Ֆրանսիայի Նիցա քաղաքում մեկնարկել է շախմատի ավանդական «Ամբեր» մրցաշարը, որը սովորաբար անցկացվում էր Մոնակոյում: Այս տարի մրցաշարն անցկացվում է 17-րդ անգամ: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 216 հազար եվրո է:
Մրցաշարն անցկացվում է յուրօրինակ մրցակարգով: Յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ երկու պարտիա են անցկացնում: Դրանցից մեկում նրանք խաղում են առանց խաղատախտակին նայելու, իսկ մյուսն անցկացվում է արագ շախմատի կանոններով:
Լեւոն Արոնյանը բավական հաջող է մեկնարկել: Առաջին տուրում նրա մրցակիցը հոլանդացի գրոսմայստեր Լյուկ վան Վելին էր: «Կույր» շախմատի պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակներով: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա արագ շախմատի պարտիայում, չնայած սեւ խաղաքարերին, Արոնյանը կարողացավ իրացնել առավելությունը եւ հաղթեց: Նույն սցենարով անցավ նաեւ 2-րդ տուրի մրցավեճը ուկրաինացի երիտասարդ գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Միայն մեկ տարբերությամբ` «կույր» շախմատում էր Արոնյանը խաղում սեւերով: Ընդհանրապես հայ գրոսմայստերը շատ լավ է խաղում արագ շախմատում եւ այս անգամ էլ հասավ հաղթանակի:
Այսպիսով, 2 տուրից հետո Լեւոն Արոնյանը Վիշվանաթան Անանդի ու Վասիլի Իվանչուկի հետ 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Անանդն առաջին տուրում հանդիպում էր Վլադիմիր Կրամնիկի հետ: «Կույր» շախմատի պարտիայում մինչեւ 15-րդ քայլը նրանք կրկնեցին Մեքսիկայում աշխարհի առաջնության ժամանակ խաղացած մրցախաղի քայլերը եւ 23-րդ քայլին հաշտություն կնքեցին: Իսկ ահա արագ շախմատում, որտեղ Անանդն իրեն գերազանց է դրսեւորում, հնդիկ գրոսմայստերը առավելության հասավ: Մատի սպառնալիքի տակ Կրամնիկը ստիպված էր 43-րդ քայլին հանձնվել:
Ճիշտ նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ 2-րդ տուրում Անանդի եւ Մամեդյարովի մրցախաղում: Այսպիսով, արագ շախմատի մրցաշարում Անանդը 2 միավորով հավասարվեց Արոնյանին:
Մեծ հետաքրքրություն էր առաջացրել Մագնուս Կառլսենի եւ Վասիլի Իվանչուկի մրցախաղը: «Կույր» շախմատում հաջողությունն ուղեկցեց Իվանչուկին, իսկ արագում գրանցվեց ոչ-ոքի: 2-րդ տուրում Իվանչուկը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Գելֆանդին: Այս անգամ ուկրաինացի գրոսմայստերը հաղթեց արագ շախմատի պարտիայում:
«Կույր» շախմատի պարտիաներում առայժմ լավագույն արդյունքի են հասել Ալեքսանդր Մորոզեւիչը, Վասիլի Իվանչուկն ու Սերգեյ Կարյակինը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր: Իսկ ընդհանուր հաշվարկով երեք առաջատարներից կեսական միավորով հետ են մնում Վեսելին Թոփալովն ու Մագնուս Կառլսենը:
Մրցաշարում գրանցվել են նաեւ հետեւյալ արդյունքները. Մամեդյարով-Մորոզեւիչ` 1-1, Թոփալով-Լեկո` 1,5-0,5, Գելֆանդ-Կարյակին` 0,5-1,5, Վան Վելի-Կառլսեն` 0-2, Կրամնիկ-Լեկո` 1,5-0,5, Մորոզեւիչ-Թոփալով` 1-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ