Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Զեյթուն սրտանոթային բժշկական կենտրոն»-ի տնօրեն, Ազգային առողջապահության ինստիտուտի ինվազիվ սրտաբանության ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ գարնան ու աշնան ամիսներին տարբեր տեսակի հիվանդությունների սրացում է նկատվում: Դրանք հիպերտոնիկ, սրտի իշեմիկ հիվանդություններն են: «Ազգի» այն հարցին, թե այս վերջին դեպքերը ի՞նչ ազդեցություն ունեցան հասարակության առողջության վրա, պրն Խաչատրյանը ասաց. «Այդ 10-12 օրերը համազգային սթրեսի օրեր էին: Այդ օրերին իմ կլինիկայի հիվանդների մոտ բավականին լուրջ հիվանդությունների ակտիվացում տեսա, մեր քարտադարանում գրանցված 6000 հիվանդներից 4000-ը դիմել են մեզ ու հաճախակի այցելում են»:
Ճի՞շտ է արդյոք, որ սիրտ-անոթային հիվանդությունը «երիտասարդացել» է` սրտաբանը պարզաբանեց, որ հիվանդության ճանաչելիությունն է բարձրացել ու տարբեր տարիքային խմբերի մեջ այսօր հնարավոր է բազմաշերտ ճիշտ հետազոտություններ կատարել մինչեւ հանկարծամահությունը: «Այսօր Հայաստանում սրտամկանի ինֆարկտով մահացությունը ավելի հազվադեպ է լսվում: Երեւույթը ինքնին դարձել է այլ մակարդակի վրա քննարկվող մի բան ու այսօր տարբեր կլինիկաներում մեկ օրում 6-7 սրտի վիրահատություններ են կատարվում, եւ դա այնքան նորմալ երեւույթ է դարձել, որ 5 օր հետո հիվանդը տուն է գնում, ու այո, դրանք նաեւ երիտասարդացել են»: Իսկ ի՞նչն է պատճառը. պրն Խաչատրյանն ասաց. «Մենք բարձր խոլեստերին ունենք, մեր արյան ճնշումը ավելի բարձր է, մեր արյան մեջ սկլերոզին նպաստող հանգամանքներ կան, ի վերջո մենք սխալ ենք ապրում»: Մարդուն մեկ օրվա ակտիվ կյանք վարելու համար անհրաժեշտ է 1500-1600 կկ, որը մոտավորապես կա երկու բաժակ օղու մեջ կամ մի կտոր չալաղաջի մեջ, պարզաբանում է սրտաբանը ու խորհուրդ տալիս, եթե նման սնունդ են ընդունում, ապա պետք է այդ էներգիան ծախսվի: «Գինի օգտագործել օղու փոխարեն, ակտիվ կյանքով զբաղվել, վազել, մարզման սրահներ հաճախել, զբաղվել սեքսով, որը շատ էներգիա է խլում, իսկ որ ամենակարեւորն է` քիչ ուտել ու դիմել բժշկի ընդհանրապես, ստուգելու, թե իր օրգանիզմը ի՞նչ վիճակում է եւ ի՞նչ բուժական միջոցներ է հարկավոր յուրաքանչյուր մարդու», ասում էր սրտաբանը:
Իսկ թե ո՞ր տարիքային խմբերի մեջ են նկատվում սիրտ-անոթային հիվանդությունները եւ ո՞ր սեռի ներկայացուցիչների, պրն Խաչատրյանը պարզաբանեց. «Դրանք ամենից շատ նկատվում են 40-45 տարեկանների մոտ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդները չեն հիվանդանում, պարզապես նրանց պաշտպանական ուժերը չեն թողնում, որ զարգանան: Իշեմիկ հիվանդությունը, որը մահաբեր է, զարգանում է ու սրանում 45 տարեկանից հետո հատկապես տղամարդկանց մոտ: Իսկ կանանց մոտ ավելի շատ նկատելի են հիպերտոնիկ հիվանդությունները հատկապես կլիմաքսային դադարից հետո»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ