Նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությանը խոչընդոտելու փորձերի նման կդատապարտվեն նաեւ դրանք
Մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայան երկրում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան: Նա այդ հայցը պատճառաբանել է կուսակցության հակաաշխարհիկ գործունեությամբ, միաժամանակ պահանջել է քաղաքական իրավունքներից զրկել 71 գործիչներին, որոնց թվում` նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գլխավոր նախագահն է նաեւ, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչին:
Ըստ գլխավոր դատախազի, նախագահ Գյուլը դեռեւս արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնելիս աշխարհիկության սկզբունքներին հակասող հրահանգներ է տվել թուրքական դեսպանատներին, վարչապետ Էրդողանն ասել է, որ գլխաշորի հարցում դատարանները վճիռ կայացնելու իրավունք չունեն, իսկ Արընչը, զբաղեցնելով Մեջլիսի նախագահի պաշտոնը, աշխարհիկության նոր սահմանում է պահանջել:
Երեկ Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել գլխավոր դատախազի հայցի քննարկմանը: Եթե դա ընդունվի, ապա դատարանը հայցին կից մեղադրականը կներկայացնի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, պայմանով, որ կուսակցությունը մեկ ամսում պաշտպանական նախնական զեկույցով պատասխանի: Այս ամենից հետո Սահմանադրական դատարանը բանավոր կլսի կողմերին, կպատրաստի համապատասխան զեկույց, որը կբաժանվի դատարանի 11 անդամներին, որոնք դա կուսումնասիրեն, ապա եւ զեկույցը կդրվի քվեարկությանը: Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում պարզ մեծամասնությամբ:
Դատախազի հայցին տարբեր կուսակցություններ տարբեր մոտեցում են ցուցաբերել: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայցի առնչությամբ պաշտպանելով դատախազին, նշել է, որ արգելման եզրին կանգնելը ցավալի է երկրում իշխող կուսակցության համար: Նույն դիրքերից Էրդողանի կուսակցությանը քննադատել է Ձախ-ժողովրդավարական կուսակցությունը, ընդգծելով, որ օրենքը բոլորի համար է, դրան պետք է ենթարկվի նաեւ ձայների 47 տոկոսն ստացած կուսակցությունը:
Ազգայնական շարժում կուսակցությունը հայտարարել է, որ երկրում միանձնյա իշխող կուսակցության արգելման գործընթացի քաղաքական հետեւանքներն ավելի կործանարար կլինեն, քան իրավաբանականը: Գլխավոր դատախազի հայցի առնչությամբ հայտարարություններով հանդես են եկել հասարակական տարբեր կազմակերպություններ, արհեստակցական, փաստաբանների, գործարարների միություններ եւ դատապարտել են կուսակցությունների գործունեության արգելման ամեն մի դրսեւորում, մատնանշելով, որ դա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:
Ինչ խոսք, հայցի առնչությամբ գլխավոր դատախազին դատապարտել են Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարության անդամները, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Նրանց խնդիրը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը չէ, այլ ժողովրդի ազատ կամքը, հենց այդ կամքի արտահայտումից են վախենում: Պարզորոշ ասեմ, որ նրանք վնասում են ոչ թե մեր կուսակցությանը, այլ երկրի ժողովրդավարությանն ու իրավական պետությանը: Անհանգստացած են Թուրքիայի կայունությունից, մեր կուսակցությանը կրոնամոլություն վերագրելը նշանակում է սպիտակը խառնել սեւի հետ»:
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների արգելումը նորություն չէ: Սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելված բոլոր կուսակցություններն այլ անվան տակ վերակազմավորվել են եւ դրա հետ աճել է նրանց ժողովրդականությունը: Ավելին, եղել են դեպքեր, ինչպես դա կատարվեց 1960-ի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջման հետեւանքով տապալված Դեմոկրատական կուսակցության հետ, երբ այլ անվան տակ վերակազմավորված կուսակցությունները խորհրդարանական առաջին իսկ ընտրություններից հետո վերստին եկել են իշխանության: Խոսքը տվյալ դեպքում Դեմոկրատականի հենքի վրա ստեղծված «Արդարություն» կուսակցության մասին է:
Ի դեպ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն էլ ստեղծվել է Նեջմեթդին Էրբաքանի իսլամամետ «Բարօրություն» կուսակցության հենքի վրա, որը 1996-1997 թթ.-ին Թուրքիայում իշխում էր կոալիցիոն հիմունքներով: Այլ կերպ, «Բարօրություն» կուսակցության արգելումը պատճառ է դարձել ոչ միայն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ստեղծման, այլեւ վերջինի միանձնյա իշխանությանը երկրում:
Էրդողանի կուսակցության արգելման սահմանադրական գործընթացն ինչ արդյունքի կհանգեցնի, ցույց կտա ժամանակը: Բայց ոչ Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությունը խոչընդոտելու կամ 2007-ի հուլիսի 20-ին խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը գոնե միանձնյա իշխանությունից զրկելու հաշվարկները հակադարձ ազդեցություն են գործել, ակնհայտ է: Այսպիսով, 2003-ի նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններում ձայների 34,2 տոկոսը ստացած այս կուսակցությունը 2007-ի հուլիսի 20-ի ընտրություններում 46,7 տոկոս ձայն է հավաքել:
Հատկանշական է, որ կուսակցության վերելքը չի կարողացել կասեցնել թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հուշագրի բնույթ կրող հայտարարությունը: Մինչդեռ բանակը Թուրքիայում 1960, 1971 եւ 1980 թթ.-երին երեք հեղաշրջում էր կատարել առանց դիմադրության, հենց բանակի միջամտությամբ է, որ 1997-ի փետրվարի 28-ի հուշագրով իշխանությունից հեռացվել էր Էրբաքանի «Բարօրություն» կուսակցությունը, որին այնուհետեւ փակեց Սահմանադրական դատարանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ