Սա թերեւս հռետորական հարց չէ, այլ ընդամենը ցանկություն հասկանալու, թե արդյոք Հայաստանը իսկապես ինքնիշխան պետական միավո՞ր է, թե արդեն վաղուց, կնքված տարբեր միջազգային պայմանագրերի եւ կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների հետեւանքով ընկել է միջազգային օրենսդրության մի թակարդի մեջ, երբ մեր ներքաղաքական խնդիրները ստիպված ենք լուծել ամեն անգամ նայելով դեպի Արեւմուտք: Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամին եւ հատկապես արտակարգ դրություն հաստատելուց հետո Եվրոմիության եւ ԱՄՆ-ի արձագանքը հուշում է, որ մենք բախվել ենք նոր վտանգիՙ սեփական երկրի ինքնիշխանության վերացմանը: Երկրի ներսում վիճակի սրմամբ զբաղվող քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջըՙ Հայաստանում սկսել միջազգային հետաքննություն, Արեւմուտքում լայն արձագանք է գտել եւ ստացել թե՛ Եվրոմիության եւ թե՛ ԱՄՆ-ի պաշտպանությունը: Սակայն նույնիսկ առանց այդ հետաքննության էլ եվրոպական եւ ամերիկյան տարբեր տրամաչափի չինովնիկներն իրենց պարտքն են համարում մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով իրենց մեկնաբանությունները եւ խորհուրդները տալ, որոնք շատ դեպքերում հնչում են սպառնալիքի տոնով: Եթե ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարում է Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատման եւ նույնիսկ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի կատարումը մեր երկրում դադարեցնելու մասին, ապա պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան էլ ավելի հեռու է գնում եւ հեռակա բանավեճի մեջ մտնում Հայաստանի գլխավոր դատախազի հետ, հանդես գալիս ի պաշտպանություն մարտի 1-ի ողբերգության հրահրողների:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի նման փոքր երկրները միշտ էլ որոշակի կախվածություն են ունենում դրսի ուժերից, սակայն, ի տարբերություն մեր հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի, այդ կախվածությունը Հայաստանի դեպքում միշտ էլ համեմատաբար քիչ է եղել, դա բացատրվել է թե՛ երկրի իշխանությունների վարած արտաքին համեմատաբար հավասարակշիռ քաղաքականությամբ եւ թե՛ Հայաստանում բնական էներգետիկ ռեսուրսների բացակայությամբ: Սակայն նույն Մեթյու Բրայզան, որը բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելուց, պատասխանատու է նաեւ տարածաշրջանում էներգետիկ եւ կոմունիկացիոն հարցերի համար, երբեք չի թաքցրել իր երկրի ցանկությունըՙ Հայաստանը տեսնել ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության ուղեծրում: Մի առիթով Բրայզան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Թուրքիա-Ադրբեջան քաղաքական գծի ուժեղացմամբ եւ լավ կլիներ, որ այդ երկրների միջեւ առկա կապն անցներ Հայաստանով: Քաղաքական նման մոտեցումը բացատրվում էր Կարս-Գյումրի երկաթուղու շահագործման ցանկությամբ: Գաղտնիք չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հավատակիցների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել էր, որ գիտի Հայաստանը «միջազգային գործոն» դարձնելու գաղտնիքը, որի հիմքում, պարզվում է, ընկած է Մեթյու Բրայզայի ցանկությունըՙ վերսկսել երկաթգծի աշխատանքը Կարսից դեպի Գյումրի եւ Երեւանից դեպի Ջուլֆա: Առաջին հայացքից դրական թվացող այս նախագիծը, սակայն, իր գինն ունի, այն էՙ Ղարաբաղի եւ ազատագրված բոլոր տարածքների հանձնում Ադրբեջանին, չհաշված Թուրքիայի պահանջները` հրաժարում Ցեղասպանության հարցի արծարծումից, Կարսի պայմանագրի վերահաստատում եւ Հայաստանի զինանշանից Արարատ սարի պատկերի ջնջում (այս վերջին պահանջի մասին կա Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում): Ահա այն հարցերի ամբողջությունը, որի շուրջը հավանաբար համընկնում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շահերը: Այնպես որ, կարելի է հասկանալ, թե ինչու է Բրայզան հետեւողական կերպով հանդես է գալիս ի պաշտպանություն Հայաստանի առաջին նախագահի եւ նրա ձերբակալված կողմնակիցների:
Կարող ենք փաստել, որ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը ցույց տվեց մեր երկրի ողջ խոցելիությունը եւ արտաքին քաղաքականության մեջ առկա այն սխալները, ինչի հետեւանքով էլ սուվերեն երկրի ղեկավարությունը պարտավոր է հանդիպել Արեւմուտքից ժամանած ամեն մի գրասենյակի չինովնիկի հետ եւ նրան երկարատեւ ու համբերատար բացատրություն տալ, թե ինչու է արվել այսպես, այլ ոչ այնպես, թե ով է մեղավոր եւ պատասխանատու այս ամենի համար: Այս իրավիճակը մի անգամ եւս ի ցույց է դնում մեր արտաքին քաղաքականության մեջ եվրոինտեգրում կոչվող ուղղության ոչ միայն սխալ, այլեւ ոչ հեռատես լինելը, ինչի հետեւանքով Հայաստանի կնքած տարբեր պայմանագրերը աշխատում են մեր դեմՙ եւ փորձ է արվում մեր երկիրը վերածելու մի նոր Լիբանանի, որը նման միջնորդությունների ու միջամտությունների հետեւանքով հայտնվել է երկարատեւ ու կրկնվող քաղաքական ճգնաժամի մեջ: Այսինքնՙ Հայաստանում առկա ներքաղաքական խնդիրները պետք է լուծել միմիայն սեփական ուժերով երկխոսության, իսկ քրեական հանցանքի առկայության դեպքումՙ դատարանների միջոցով:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ