ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախագահ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին: Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի համար անակնկալ չէր` առաջին դեպքը չէ, որ փորձեր են արվում այդ տիպի իրավական հետեւանքներ չունեցող փաստաթղթեր ընդունելու, անհանգստանալու բան առանձնապես հայկական կողմը չունի. «Մենք իրոք ոգեւորված ենք, որ քաղաքակիրթ երկրները ձեռնպահ են մնացել այդ բանաձեւին այս կամ այն վերաբերմունքն արտահայտելուց, հասկանալով, որ դրանով որեւէ օգուտ չեն տա բանակցային գործընթացին, եւ ընդհանրապես խնդրի կարգավորմանը»: Ավելի վաղ ասում էր, որ եթե ՄԱԿ-ն ընդունի այդպիսի որոշում, Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից` դուրս կգա՞, թե ոչ, ճշտեց լրագրողներից մեկը. «Ընթացքը ցույց կտա, բայց հասկանալի է, որ այս կարգի քայլերը որեւէ նպաստ չեն կարող բերել խնդրի կարգավորմանը», նկատեց Սողոմոնյանը` նկատելով, որ համանախագահ երկրների ներկայացուցիչները համարում են, որ սրանով կարող է գործընթացը վտանգվել, բացի այդ` հիմա բազմաթիվ հարցեր են առաջանում, թե որքանո՞վ է Ադրբեջանը լուրջ վերաբերվում բանակցային գործընթացին:
Արտակարգ դրության 20-օրյա ժամկետի արդյունքները գնահատելիս Վ. Սողոմոնյանը կարեւոր համարեց, որ որեւէ խախտում չի եղել. «Իրոք գոհ ենք հասարակական ընկալման աստիճանից: Այն, ինչ տեղի ունեցավ արտակարգ դրության ընթացքում, դա ապացուցում է: Այս պահին երկրի նախագահը մտադրություն չունի երկարաձգելու արտակարգ դրության իրավիճակը»: Բայց նաեւ ուշադրություն հրավիրեց դրսից ե՛ւ ներսից հնչող հայտարարություններին` ե՛ւ մինչեւ մարտի 13-ը, ե՛ւ արտակարգ դրության որոշ դրույթների մեղմացումից հետո. «Այս ամբողջ ընթացքում շարունակեցին հայտարարություններ հնչել` խոսքի ազատությունը Հայաստանում վտանգված է, տարբեր մարդիկ խոսեցին, այդ թվումՙ արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեզ համար այդ իրարանցումը հասկանալի չէ` տարբեր պատճառներով. ակնհայտ է, որ խոսքի ազատությանը ոչ թե վերջ է տրվել Հայաստանում, դա բացարձակ այդպես չէ, խոսքն ընդամենը եւս երեք-չորս օրվա սահմանափակումների մասին է, որոնց հիմքում դրված է ժողովրդի անվտանգությունը: Նաեւ արտակարգ դրությամբ այս սահմանափակումները ծառայում են իրավիճակի կայունացմանը երկրում: Կոչեր անել վերացնելու մի բան, ինչն ակնհայտ ժամանակավոր երեւույթ է` ընդամենը երեք չորս օր է մնացել, կամ ավարտից մեկ շաբաթ առաջ այդպիսի հայտարարություններ լսելն առնվազն տարօրինակ է»: Մյուս կողմից, մեր տարբեր թերթերի ներկայացուցիչներ հայտարարում են, որ խոչընդոտում են իրենց աշխատանքներում:
Վ. Սողոմոնյանը մի քանի օրինակ բերեց` այդ հայտարարությունները պարապ խոսք որակելով: Նախագահի հրամանագրի` ԶԼՄ-ներով ներքաղաքական եւ պետական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկություն տարածելու վերաբերյալ նորոգված կետի գործողությունից հետո որոշ թերթեր փորձել են տպագրվել: Վ. Սողոմոնյանի ձեռքին էին այդ թերթերի օրինակներից, եւ նա մեջբերում կատարեց «Ժամանակ-Երեւան» թերթից. հարցազրույցի մեջ այսպիսի պնդում կար. «Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել», նախագահի մամուլի խոսնակը սա ակնհայտ սուտ համարեց: Կամ` «Վայրագություն, որը ոտնահարել է սահմանադրության նորմերը, դա միտումնավոր արված բան է իշխանությունների կողմից», «սադրանք է` սարքված իշխանությունների կողմից» եւ այլն, բերվում են տարբեր տվյալներ քաղբանտարկյալների վերաբերյալ: Տասնյակ անանուն զոհերի ճակատագիրն անհայտ է մնում, դա պնդում է «Ժամանակ-Երեւանը»: «Հայք» թերթը պնդում է, որ ձերբակալվածների մի զգալի մասին ոստիկանական բաժանմունքներում ենթարկել են ծեծի եւ բռնության, «Ուղղակի ակնհայտ սուտ է, բազմաթիվ են այդպիսի օրինակները», նկատեց Վ. Սողոմոնյանը. «Մենք ինչ ենք ասում այդ հրամանագրով` ասում ենք, որ մի քանի օր սուտ չի կարելի խոսել. հայտարարությունների հեղինակները ասում են` ոչ, պետք է կարողանան սուտ ասել: Քավ լիցի, խնդիր չկա, թող ասեն այդ սուտը, եւ վստահ եմ, որ կասեն, բայց ամսի 21-ից հետո... «Հայկական ժամանակի» մասին ընդհանրապես չեմ խոսում, որտեղ ծանր հանցանքի մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս եւ ասում է` ինչ-որ շարժում է ղեկավարում, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ է անում, այնքան կապ չունեցող, որ նույնիսկ եթե ինքը տեսել է այն կադրերը, որ հեռարձակվել են եթերում` էդքան բանը պետք է չասեր, երեւի նման բարդույթ չունի ուղղակի»: Տվյալ թերթերին անվտանգության մարմինները մատնանշել են, որ սուտ տեղեկությունները ուղղակի համարից հանեն եւ կարող եք տպագրվել` հրաժարվել են: «Հրաժարվում են` նաեւ այլ երկրների ներկայացուցիչներին հայտարարություններով հանդես գալու հնարավորություն տալու համար, ես կարծում եմ, իրավունք ունեմ այդպես մտածելու, համենայն դեպս` այսքանից հետո: Այնպես որ` Հայաստանում խոսքի ազատության ճնշումների մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում` գործում են ժամանակավոր սահմանափակումներ, այն էլ զգալիորեն մեղմացված սահմանափակումներ, որոնք տեւելու են եւս մի քանի օր, մինչեւ այս շաբաթվա վերջը»:
«Ազգի» 2 հարցերը վերաբերում էին հասարակության բեւեռացվածությունը մեղմելուն` արտակարգ դրությունը փոխարիներուց հետո արվող քայլերով եւ արտակարգ դրության մասին մարտի 1-ին ցուցարարների տեղեկացվածության մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանը անտեղյակ լինելու պնդում էր արել կայքերից մեկում:
Վ. Սողոմոնյանը առաջին հարցը վերահասցեագրեց Սերժ Սարգսյանին, քանի որ ապագային միտված խոր քաղաքական բնույթ կրող հարց է, մի մասին Սարգսյանը պատասխանել է արդեն: Երկրորդ հարցի վերաբերյալ էլ նկատեց, թե չի կարծում, որ այնտեղ անտեղյակ մարդիկ են եղել, բավականին լավ կապի միջոցներով, հեռախոսազանգերով են եղել. «Լավ հայկական խոսք կա` միամիտ մարդ այնտեղ չկար», ասաց, հիշելով, որ մի այլ հարցազրույցում էլ Փաշինյանն ասել էր, որ տեղեկանալով արտակարգ դրության մասին, որոշում կայացվեց մարդկանց թողնել տներում. «Այսինքն` այդքան էլ այդպես չէ, մանրամասները կբացահայտվեն քննչական խմբի գործունեության արդյունքում»: Հիշեցրեց նաեւ, որ լրատվամիջոցը կարող է հստակ ապակայունացնող միջոց լինել, եւ օրինակ բերեց դիտորդական առաքելության ղեկավարի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին. մասնավորապես, թե ինչո՞ւ է պարոն Արենսի հարցազրույցն աղավաղվել, բերվել են բոլոր այն մասերը, որտեղ նշվում են թերությունները, բայց այն հատվածները, որտեղ պարոն Արենսն ասել է այս ընտրությունների որակի մասին` ուղղակի եթեր չեն գնացել: Սրանք փաստեր են, եւ մարդիկ ազնվություն պետք է ունենան այդ մասին խոստովանելու կամ ինչպես խոստանում են` ամբողջությամբ տպագրեն: Այդ բացասական մասը շատ լավ արտացոլում է գտել Տեր-Պետրոսյանի հարցազրույցում. «Շատ վայրագ ընտրություններ են կատարվել, դրա գնահատականն արդեն տրվեց ԵԱՀԿ-ի այս երկրորդ զեկույցում, 95-ից մինչեւ 2007-ի ընտրությունների բոլոր զեկույցները եթե գումարենք` այդքան խիստ, այդքան կոշտ զեկույց չի եղել»: Ահա ինչպես են օգտագործվել աղավաղումները:
Պարոն Բրայզայի այն հայտարարություններին, որոնք արվել են Հայաստանից մեկնելուց հետո, Վ. Սողոմոնյանը զարմանքով է ծանոթացել, քանի որ քաջատեղյակ է երկրի նախագահի հետ նրա զրույցից, նրա ասածներից, եւ արդեն հետո չի կարողացել համադրել զրույցի ընթացքում հնչած եւ հետո Բրայզայի ասածները. «Պաշտպանել կամ դեմ ենք եղել ոչ թե ինչ-որ մի խմբի կամ ինչ-որ մարդկանց, այլ ուղղակի հայկական ժողովրդավարությունը պաշտպանվել է ամբոխավարությունից: Այդ մոտեցումը` ժողովրդավարությունը պաշտպանել ամբոխավարությունից կամ ծայրահեղականության դրսեւորումից, կարծում եմ` քաջ հայտնի է նաեւ Միացյալ Նահանգներում»:
Հ.Գ. - Ի դեպ, երեկ Վիկտոր Սողոմոնյանի ծննդյան օրն էր, շնորհավորում ենք: