«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2008-03-14 | #50, 2008-03-15 | #51, 2008-03-18


ՁԵՌՆՊԱՀԸ ԿԱՐՈՂ Է «ԿՈՂՄԻՑ» ՎԱՏ ԼԻՆԵԼ

ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձեւը` Մինսկի խմբին «ճամփու դնելու» հի՞մք

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մարտի 14-ին ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը` 150 երկրներ դեմ կամ ձեռնպահ են քվեարկել Ադրբեջանի բանաձեւին, որը կոչվում է «Իրավիճակը գրավյալ տարածքներում», որով վերջինս ցանկանում էր հաստատել իր տարածքային ամբողջականությունը: Բանաձեւին կողմ քվեարկեցին 39 երկիր, որոնք կամ ՎՈՒԱՄ-ի, կամ Իսլամական կոնֆերանսի անդամ երկրներն են եղել: Բանաձեւին դեմ են քվեարկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Բանաձեւը չի ստացել նաեւ Եվրոմիության անդամ ոչ մի երկրի աջակցությունը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այդ բանաձեւի ընդունումը մեկնաբանեց որպես Ադրբեջանի ինքնախաբեություն, հատկապես հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի այդ բանաձեւն իրավական ուժ չունի եւ չի կարող որեւէ հետեւանքի հանգեցնել: Նույն օրը Օսկանյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` քննարկելու ղարաբաղյան շփման գծում զինադադարի խախտման դեպքերն ու ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընացի շարունակության տրամաբանության մեջ ապրիլի սկզբին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը:

Մարտի 16-ին Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն Փարիզում հանդիպում ունեցավ նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, այն դեպքում, երբ Ադրբեջանում արդեն ՄԱԿ-ի բանաձեւի, թեկուզեւ նման ցածրակարգ ընդունումից հետո, տարբեր մակարդակներում սկսեցին խոսել նույն Մինսկի խմբի համանախագահող երկրների` «բանաձեւի ընդունման առնչությամբ անընդունելի մոտեցման» արդյունքում անգամ միջնորդների առաքելության դադարեցման մասին:

Ընդ որում, ՄԱԿ-ում հիշատակված բանաձեւի անտարբեր միջավայրում անցկացումը Ադրբեջանն արդեն որերորդ օրը փողհարում է «դիվանագիտական փայլուն հաղթանակի» մասին: Իսկ Մինսկի խմբի միջնորդական առաքելության անհրաժեշտությունն էլ տեսնում են միայն եվրոպական երկրների` մեր տարածաշրջանում դերակատարության կարեւորության պահպանման համատեքստում այն մոտեցմամբ, թե համանախագահները չեն էլ ցանկանում լուծված տեսնել հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որ որեւէ այլ կազմակերպության շրջանակներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տեղափոխումը ոչ միայն ցանկալի չէ, այլեւ կարող է վնասել բանակցային գործընթացին: Ավելին, Մինսկի խումբը, ի դեմս ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, անգամ հայտարարել է, որ դեմ է նման նախաձեռնություններին, ինչպիսին էր ադրբեջանական բանաձեւը ՄԱԿ-ում:

Միեւնույն ժամանակ, պաշտոնական Ադրբեջանը, մի կողմից հայտարարում է, թե կողմ է բանակցությունների շարունակմանը, մյուս կողմից` հանդես է գալիս նման նախաձեռնություններով, երբեմն էլ դրանք «համեմում» ռազմատենչ ինքնագովության բարձրաձայնումներով: Մինսկի խումբն, ի դեպ, գրեթե միշտ նմանօրինակ հայտարարություններին արձագանքում է կամ լռությամբ, կամ լավագույն դեպքում, ընդհանրական բնույթի խաղաղասիրական հայտարարություններով:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը, որո՞նք են գործողությունների մեր տրամաբանությունը եւ հաջորդականությունը, եթե այդպիսիք ընդհանրապես նախագծվում են կամ իրականացվում: Արդյոք հարկ է համաձայնե՞լ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն մոտեցմանը, թե ՄԱԿ-ում ընդունված ադրբեջանական բանաձեւը ինքնախաբեություն է:

Կարելի է ընդունել, որ իրավական ուժ չունեցող այդ բանաձեւը կարող է անհետեւանք անցնել ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, այնպես էլ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կտրվածքով: Բայց եթե ՄԱԿ-ի մակարդակում բանաձեւ ընդունելը ինքնախաբեություն է, ապա կարելի է ամենայն հանգստությամբ հայտարարել, որ անիմաստ են ՄԱԿ-ի բոլոր բանաձեւերը:

Եվ եթե Ադրբեջանը պետք է հետեւություններ անի բանաձեւի ընդունման քվեարկությանը դեմ եւ ձեռնպահ արտահայտված երկրների դիրքորոշումները ընդունելով, ապա Հայաստանն էլ, իր հերթին, պետք է համապատասխան եզրահանգումներ անի բանաձեւը ոչ միայն պաշտպանած, այլեւ ձեռնպահի կեցվածքով դրա անցկացումը ապահոված երկրների` ղարաբաղյան հակամարտության հարցում դիրքորոշման առնչությամբ:

Բացի այդ, թեկուզ իրավական ուժ չունեցող, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի բանաձեւ դարձած ադրբեջանական նախաձեռնությունը իրապես գալիս է վկայելու, որ մեր դիվանագիտությունն արդեն վաղուց կարիք ունի նախաձեռնող դառնալու, ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ առաջին համարձակ քայլերն իրավական դրսեւորումներ ունենան: Նույն հաջողությամբ կարելի է մտածել, որ Ադրբեջանի նախաձեռնությունը ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ ղարաբաղյան խնդրին մոտենալու ադրբեջանական տեսակետների տարածմանն է նպաստում եւ բնավ ոչ հայկական կողմի մոտեցումների:

Այնպես որ, դիվանագիտական հաղթանակ է, թե պարտություն, բայց բանաձեւն արդեն իրողություն է, որին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այստեղ փաստենք, որ քարոզչական պատերազմը նույնքան վտանգավոր ու կարեւոր է, որքան ռազմականը, եւ Արցախի ազատագրումը մեծագույն կարիք ունի դիվանագիտական ամրապնդման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4