենց համար խոչընդոտներ կստեղծվեն նաեւ մարտի 20-ից հետո լույս տեսնելու գործում. «Կարծում եմ, կան կոնկրետ թերթեր, կոնկրետ անուններ, որոնց թույլ չեն տալու տպվել», ասաց Հայկ Գեւորգյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ իրենք շարունակելու են աշխատել եւ թերթը տպագրել:

Այսօրվա համարի վրա երեկ օրվա երկրորդ կեսին աշխատում էին «168 ժամ» թերթի խմբագրությունում: Թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը սակայն մտավախություն ուներ, որ գուցե չկարողանան տպել. «Դե որ կարդում են նյութերը, գուցե թույլ չտան տպվել»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4