«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՂ ԿԱՌՈՒՅՑ»

Մեր հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը, ազգային ու հասարակական անանց արժեքների շուրջը համախմբմանը նպաստող մի գործոն կարող է լինել որոշակի խնդիրներում հասարակական տարբեր կառույցների համագործակցությունը: Այդպիսի փոխգործակցության խթանման նպատակ ուներ Շիրակի թեմի առաջնորդարանում, թեմակալ առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի հետ մարզի երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների օրերս կազմակերպված հանդիպումը, որի նախաձեռնողը Սախարովի անվան հայկական իրավապաշտպան կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղն էր: Վերջինիս ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, բացելով հանդիպումը, մասնավորապես նշեց, թե եկեղեցին եւ հասարակական կազմակերպություններն իրականում նույն դաշտում են, նույն քաղաքացիական հասարակության մասեր են:

ՀԿ-ների ներկայացուցիչները հետաքրքրությամբ լսեցին առաջնորդ սրբազանի մտքերն ու դատողությունները մեր կյանքում Հայ առաքելական եկեղեցու տեղի ու դերի, նրա անցած ճանապարհի դրվագների, հայ եկեղեցի-հայ հասարակական կառույցներ հարաբերությունների հետ կապված հարցերի մասին: Այնտեղ, որտեղ կան ընդհանուր նպատակներ, դրանց հասնելու համար բոլոր ուժերի համախմբումը ցանկալի եւ անհրաժեշտ է: Միքայել եպս. Աջապահյանի համոզմամբՙ ուժերը համախմբող կառույց լավագույնս կարող է լինել եկեղեցին: Նախՙ այսօր եկեղեցու սպասավորներից լավ ոչ ոք չի ճանաչում իրականությունը, քանի որ նրանք բոլորից շատ են լինում տեղերում եւ շփվում մարդկանց հետ: Իսկ որ առավել կարեւոր էՙ Հայ առաքելական եկեղեցին միայն կրոնական կառույց չէ եւ հայ եկեղեցականը երբեւէ միայն կրոն չէ, որ քարոզել է: Այլ քարոզել է ազգային նկարագիր, միասնություն, հայրենիքի գաղափար: Շատ-շատ եկեղեցիներ այս գաղափարները չունեն, եւ ընդհանրապես քրիստոնեությունն ի սկզբանե որպես կրոն, որպես փրկության ավետարան ազգային նկարագիր չի ունեցել, ունեցել է վերազգային նկարագիր: Ահա այս վերազգային նկարագիր ունեցող կրոնը մեր եկեղեցին վերածել է ազգայինիՙ ի շահ եւ ի ծառայություն մեր ժողովրդի: Եվ ուրեմն, ինչպես նշեց Միքայել սրբազանը, այդ եկեղեցու նկատմամբ ամեն մի հայ անհատ իր պարտավորությունը պետք է զգա: Շատ հաճախ այդ գիտակցությունը չկա, որովհետեւ մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք առանց եկեղեցու:

Շատ-շատ խնդիրներ մենք այսօր չէինք ունենա, նկատեց թեմակալ առաջնորդը, եթե այդ տասնամյակներում էլ եկեղեցին իր բնական իրավիճակը կարողանար շարունակել: Մյուս կողմից, սա երեւի այն եզակի կառույցներից է մեր երկրում, որ 90 թվականից հետո ոչ թե թալանի ենթարկվեց, այլ ընդհակառակը, իր ունեցած չնչինը բազմապատկեց եւ այսօր ավելի լավ պայմաններ է ստեղծել իր գործունեության համար: «Մեր ժողովրդի նվիրատվություններով ապրող եկեղեցին այսօր անմասն չէ երկրի կյանքի ոչ մի ասպարեզից,- ասաց առաջնորդ սրբազանը,- մշակույթում էլ կանք, կրթությունում էլ կանք, սոցիալական ծառայությունում էլ կանք, նույնիսկ տնտեսության մեջ ու երբ պետք է լինումՙ քաղաքականության մեջ էլ ենք լինում»:

Ահա այս բոլոր ասպարեզներում եկեղեցու հետ հասարակական կառույցների համագործակցությունը, փոխադարձ հատկապես բարոյական օժանդակությունն ու աջակցությունը, եկեղեցու հետ կապի շնորհիվ քրիստոնեական ու ազգային նկարագրին նվիրվածության պահպանումը, ինչպես նշվեց, կարող են ծառայել շատ խնդիրների առավել լավ լուծմանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4