Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը «The Washington Post» թերթում հրապարակել են «Առաջ շարժվելով Հայաստանում» համատեղ հոդվածը: Ըստ «Մեդիամաքսի», հեղինակները նշել են, որ իրենք հակառակորդներ էին նախագահական ընտրություններում, սակայն միավորվեցին ճգնաժամին վերջ դնելու եւ Հայաստանը ճիշտ ուղու վրա վերադարձնելու իրենց ցանկության մեջ:
«Մեր կնքած քաղաքական դաշինքը ժողովրդավարական կերպով եւ փոխզիջման ոգով աշխատելու ջանք է», գրում են Ս. Սարգսյանն ու Ա. Բաղդասարյանը: «Մենք պնդում ենք, որ շարունակական առաջընթացը հնարավոր է բացառապես երկխոսության եւ բարեփոխումների միջոցով: Ժողովրդավարությունում բռնությունը տեղ չունի: Դիմում ենք նրանց, ովքեր դեռ շարունակում են անկայունություն ցանել, եւ քաղաքական երկխոսությանը միանալու ու մեր երկրի բարգավաճման առաջընթացին օգնելու կոչ ենք անում», ասվում է հոդվածում: «Մեր առաջնահերթությունը թափանցիկ կառավարությունն է: Մենք կպայքարենք կոռուպցիայի դեմ: Մենք չպետք է ժամանակ կորցնենք: Չնայած վերջին իրադարձություններին, մեր երկիրը շարունակում է առաջ շարժվել: Միջազգային հանրությունը կշահի Հայաստանում կայուն, թափանցիկ եւ ընտրված կառավարությանն աջակցելուց», գրում են հեղինակները:
Հիշեցնենք, որ նույն թերթը մարտի 5-ին հրատարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածըՙ «Լռություն Հայաստանի մասին» վերնագրով: