Դեռ հունվարին «Ազգը» բացեց «Անվանակոչության օր» խորագիրը: Նպատակն էր անվանակոչության բարի ու գեղեցիկ ավանդույթը վերականգնել մեր հասարակության մեջ եւ այդ տոնի հետեւորդներին օգնել գտնելու իրենց համար կարեւորագույն օրը` անվանակոչության օրը:
Փետրվարի խառնակ օրերը անվանակոչության մասին մտածելու սիրտ ու ժամանակ չտվեցին եւ հետաձգեցին խորագրի հրապարակումը: Բացթողումը լրացնում ենք մարտին, չմոռանալով հետին թվով հիշատակել փետրվարի անվանակոչության օրերը, մաղթելով միայն, որ այլեւս առիթ չունենանք լավ ու գեղեցիկ թեմաները հետաձգելու:
Ինչպես նախորդ անվանացանկը, այնպես էլ փետրվար, մարտ ամիսների անվանակոչության ցանկերը կազմելու համար մեզ իր սիրահոժար օգնությունն է բերում Արարատյան հայրապետական թեմի քրիստոնեական դաստիարակության գրասենյակի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ փետրվար, մարտ, ապրիլ ամիսները հիմնականում համընկնում են մեծ պահքի շարժական շրջանին, որն այդքան էլ առատ տոնականությամբ չի ընթանում, բացառությամբ մի քանի կարեւորագույն տոների եւ, բնականաբար, նրանց համապատասխան անվանակոչության օրերի:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում քրիստոնեական ոգով եւ բարի ընթացքով օրինակելի Հասմիկ Նալբանդյանին, մյուս ամիսների անվանակոչության օրերի ցանկը ճշտելու առիթով եւս հանդիպելու ակնկալիքով:
Փետրվար
9 - Թեոդորոս, Աստվածատուր, Ասատուր
13 - Սիմեոն, Աննա
23 - Հովհաննես, Գրիգոր, Տաթեւ, Տաթեւիկ
Մարտ
8 - Գրիգոր
9 - Գալուստ
15 - Ղազարոս
21 - Խաչատուր
23 - Հարություն
29 - Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ
Հիշեցնենք, որ անվանակոչության օրերի մասին եկեղեցին պաշտոնական որոշում չունի, եւ այն տղաները, ովքեր կրում են ոչ աստվածաշնչային, ոչ սրբերի կամ օտարամուտ անուններ, կարող են իրենց անվանակոչության օր համարել Սբ. Վարդանի եւ նրա 1036 զինվորների հիշատակի օրը, իսկ նմանատիպ անուններով աղջիկները անվանակոչության օր կարող են համարել Հռիփսիմյանց 40 կույսերի տոնը: «Անվանակոչության օրերին ուշադրություն հրավիրելը կարեւոր է, քանի որ մտածելու առիթ է, որ ամեն մեկը երեխայի անձնանուն ընտրի օրվա քրիստոնեական հավատքի խորհրդին համապատասխան», գտնում է Հասմիկ Նալբանդյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ