Երեւանում նախատեսվում է ավելացնել 100 հա-ով
Այս տարի Երեւանի քաղաքապետարանը ծրագրում է մայրաքաղաքի կանաչ տարածքներն ավելացնել 100 հա-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այդ 100 հա-ի մեծ մասըՙ 60 հա նախատեսվում է կանաչապատել Շենգավիթ համայնքում (ՋԷԿ-ի շրջակայքում), 30 հա-ըՙ Նուբարաշեն համայնքում (աղբավայրի շրջակայքում), իսկ մնացած 10 հաՙ մյուս համայնքներում: Նախատեսվում է ընդհանուր առմամբ տնկել 120 հազար ծառ եւ 40 հազար թուփ, ըստ վարչության պետիՙ Երեւանում 1 շնչին ընկնող կանաչ տարածքը կկազմի 7,5 քմ:
Ավետ Մարտիրոսյանն, անդրադառնալով ոչ վաղ անցյալին, հիշեցրեց, որ 90-ականներին կանաչ տարածքները Երեւանում էապես վերացվեցին: Դրանց վերականգնման առավել ինտենսիվ միջոցառումներ են կիրառվել 2003-ից: Ներկայումս Երեւանում կանաչ տարածքները կազմում են 6730 հա, որից ընդհանուր օգտագործմանը միայն 772 հա-ն է:
Այս տարի նախատեսվում է ավարտել Երեւանի հողերի ծանր մետաղներով աղտոտվածության քարտեզը, որից հետո կորոշվի, թե ինչ բուսատեսակներով այդ վայրերում կանաչապատում իրականացնել եւ որ բուսատեսակներն են ավելի լավ հողից հանում այդ աղտոտվածությունը:
Ծառահատումների թեմային անդրադառնալով, Ավետ Մարտիրոսյանը արդարացավ, որ իր ղեկավարած վարչությունը եւ քաղաքապետարանն ընդհանրապես իրավասու չեն նման դեպքերում տուգանելու կամ պատժելու: Քաղաքապետարանն, ըստ նրա, իրավասու է միայն արձանագրելու ծառահատումը եւ նյութերն ուղարկելու բնապահպանության նախարարության տեսչություն: Անցած տարի արձանագրվել է այդպիսի 27 դեպք: Մալաթիա-Սեբաստիա համայնքում Վահան Զատիկյանի անվան զբոսայգում մի քանի ամիս առաջվա զանգվածային ծառահատումներին անդրադառնալով, քաղաքապետարանի վարչության պետը հայտնեց, որ բոլոր կտրված ծառերի փոխարեն նորերն են տնկվել:
Մայրաքաղաքի բնապահպանական վիճակի համար կարեւոր ծրագրերից է լինելու Նուբարաշենի աղբավայրից մեթան գազ օգտահանելու եւ էլեկտրաէներգիա ստանալու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի եւ ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի ծրագիրը: Այն կյանքի կոչելու դեպքում 16 տարվա ընթացքում այդ աղբավայրի թափոնները կվերամշակվեն եւ կստացվի էլեկտրաէներգիա: Սակայն, ըստ Ավետ Մարտիրոսյանի, կողմերի կնքած պայմանագրերն ունեն թերություններ, որոնց վերացումից հետո հնարավոր է նաեւ, որ այս տարի այդ աշխատանքները սկսվեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ