Պրոբլեմը դրական հերոսին վերագտնելն է...
Կարծում եմ, անգամ ուշացած եւ հրամայական է դարձել հեռուստատեսային քաոսային թեմաների մեջ բացել «մշակույթ» հեռուստաալիք:
Հրամայական է դարձել մեր սերունդների դաստիարակության հարցը:
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ, կինոռեժիսոր
Կարդացի «Ազգ» օրաթերթի մարտի 14-ի համարում երկխոսության ակնկալիքով հրապարակված «Պղտոր ջուրՙ կապույտ էկրանից» Ռոբերտ Մաթոսյանի հոդվածը, որտեղ իրավացիորեն հարց է բարձրացվում ՀՀ-ում ստեղծել գեղեցիկը, արվեստը, մշակույթը պրոպագանդող առանձին հեռուստաալիք: Առաջարկությունը ոչ միայն արդիական է, այլեւ ուշացած: Այն պետք է ստեղծված լիներ 10 տարի առաջ: Նորաստեղծ հեռուստաալիքով մշտապես կներկայացվի մեր մշակութային անբավ հարստությունը, նաեւ թե ինչպիսի արժեքներ ու գործեր է տվել հայ ժողովուրդը համաշխարհային քաղաքակրթությանը: Կստեղծվի մի ալիք, որն արվեստի գործիչները կհամարեն իրենց «տունը», կխոսեն մեր կինոյի, գրականության, քանդակագործության, երաժշտության, կերպարվեստի եւ բազմաթիվ այլ բնագավառների մասին:
Սկզբնական շրջանում այն կարող է մեծ վարկանիշ չունենալ, սակայն աստիճանաբար կգտնի իր ունկնդրին եւ կկազմի մեր առօրյայի անբաժան մասը: Այսօր շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր երեխաներին դաստիարակենք հայեցի, սակայն ոչ այդ բառի նեղ իմաստով: Ցավով ուզում եմ նշել, որ մեր հանրային հեռուստատեսության առաջին ալիքը (նրանից ավելի շատ պահանջելու իրավունք ունենք) երեկոյան 21.30-ից մինչեւ կեսգիշեր հիմնականում ցուցադրում է ամերիկյան կամ այլ երկրների «բոեւիկներ», էժանագին դետեկտիվներ, սպանություններ, երիտասարդությանը քայլ առ քայլ սադիզմին վարժեցնելու ու ընդօրինակելու աղբ (ֆիլմեր բառը չեմ ուզում գործածել): Արդյունքում ինչ կարող էինք ակնկալել, որ տվեցինք այն մութ տարիներին հազիվ գոյությունը պահպանած սերնդին: Արդյունքն ու փաստերը միայն վերջերս դարձան նկատելի ու աղաղակող: Հարց է ծագում, այդ ինչպիսի՞ քաղաքականություն են վարում Հանրային հեռուստաալիքի ղեկավարությունը: Օրվա հերոսը (ֆիլմի գերակշռող մասում) դարձել է բանդիտը, գողը, ավազակը, սադիստը, այլասեռվածը:
Ինչ ենք քարոզում այդ ահռելի լսարանից: Ում ձեռքերով է փոխվում ժամանակի դրական հերոսի տեսակը: Եվս մեկ նկատառումՙ հոդվածագիրը ստեղծվող հեռուստաալիքն անվանում է «Գեղարվեստ» կամ «Մշակույթ»: Կարծում եմ, իրավացի կլինենք, եթե վերականգնենք Գրիգոր Արծրունու հրատարակած «Մշակի» անվանումը, որը կարող էր դառնալ հետաքրքրական էկրանային տարբերակ:
ՏԱՐԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Քանդակագործ