Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնած Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթի նպատակն է երիտասարդ դաշնակահարների շրջանում զարգացնելու նվագակցության արվեստն ու ապագայում ունենալ փորձառու կոնցերտմայստերներ: Այսօրինակ մրցույթներն ու միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացնում հատկապես սկսնակ ուսանողների շրջանում: Փառատոներին մասնակցելն ավելի շատ նմանվում է փորձի, հատուկ դասընթացիՙ ապագայում ավելի մեծ բեմերում ու մրցույթներում վստահ ու անկաշկանդ ելույթ ունենալու համար:
Մարտի 15-ին կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի համերգասրահում տեղի ունեցավ մրցույթի բացման արարողությունը: Բացման խոսքում ժյուրիի նախագահ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իգոր Յավրյանն ասաց. «Դժվար է ներկայացնել այն գործունեությունը, որը ներդրել է Հեղինե Տեր-Ղեւոնդյանը կոնցերտմայստերների դպրոցի ստեղծման ու զարգացման գործում: Գեղեցիկ նախաձեռնություն է: Հուսով եմ, որ մրցույթը կդառնա շարունակական: Կարծում եմ, ավելորդ է խոսել այսպիսի մրցույթների օգտակարության եւ անհրաժեշտության մասին: Առաջին միջոցառումն է, որ հովանավորում են մշակույթի եւ կրթության գիտության նախարարությունները համատեղ: Շաբաթը տոնական է լինելու: Կարծում եմ, այս միջոցառումը կնպաստի նվագակցության արվեստի զարգացմանը»:
Մասնակիցների համերգային ելույթների հերթականությունը որոշելու համար անցկացվեց վիճակահանություն: Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջինը կմեկնարկի մարտի 17-ին, երկրորդըՙ մարտի 19-ին: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կկատարեն երեքական ստեղծագործություն: Ութ հոգանոց ժյուրիի կազմը խոստանում է լինել անաչառ եւ ըստ արժանվույն գնահատել 25 մասնակցի ելույթները: Լավագույն եռյակը կարժանանա դրամական պարգեւի եւ դափնեկրի դիպլոմի: Մարտի 21-ին տեղի կունենա գալա համերգն ու մրցանակների հանձնման արարողությունը:
Վիճակահանությունից հետո կոնսերվատորիայի դասախոսները ներկայացրին հատվածներ Շչեդրինի, Ռախմանինովի ստեղծագործություններից, կատարեցին հատվածներ «Դոն Կառլոս» եւ «Կարմեն» օպերաներից:
Համերգի վերջում «Ազգի» հետ առանձնազրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանն ասաց. «Կոնցերտմայստերը երաժշտության ասպարեզում շատ կարեւոր մասնագիտություն է: Ողջունելի է այս մրցույթի իրականացումը եւ շատ անհրաժեշտ է զարգացնել այդ ուղղությունը: Հայտագրվել է 25 մասնակից: Կարծում եմ, առաջին մրցույթի համար լավ թիվ է: Հույս ունեմ, որ հետաքրքրությունը մեծ կլինի, մեծ քանակով մասնակիցներ կունենանք եւ հետագայում դափնեկիրները գուցեեւ դառնան լավ կոնցերտմայստերներ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ