«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2008-03-14 | #50, 2008-03-15 | #51, 2008-03-18


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Անկախությունից հետո Հայաստանի գլխավոր ձեռքբերումը ներքին կայունությունն է եղել: Արտաքին եւ ներքին ուժերը շարունակ փորձել են ապակայունացնել երկիրը եւ առաջ մղել իրենց ծրագրերը, բայց, բարեբախտաբար, ամեն անգամ էլ առողջ դատողության տեր անձնավորություններ կարողացել են կասեցնել սպառնալիքը:

Այս անգամ, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, կարծես այդ խելամիտ անձնավորություններն իրենց տեղում չէին եւ աղետը տեղի ունեցավ անկանխատեսելի հետեւանքներով, որոնք դեռ երկար կշարունակվեն: Քոչարյանի կառավարությունն ու ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծայր աստիճան լարված էին միմյանց դեմ, զուր ակնկալելով, որ դիմացինը կզիջի:

Ներկայիս կառավարության հաստատած արտակարգ դրությունը ներքին պաշարման իմաստն է ստացել Հայաստանի ժողովրդի համար, մինչդեռ արտաքին պաշարումը ձեւավորվում է դրսի, օտար ուժերի կողմից` դժբախտաբար նաեւ հուսահատ կողմնակիցներ գտնելով երկրի ներսում: Բավականաչափ վնաս հասցվել է արդեն, մարդկային զոհերի տեսքով: Բայց դա միայն սկիզբն է արագորեն խորացող ներկա ճգնաժամի պայմաններում:

Ինչպես ակնկալվում էր, Ադրբեջանը, օգտվելով առիթից, հարձակվեց Մարտակերտի շրջանի վրա եւ չնայած պատշաճ պատասխան ստացավ, բացառված չէ, որ ավելի վտանգավոր թշնամական գործողություններ ծավալվեն հետագայում, եթե Բաքվի ռազմատենչ պատերազմամոլները շարունակեն հավատալ, որ Հայաստանի կառավարությունը ներքին խժդժություններից թուլացել է եւ ի վիճակի չէ հակահարված տալու:

Եթե Ադրբեջանի նման երկրները կարող են չոր դուրս գալ սպանություններից եւ հարձակումներից ռազմավարական առավելությունների կամ նավթային գործոնի շնորհիվ, Հայաստանը չի կարող, որովհետեւ արեւմտյան իշխանությունները պատրաստ են անմիջապես հանդիմանել ու դատապարտել Հայաստանին ամենափոքր չափերի խախտումների դեպքում: Եվ դա կարող է երկար ժամանակ բացասական ազդեցություն ունենալ երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքի վրա:

Արտաքին մեղադրանքների շարքն արդեն իսկ «բռնկվել» է, եւ կայծն առաջացնողը ոչ այլ ոք է, քան Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահական ընտրարշավի պարտված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր մարտի 5-ի «Վաշինգտոն փոստ» թերթում ստորագրած հոդվածով, որն անմիջապես արձագանք գտավ նաեւ այլ լրատվամիջոցներում:

Իհարկե, ոչ ոք չի ցանկանում տեսնել Հայաստանը արտակարգ դրության մեջ, որը խեղում է բնականոն կյանքը երկրում, բայց Տեր-Պետրոսյանը երեւի վերջինը պետք է լինի դրանից դժգոհելու, քանի որ 1996-ին ինքն էր հրամայել զրահամեքենաներով ճնշել ցուցարարներին, որոնք կեղծված ընտրությունների դեմ էին բողոքում: Եթե իր գործողությունները արդարացված էին այդ ժամանակ, ի՞նչ այլընտրանք ուներ ներկա կառավարությունը խաղաղեցնելու իրավիճակը:

Բայց առավել վտանգավոր է հրավիրել օտար կառավարություններին միջամտելու Հայաստանի ներքին իրավիճակին եւ օգտագործելով իրենց լծակները` զգուշացնելու կառավարությանը, որ հակաժողովրդավարական գործողություններ ձեռնարկելուց զերծ մնա:

Քաղաքական ճնշումներին առընթեր կան նաեւ տնտեսականները, որոնցից կախված են Հայաստանի կենսունակությունն ու ապագան: Եվրոմիությունը, ճիշտ է, շատ գրանտներ շնորհում է, բայց գրանտների ամենանշանակալի մասը, չմոռանանք, գալիս է Մ. Նահանգներից: Տարեկան օժանդակության տեսքով այդ հատկացումները տարեց տարի նվազում են: Իսկ դրանց մեջ ամենախոցելին «Հազարամյակի մարտահրավերներն» են, որոնք հիմնված են երկրի ժողովրդավարական գործընթացների եւ տնտեսական բարեփոխումների վրա: Սա ամենաազդեցիկ «զենքն» է Բուշի վարչակարգի «զինանոցում»:

Տեր-Պետրոսյանը Արեւմուտքին է մեղադրում «լուռ մնալու», քայլեր չձեռնարկելու մեջ: Նա քննադատում է ԵԱՀԿ դիտորդներին ընտրության արդյունքներին իրենց հավանությունը տալու համար: Ավելին, նա Մ. Նահանգների կառավարությունից խնդրում է գործնական քայլեր: «Ի՞նչ է Արեւմուտքից եւ հատկապես Մ. Նահանգներից ակնկալում Հայաստանի ժողովուրդը:

Նվազագույնը` մարտի 1-ի բռնությունների խիստ եւ աներկմիտ դատապարտումը, որը պետք է զուգորդվի նաեւ խիստ նախազգուշացմամբ», գրում է նա:

Այստեղ Տեր-Պետրոսյանի ժողովրդավարությունը չէ, որ պետք է քննության առնվի, ոչ էլ իրավիճակի պահանջը: Այլ այն, որ նա դիմում է օտար, արտաքին ուժերին, որոնք ամեն առիթ են փնտրում օղակը սեղմելու Հայաստանի վզին եւ տնտեսապես խեղդամահ անելու:

Մ. Նահանգներն ու Ռուսաստանը հակադիր դիրքորոշումներ ունեն Հարավային Կովկասի հարցում, եւ կարծես սառը պատերազմի դարաշրջանը վերադառնում է այդ տարածաշրջանը: Հայաստանի սերտ կապերը Ռուսաստանի հետ ու տնտեսական համագործակցությունը Իրանի հետ Վաշինգտոնի սրտովը չեն, ինչքան էլ մեզ հավաստիացնեն, որ «հասկանում են» դրանց դրդապատճառները:

Տեր-Պետրոսյանի հոդվածից 2 օր անց` մարտի 7-ին «Նյու Յորք թայմսը» նողկալի մի խմբագրական տպեց «Մռայլ օրեր Հայաստանում» վերնագրով: Հատկանշական է, որ Թուրքիայի դաժան պատերազմն ընդդեմ քուրդ փոքրամասնության (որի հետեւանքով 40 հազար զոհեր են արձանագրված) դեռեւս նման դժգույն բնորոշման չի արժանացել «Թայմսի» խմբագրականներում:

«Հայաստանը հարաբերականորեն մեկուսացված է իր տարածաշրջանում եւ մեծապես արժեւորում է իր խոր հարաբերությունները Մ. Նահանգների հետ», գրում է «Նյու Յորք թայմսը», անդրադառնալով մեզ համար հարաբերությունների ամենախոցելի բնագավառին: Խմբագրականն այնուհետեւ Բուշի վարչակարգին է դիմում հարվածելու «ամենացավոտ տեղին»: «Գլխավոր պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի կառավարության ղեկավարների վրա եւ հենց նրանց էլ Սպիտակ տունը պետք է ուղղի իր բողոքները», գրում է թերթը: Իսկ մենք լավ գիտենք այդ «բողոքների» բնույթըՙ զրկել Հայաստանին տնտեսական օժանդակությունից:

Ճգնաժամի շարունակականությունը ոչ ոքի ձեռնտու չէ: Այն կարելի է հաղթահարել ներսում ընդդիմադիր խմբավորումներին ընդգրկելու միջոցով: Որեւէ օտար միջամտություն կարող է միայն սրել իրավիճակը:

Զանգվածային լրատվությանն առընթեր հավաքներ են տեղի ունենում ԱՄՆ-ի արեւմտյան ափի տարածքներում, որոնք միտված են կրակին յուղ ավելացնելու եւ դրանով էլ ավելի նսեմացնելու Հայաստանի դիրքը քաղաքական բնագավառում: Այդ հավաքները հիմնականում հայրենիքից արտագաղթածներն են կազմակերպում, ըստ երեւույթին, հայրենիքը թողած լինելու մեղավորության զգացումից դրդված:

Ժամանակն է սթափվելու եւ ըստ արժանվույն գնահատելու Հայաստանի պետականությունը: Հայերը չպետք է իրենք իրենց թշնամին դառնան:

«Armenian Mirror-Spectator», Դետրոյթ, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4