Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է զենք վաճառել Սերբիայից անջատված Կոսովոյին: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կոսովոյին զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը «հակասում է միջազգային իրավունքին եւ թուլացնում տարածաշրջանի կայունությունը»:
Ի դեպ, Ջորջ Բուշն իր որոշումն արդարացնելու համար ավելի վաղ այն պնդումն էր արել, թե Կոսովոյին զենք վաճառելը «կամրապնդի Միացյալ Նահանգների անվտանգությունը եւ կնպաստի ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը»:
Ի պատասխանՙ Լավրովն ասել է. «Չէի ուզենա մտածել, թե այդ մատակարարումների նպատակն է սերբերին եւ ազգային մյուս փոքրամասնություններին ուժով ստիպել մնալու ինքնահռչակ կազմավորման շրջանակներում: Չեմ կարծում, թե դա կուժեղացնի տարածաշրջանի կայունությունը, ավելի շուտ հակառակն է»:
Լավրովն այս հայտարարությունն արել է մամլո ասուլիսում, Իսրայել կատարած իր պաշտոնական այցի ընթացքում:
ՌԴ արտգործնախարարը Կոսովոյի իրադրության կարգավորման միակ հիմքը համարում է ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1244 բանաձեւը, որը թույլ չի տալիս այդ երկրամասում բանակ ստեղծել եւ զենք մատակարարել, բացառությամբ միջազգային ուժերի:
Ի տարբերություն Կոսովոյի անկախությունը մերժող Ռուսաստանի, ԱՄՆ-ը պնդում է, թե երկրամասին զենք մատակարարելը չի խախտում ՄԱԿ-ի բանաձեւը: Սպիտակ տունը նշում է, որ Կոսովոյին թույլատրված է ունենալ 2500 հոգանոց զինված ուժեր, որոնք կարող են գործել ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ: