«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ

Վրացիների ներկայիս հացադուլը` Երեւանի բազմամարդ հավաքների երկրորդ փո՞ւլ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ընտրությունները մի տեսակ փորձաքար են դարձել այն երկրների համար, որոնք հրաժարվելով մեկ ռեժիմից փորձում են անցնել եվրոպական եւ ամերիկյան իրականության օրինակին` որդեգրելով ժողովրդավարական ընթացքը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ միջազգային հանրության մեջ ինտեգրվելու ճանապարհին: Միայն թե շատ դեպքերում կան միայն արժեքների անվանումները, բայց դրանք որպես այդպիսին դեռեւս սաղմնավորված փուլում էլ չեն:

Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեզանում դեռ գերակշռում է մաքիավելիական մոտեցումների ընտրությունը` որպես ուզածին հասնելու ամենաուղղակի մեթոդ: Մինչդեռ ըստ Մաքիավելու, նպատակն արդարացնում է միջոցները, եթե խոսքը պետության կայունության ու պետական շահերի պաշտպանությանն է վերաբերում, ինչից մենք այնքան հեռու ենք: Ամեն դեպքում, Հարավային Կովկասում ընտրությունները որպես կանոն գնահատվում են մոտ ժողովրդավարական չափանիշներին, բայց ընդդիմությունը գրեթե միշտ անհամաձայն է մնում: Միայն թե այդուհետեւ բավականին տարբեր են դառնում գործողությունների հաջորդական տրամաբանությունն ու մոտեցումները:

Վրաստանում էլ հունվարի 5-ին նախագահական ընտրություններ էին, իհարկե, ոչ հերթական, ինչպես Հայաստանում: Վրաստանի նախագահ Սաակաշվիլին որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել` թերեւս ամենաճիշտ քայլն անելով նոյեմբերյան ցույցերից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ընդ որում, հարեւանների մոտ էլ արտակարգ դրություն հայտարարվեց` գրեթե նույն դրույթներով, ինչ Հայաստանում մարտի 1-ին:

Իշխանության կտրվածքով որոշակի ընդհանրական է զարգացումների ու հաջորդող քայլերի ընթացքը ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի դեպքում: Միայն թե 2007-ի նոյեմբերի 2-ից մեկնարկած հանրահավաքը վրաց ընդդիմությունը շարունակական պահեց մինչեւ նոյեմբերի 7-ը: Վրաց իշխանությունները նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան ցրեցին Ռուսթավելու պողոտայի` հրապարակային հատվածում գիշերած ցուցարարներին, կիրառելով արցունքաբեր գազ եւ մահակներ, նաեւ ռետինե փամփուշտներ: Վրաց ընդդիմությունն էլ, իր հերթին, սպասեց մինչեւ արտակարգ դրության վերացումն ու էլի սկսեց հանրահավաքներ կազմակերպել, որոնք որոշակի ընդմիջումներով շարունակվում են մինչեւ օրս` արդեն մոտ մեկ շաբաթ հացադուլային որակում ստանալով: Եվրոպական կառույցներն էլ, ամերիկյանների նման, հորդորների, գնահատականների հեղեղով «պարգեւեցին» վրաց իշխանություններին:

Հետաքրքրական է, որ եթե վրաց ընդդիմությունը նոյեմբերին հրապարակ էր դուրս եկել ավելի շուտ երկրորդական, ապա նախագահական արտահերթ ընտրություններից հետո, արդեն ավելի քան երկու ամիս անց էլ խոսում է ընտրությունների արդյունքների վերանայման անհրաժեշտությունից` թերեւս սպասվող գարնանային խորհրդարանական ընտրություններում քաղաքական կշիռը պահպանելու նպատակով: Ընդ որում, ընդդիմության հետընտրական բողոքի ակցիաները գնում են բացարձակապես այլ սցենարով` չհենվելով բազմամարդ հավաքների ու ցույցերի վրա: Վրաց ընդդիմադիրները հացադուլ են անում հենց խորհրդարանի խոսնակի ընդունարանում, պատճառաբանելով, որ անցանկալի են հավաքները դրսում, որոնք մեծապես լարում են իրավիճակը: Մեզանից էլ կարծես նմանակում են վրանային ճամբարը` օրեցօր ավելացնելով վրանների թիվը:

Հայաստանում ընդդիմությունը մասնակցեց հերթական նախագահական ընտրություններին, հետո չհամաձայնեց ընտրական արդյունքներին: Եվ ինչպես ցույց տվեց ժամանակը, նաեւ անընդունելի համարեց սահմանադրական դատարանի որոշումը նույն այդ արդյունքների առնչությամբ:

Բայց եթե վրաց ընդդիմությունը հետընտրական շրջանում փոխեց իր մոտեցումները` պայքարի քաղաքականապես ավելի բարձր մակարդակի անցնելով, հայկական ընդդիմությունը նախընտրեց հետեւել «գունավոր հեղափոխությունների» արդեն իսկ անհաջողության մատնված ուկրաինական եււ վրացական սցենարներին, հույս ունենալով, թե կարող է անել ավելին: Ազատության հրապարակում հայտնված վրանները բավականին արագ քաղաքական պայքարի ատրիբուտներից վերածվեցին բնակատեղիի, ինչը չէր կարող ներգծվել անգամ մայդանական գործողությունների ծրագրին: Ավելին, եւ ավելին բացասական իմաստով: Հայաստանում ընդդիմության գործողությունների զանգվածային անկարգությունները բերեցին թալանի ու խուլիգանության: Եվ դա այն դեպքում, երբ հայկական ընդդիմության հանրահավաքներին մասնակից հատվածը, ի դեմս օպերայի հրապարակի հարթակից ավելի հաճախ ելույթ ունեցողների, առաջնորդ կամ առաջնորդներ ուներ, մինչդեռ վրաց ընդդիմությունը հանրահավաքներ կազմակերպելիս ըստ էության առաջնորդ չուներ, չկար մեկը, որի քաղաքական կշիռն ու հռետորական կարողությունները եւ քաղաքական կարիերան իսկապես առաջնորդ որակելու հնարավորություն տային:

Ավելի հաճախ կարելի է հանդիպել մոտեցումների, թե վրաց ընդդիմությունը նախընտրեց սեփական դժգոհության արտահայտման ոչ զանգվածային միջոցները, քանի որ Վրաստանում դեռ առջեւում են խորհրդարանական ընտրությունները հենց այս գարնանը: Փաստացի, վրաց միասնական ընդդիմությունը դեռեւս կարող է իր քաղաքական գիծն առաջ տանելու հնարավորությունից օգտվել եւ պայքարել խորհրդարանական ընտրություններում հնարավորինս բարձր տոկոսի քվե ստանալու համար, ինչից գործնականում զրկված է հայկական ընդդիմությունը, քանի որ մեր խորհրդարանը դեռեւս նորընտիր է ու դժվար է պատկերացնել ցրելու եւ կրկին ընտրություններ անցկացնելու սցենարի հավանականությունը:

Միեւնույն ժամանակ, դժվար է հաստատապես ասել, թե ինչ քայլերի կգնա վրաց ընդդիմությունը, երբ ավարտվեն խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների առնչությամբ բնավ էլ դժվար չէ կանխատեսումներ անել: Եվ եթե հաշվի առնենք, որ Վրաստանի առնչությամբ եվրոպական ու ամերիկյան ռեւերանսները եւ քաղաքական բարի կամեցողությունը շատ ավելի ընդգծված ու շատ են, քան Հայաստանի հանդեպ, դժվար չէ կանխատեսել նաեւ, թե գնահատականների ու հորդորների ինչ երանգներ կունենան եվրոկառույցների հայտարարությունները:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամենից առաջ պետք է գնահատական տրվի մարդկային այն դժգոհությանը, որ «կողմի» փոխարեն «ընդդեմ» մոտեցմամբ պերմանենտ դարձրեց հանրահավաքային տրամադրությունները Երեւանում ու պատճառ դարձավ արտակարգ դրություն մտցնելու համար: Եվ քանի որ առջեւում էլ չկան խորհրդարանական ընտրություններ, ուրեմն պետք է մտածել հարցի հիմնական, արմատական, խորքային լուծման մասին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դժգոհության գրեթե նույն ձեւակերպումների պայմաններում վրաց հասարակությունը, նույն իշխանական զսպման գործողությունների դեպքում, չանցավ թալանի, մեքենաներ այրելու ու խուլիգանության, եւ թե ինչու մեզանում մաղձն ու ատելությունը այդքան որոշակի պառակտում մտցրեցին:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թեկուզ «գունավոր հովերի» կամ դրսից գործածության մեջ մտցվող «հեղափոխությունների» պարագայում, առավել եւս այն դեպքում, երբ որեւէ բան տեղի է ունենում առաջին անգամ: Այս առումով մենք մեր չափն էլ անցանք, սահմանն էլ: Ու կայունության փոխարեն, որ կենսական նշանակություն ունի, ապրում ենք մի իրավիճակում, երբ անգամ դրա արտակարգ լինելը չի ստեղծում երաշխիքներ:

Փոխանակ հարեւաններից լավը սովորելու, եթե հարկ է` ընդօրինակելու, ո՞ւր հասանք: Վրացիներն էլ, թերեւս մեզանից վերցնելով, հացադուլավորների կողքին խորհրդարանի դիմաց նաեւ վրաններ են խփել... Թերեւս ոչ լավ օրինակ: Ինչեւէ, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն վրացիների, մենք չբռնեցինք քաղաքակրթության ամենասովորական քննությունը, որից մի երկար ժամանակ է, ինչ բացասական գնատահական է ստանում նաեւ «քաղաքակիրթ» Եվրոպան, ուրեմն նույն այդ Եվրոպայից, իսկ ավելի շուտ` հարեւաններից յուրացնել է պետք միայն այն, ինչ զարգացում է ապահովում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4