ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը` 150 երկրներ դեմ կամ ձեռնպահ են քվեարկել Ադրբեջանի բանաձեւին, որը կոչվում է «Իրավիճակը գրավյալ տարածքներում», եւ որով վերջինս ցանկանում էր հաստատել իր տարածքային ամբողջականությունը: Բանաձեւին կողմ են եղել միայն 39 երկիր, որոնք կամ ՎՈՒԱՄ-ի, կամ Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներ են եղել: Բանաձեւին դեմ են քվեարկել նաեւ Մինսկի խմբի համանախագահները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Բանաձեւը չի ստացել նաեւ Եվրոմիության անդամ ոչ մի երկրի աջակցությունը: Եվ չնայած ոչ մի իրավական ուժ չունեցող այս փաստաթուղթը նույնիսկ այսպիսի ձայներով համարվում է ընդունված, սակայն արտգործնախարար Օսկանյանը նշել է, որ այս քվեարկությունը ուղերձ է Ադրբեջանին, որպեսզի վերջինս հասկանա միջազգային հանրության տրամադրությունները, որը մերժում է միակողմանի այսպիսի բանաձեւերը: Վարդան Օսկանյանը ադրբեջանցիների բանաձեւը գնահատել է որպես երեսպաշտություն, որը ոչինչ չի տա պաշտոնական Բաքվին: