Արման Մելիքյանը երկխոսություն է առաջ քաշում
Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը զուգահեռներ անցկացրեց Ղարաբաղի եւ Կոսովոյի անկախության ճանաչման միջեւ: Ըստ Մելիքյանի` Կոսովոյի անկախության ճանաչումը ինքնավար մարզի կարգավիճակում է գտնվում. «Խոշոր պետությունների կողմից ճանաչվեց Կոսովոյի անկախությունը` ելնելով քաղաքական շահերից: Կա միջազգային խոշոր շահերի տարբեր ընկալում: Անգամ մեկ ձայնի տարբերությամբ ընդունված ՄԱԿ-ի որոշումը պաշտոնական փաստաթուղթ է: Եվ այդ փաստաթղթի առկայության վրա որեւէ մեկը աչք չպետք է փակի: Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է սկսեն բանակցություններ Ղարաբաղի խնդրի շուրջը: Ես չեմ ընկալում ՀՀ նախագահի վախեցնելու կոչերը` ուղղված Ադրբեջանին, որ ասում է. «Եթե վատ պահեք, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կճանաչենք»: Եթե ճանաչելու է, պետք է գործընթաց սկսել, այլ ոչ թե նախապայմաններ դնել: Այս գործընթացը ոչ մի կերպ չի խանգարում Մինսկի խմբի բանակցային գործընթացներին: Վերջին հաշվով Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի շրջանակներում մարտավարություն եւ ռազմավարություն է մշակում` այլ ատյաններում հակաքարոզչություն վարելու ղարաբաղյան հարցում: Եվ ժամանակն է սթափ ազդելու այդ իրավիճակի վրա»:
«Ինձ մտահոգեց վարչապետ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, որ չի պատրաստվում մոտ ապագայում զբաղվել Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդրով: Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդրով հարկավոր է զբաղվել մոտ ապագայում, եւ ցավալի է, որ ականավոր քաղաքական գործիչը այդ ճանապարհը փակում է», ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, եւ մասնավորապես քառակողմ ստորագրված կոալիցիոն համակարգի հետագա գործընթացին, նշեց. «Բովանդակությունը մնում է նույնը. այսինքն` 10 տարի շարունակ այդ քաղաքական ուժերն են եղել երկրի քաղաքական ղեկին: Չեմ կարող ասել, որ արդյունքները գոհացուցիչ են: Ուստի, այս տեսանկյունից ելքը չեմ տեսնում քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու մեջ: Խնդիրը ճգնաժամից դուրս գալն է. եթե չկա ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհը, եթե չկա հասարակության մեջ հաշտեցման ճանապարհը` կոալիցիաները անպտուղ են: Ավելին, այս կարգի կոալիցիաները կարող են առաջացնել լրացուցիչ բռնաճնշումներ»:
«Այսօր ես իմ անվտանգությունն ապահով չեմ տեսնում: Հատկապես այն բանից հետո, երբ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արթուր Բաղդասարյանը», ասաց քաղաքագետն ու մեկնաբանեց. «Գուցե Գեղամյանը լիներ` կլիներ ավելի անվտանգ: Մարտի մեկին օպերայի շուրջը հավաքվածներին ցրելուց հետո հայտարարություն տարածեցի` դատապարտելով ուժի կիրառումը: Ասելով, որ պարոն Բաղդասարյանի կոալիցիայի կամ իշխանության հետ համաձայնագիր ստորագրելու այս գործողությունը ժամանակավրեպ է: Սա իմ վերլուծությունն է: Գտնում եմ, որ այդ թվաբանական գործողությունը, որի արդյունքում 70 տոկոս ունեցավ իշխանությունը, այն ձգանն էր, որը սկիզբ դրեց բռնություններին: Քաղաքական գործիչը մի քայլ արեց, որը քաղաքական առումով նպատակահարմար էր, բայց դրա հետեւանքները հաշվարկված չէին: Սա իմ տպավորությունն է: Ես իմ համոզմունքը ունենալու իրավունք ունեմ...
Մենք պետք է ծավալենք իրական բովանդակալից երկխոսություն տարբեր քաղաքական ուժերի միջեւ, որովհետեւ բազմաթիվ քաղաքական գործարքներում ժողովրդի շահն իսպառ բացառվում է: Երկխոսության առաջարկով ես ցանկացա վերջիններիս` Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին դիմել: Ալիկ Արզումանյանը ինձ ասաց, որ Տեր-Պետրոսյանը առանձնապես հանդիպում է այն ուժերի հետ, որոնք ստորագրել են վերջինիս սատարելու որեւէ հայտարարություն: Վարչապետի ընդունարանից որեւէ պատասխան չեղավ; Սա նշանակում է, որ կողմերից եւ ոչ մեկը այս երկխոսության մեջ շահագրգռված չի եղել: Եվ այս առումով երկու կողմերի զոհ դարձավ արդարություն ուզող ժողովուրդը; Եթե գործը գնա այս ուղղությամբ, ներքաղաքական ճգնաժամը լուծում չի ստանա: Եթե չլինի այդ երկխոսությունը, ապա ոչ մեկը թող չզարմանա, որ վաղը Երեւանում կարող են լինել պայթյուններ, քաղաքական սպանություններ», ասաց բանախոսը եւ հավելեց. «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ստել: Բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը իրավունք չունի ստելու: Սուտն ու կեղծիքը պետք է քաղաքական զինանոցից վերացվեն: Եթե քաղաքական գործիչը չի կարողանում իր շուրջը հավաքել մարդկանց` փաստերի, իրողությունների միջոցով, ուրեմն պետք է հեռանա ասպարեզից»:
Վերջում Արման Մելիքյանն ասաց, որ ինքն ամբողջ քաղաքական գործընթացի գնահատականը կտա ապրիլի 6-7-ին. «Ես շատ բարդ հարցեր ունեմ ինձ համար, որոնց պատասխանը պիտի ստանամ»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ