Հայտարարել է 88-ամյա գերմանացի օդաչուն
Ըստ գերմանական Handelsblatt թերթի, ռազմական օդաչու Հորստ Ռիպերտը նախորդ օրը խոստովանել է, որ 1944 թվականի հուլիսի 31-ին Տուլոն քաղաքից քիչ հեռու նկատել է ֆրանսիական մի ինքնաթիռ ու կրակել վրան: Հետո իմացել է, որ այդ ինքնաթիռում է եղել Անտուան Սենտ Էքզյուպերին: «Եթե իմանայի, որ նա այնտեղ է, երբեք չէի ոչնչացնի այդ ինքնաթիռը», ասել է Ռիպերտը, ավելացնելով, որ ինքն ավելի ուշ է իմացել, որ սպանել է իր սիրած գրողներից մեկին: Ինչպես հայտնի է, աշխարհում սիրված գրքերից մեկի` «Փոքրիկ իշխանի» հեղինակը, որը նաեւ ռազմական օդաչու էր, համարվում էր անհետ կորած 1944 թվականի ամռանից ի վեր, հետախուզական հանձնարարություն կատարելուց հետո: Նրա մահվան իրական հանգամանքները բացահայտել են «Անտուան Սենտ-Էքզյուպերի, վերջին գաղտնիքը» գրքի հեղինակներ Լյուկ Վանրելուն եւ Լինո վոն Գարցենը: Գիրքը լույս կտեսնի մարտի 20-ին, Ֆրանսիայում:
Ռ. Պ.