«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2008-03-20 | #54, 2008-03-21 | #55, 2008-03-22


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ

Խորհրդարանի ավանդական ճեպազրույցներին երեկ ներկայացան բոլոր 5 խմբակցությունները եւ կարեւորեցին քաղաքական կոալիցիայի քառակողմ համաձայնագիրը, բացառություն կազմեց «Ժառանգությունը», որի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նախ շնորհավորեց արտակարգ իրավիճակի ավարտը, ապա ընդգծեց, որ երկրի կայունության ու անվտանգության իրական երաշխիքը ազատության սահմանափակումը չէ, այլ ճիշտ հակառակըՙ ազատությունների ապահովումը:

Ադրբեջանի գործնական քայլերը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը դադարեցնելու առնչությամբ «Ժառանգությունն» ի դեմս Ստեփան Սաֆարյանի, համարեց պատասխան ՀՀ ԱԳՆ ներքաղաքական խնդիրներով զբաղվելուն եւ հետագայի համար կարեւորեց արտաքին քաղաքականությունում նախաձեռնողի դիրքից հանդես գալը. «Ադրբեջանի ջանքերը նոր չեն: Չպետք է սպասել եւ լինել պատասխանողի դերումՙ հարկավոր է նախաձեռնող լինել»:

Վերջին մտքին «Օրինաց երկիր» կուսակցության ԱԺ խմբակցությունն էլ համակարծիք էր, եւ Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ այդ եւ արտաքին քաղաքականության այլ հարցերի առնչությամբ կուսակցությունն օրերս հանդես կգա նախաձեռնությամբ, իսկ ղեկավարնՙ ասուլիսով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, նկատի առնելով ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ ՄԽ առնչությամբ Ադրբեջանի գործունեությունը, մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունում նախաձեռնող լինելու սկզբունքի ամրագրումը կարեւորեց եւ շեշտեց, որ հարկ է աշխատել ոչ միայն ՄԱԿ-ի անդամ երկրների հետ, այլեւ դրսեւորել ավելի լայն ընդգրկում եւ չանտեսել նաեւ իսլամական երկրների հետ աշխատանքը: ԲՀԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչներն էլ առանձնապես չտարբերվեցին նույն առնչությամբ իրենց գնահատականներում:

ԱՄՆ-ում Բուշի դեմ խաղաղ ցուցարարների ձերբակալման փաստն էլ, Ստեփան Սաֆարյանի կարծիքով, սխալ է դիտարկել որպես Միացյալ Նահանգների ոչ ժողովրդավար լինելու ապացույց: Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ հարկավոր է զանազանել հասցեական ու մասսայական ձերբակալությունները եւ Հայաստանում եղածը գնահատեց մասսայական. «Երբ «Ժառանգություն» խմբակցությունը խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասինՙ նա խնդիր չունի այս երկիրը տապալելու: Ցավոք, ԶԼՄ-ներում այդ մեղեդին են հնչեցնում: Մինչդեռ միակ ընդդիմադիր խմբակցությունը փրկում է պառլամենտի եւ երկրի դեմքը»: ԱՄՆ-ում 200-ից ավելի ցուցարարների ձերբակալության առնչությամբ ՕԵԿ-ը գնահատական տալուց զերծ մնաց` դա ԱՄՆ դատական մարմինների գործը համարելով: ՀՅԴ տեսանկյունիցՙ անկախ մեր երկրի չափ ու դիրքից, եթե որդեգրել ենք ժողովրդավարական սկզբունքներ, իրավունք ունենք նաեւ կարեւորելու դրանք այլ երկրներում:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք հայտնեց, որ իրեն ժողովրդավարության արտահանող համարող Միացյալ Նահանգները հարկ է ժողովրդավարական մոտեցում դրսեւորի իր երկրում նույնպես:

Իսկ թե «ում հրամանով է կրակ արձակվել մարտի մեկին» հարցի պատասխանը իմանալու համար խորհրդարանականներըՙ բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության, սպասում են իրավապահների պարզաբանումներին եւ պնդում, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածի առնչությամբ յուրաքանչյուր քրեական գործ հստակ մեղադրական պետք է ունենա եւ զերծ լինի քաղաքական հաշվեհարդարից:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4