«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2008-03-14 | #50, 2008-03-15 | #51, 2008-03-18


ԷԼԻ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎՈՒՄ

Գյումրիում դարձյալ ծառեր են հատվում: Անցած ուրբաթ, մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսպիսի ահազանգ հնչեցրեց քաղաքում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի եւ «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը: «Վերջին քսան օրերի ընթացքում, ասաց նա, քաղաքում արձանագրել ենք մեծ քանակությամբ ծառահատման դեպքեր: Հատումների մի հոծ խումբ կա Իսահակյան փողոցի ծառուղում, հենց բնապահպանական տեսչության դիմաց: Այստեղ ծառուղու երկայնքով հատվել են 100-ից ավելի հիմնականում մատղաշ, մի մասն էլՙ 10 եւ ավելի տարեկան ծառեր: 10-15 ծառ հատվել է լուծարվող տեքստիլ կոմբինատի տարածքում, որտեղ ծառերի մի մասն էլ թեեւ չի հատվել, բայց կեղեւահան արվելով կամ այլ ձեւով փչացվել ու դատապարտվել է չորացման կամ թերաճի: Այստեղ հատումները շարունակվում են, եւ հենց երեկ արդեն Նժդեհի փողոցում, ոստիկանության հարեւանությամբ կառուցվող շենքի տարածքում կտրվել է 2 խոշոր ծառ, մոտ 40-50 տարեկան»:

Ինչպես նկատեց Գ. Պետրոսյանը, այս քանակի ծառահատում քաղաքում վերջին տասը տարիներին չէր եղել: Իսահակյան պուրակի պարագայում թերեւս դա կապված է ցուրտ ձմռան եւ վառելափայտի թանկացման հետ ու երեւի մասամբ շրջակա անապահով բնակիչների ձեռքի գործն է: Գեւորգ Պետրոսյանը հայտնեց, որ խոսել է տեքստիլ կոմբինատի իրացվող տարածքին հարող Նժդեհի փողոցի շինկառույցի տերերի հետ, նրանք ասել ենՙ մենք գնել ենք այս տարածքը, թույլտվություն ունենք եւ ինչպես ուզենանքՙ կարող ենք վարվել, ծառերը շինարարությանը խանգարում են: Բոլոր դեպքերի հետ կապված իրենք դիմել են նաեւ բնապահպանական տեսչությանը, վերջինս արձագանքել է, կազմվել են արձանագրություններ եւ այլն, սակայն տեսչությունը, ինչպես տեղեկացվեց, միայն իր ուժերով չի կարող վերահսկել իրավիճակըՙ ողջ մարզում ունեցած ընդամենը չորս տեսուչներով: Քաղաքի առանց այն էլ սակավ կանաչ տարածքների հետ կապված խնդիրներում թերեւս անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների եւ տեղական իշխանության սերտ ու առավել ակտիվ համագործակցությունը, ամեն մի նման դեպքում նաեւ հասարակության ակտիվ արձագանքը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4